Մեկնաբանություն

30.11.2015 00:05


Տիգրան Սարգսյանի «գորշ» անցյալը և անորոշ ապագան (լուսանկարներ)

Տիգրան Սարգսյանի «գորշ» անցյալը և անորոշ ապագան (լուսանկարներ)

Ռուսական ռմբակոծիչի կործանումն ու ռուս օդաչուի սպանությունը կարող են ուղղակիորեն հարվածել տխրահռչակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարիերային, ինչպես նաև լրջորեն անդրադառնալ Երևանի ու Կրեմլի ոչ այնքան հարթ հարաբերությունների վրա։

Ինչպես հայտնի է, Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ինքնաթիռը խփվել է թուրքական կործանիչի կողմից։ Ռուս օդաչուները հասցրել էին դուրս թռչել ինքնաթիռից և անկարգելներով իջնել։ Ներքևից, սակայն, նրանց վրա կրակել են Սիրիայի այդ հատվածում ահաբեկչական գործունեություն ծավալող թուրք–ազգայնականները՝ «Գորշ գայլեր» կազմակերպությունից։ Սպանվել է երկու օդաչուներից մեկը՝ հրամանատարը։ Սպանվել է նաև օդաչուներին օգնության հասած մեկ այլ ռուս զինծառայող։

Ռուս–թուրքական հարաբերություններն այդ միջադեպի պատճառով ծայրահեղ լարված են։ Չի բացառվում ուղղակի ռազմական բախումը։ ՌԴ–ն արդեն իսկ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ։ Թուրքերը տանկեր են մոտեցրել Սիրիայի հետ սահմանին։ Ռուսները սպառնում են С–400–ով ոչնչացնել սիրիական օդում երևացող ցանկացած թուրքական թռչող օբյեկտ։

Ինչ վերաբերում է հայատյացությամբ աչքի ընկող «Գորշ գայլերին», ապա ՌԴ–ում դրանց ոչնչացնելու խնդիր է դրվել, քանզի այդ կառույցի ներկայացուցիչները նախնադարյան ժամանակների վայրենիների պես պարում էին սպանված օդաչուի մարմնի մոտ և անարգում դիակը։

Հիմա հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ կապ ունի այս ամենը օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Տիգրան Սարգսյանի հետ։ Ունի, այն էլ ինչպես ունի։

ՀՀ նախկին վարչապետը վերջերս նշանակվել է Եվրասիական տնտեսական միության գործադիր քարտուղար։ Նրան այդ պաշտոնում առաջարկել է ՀՀԿ ղեկավարը, քանզի այդ տեղի համար թեկնածու առաջադրելու հերթը Հայաստանինն էր։

Գաղտնիք չէ, որ Բ26–ում շատ լավ կարծիքի են ՀՀ տնտեսության հերն անիծած Տ. Սարգսյանի մասին։ Դա է պատճառը, որ հենց նրա թեկնածությունն է առաջարկվել։ Եվ դա այն դեպքում, երբ Տիգրանը մինչև սեպտեմբերի 3–ի «գիշերային» որոշումը ԵՄ հետ ասոցացման երդվյալ կողմնակից էր և հիմնավորումներ էր ներկայացնում, թե ինչու չի կարող ՀՀ–ն միանալ ՌԴ գլխավորած Մաքսային միությանը և ԵՏՄ–ին։

Ինչևէ։ Տիգրանն առաջիկայում պետք է ԵՏՄ–ում բարձր պաշտոն զբաղեցնի։ Բայց խնդիրն այն է, որ նա լավ հարաբերություններ ունի թուրքական «Գորշ գայլերի» հետ (համենայնդեպս, ՀՀ վարչապետ եղած ժամանակ նա ընդունել է «Գորշ գայլերի» ներկայացուցիչ Հասան Օքթային ու լուսանկարվել նրա հետ)։

«Գորշ գայլերը», կրկնենք, ՌԴ–ում թշնամական կառույց է հայտարարված, և այդ կառույցին ռուսները «մաչիտ են անում» ու անելու։ Ինչպե՞ս է, հետևաբար, Տիգրան Սարգսյանն աշխատելու Մոսկվայում։ Չէ՞ որ նա «Գորշ գայլերի» հետ յոլդաշություն ու քարդաշություն է արել կամ անում։ Տիգրանի նշանակումը կարող է հարցեր առաջացնել հայ–ռուսական հարաբերություններում։

Եթե Տիգրանը հիմա հայտարարի, որ չի իմացել, թե ում հետ է հանդիպում, և ընդհանրապես տեղյակ չի եղել, թե ովքեր են «Գորշ գայլերը», ապա դա ծիծաղելի կդարձնի նրան։ Կստացվի, որ Տիգրանն ում ասես՝ կարող է հանդիպել, այդ թվում՝ «Իսլամական պետության» ներկայացուցիչներին։

Իսկ եթե պարզվի, որ Տիգրան Սարգսյանն իմացել է, թե ում է հանդիպում, ապա դա լրիվ այլ խոսակցություն է դառնում։

Ամեն դեպքում, նկատենք, որ Տիգրան Սարգսյանի նշանակումը եթե ոչ անմիջապես, ապա շատ չանցած՝ հարցեր է առաջացնելու Մոսկվայում և Երևանում։

«Գորշ գայլերի» հետ քիրվայական կապեր ունեցող Տիգրանը հերթական անգամ է հայտնվում սկանդալային պատմության մեջ։ Այս անգամ նմանատիպ պատմության մեջ նրա հետ կարող է հայտնվել նաև պաշտոնական Երևանը։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Երևանյան այցի ժամանակ «Գորշ գայլերը» ներկայացնող թուրք–ազգայնականը հանդիպել ու հաջողացրել է նկարվել թուրքամետությամբ աչքի ընկնող ամերիկահպատակ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի, հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտը ներկայացնող դեմքերի (բոլորն, ի դեպ, իշխանամետ հատվածն են ներկայացնում) և անգամ կաթողիկոսի հետ։ Դա նույնն է, թե ֆաշիստական հայացքների տեր մարդուն Իսրայելում ընդունեին ամենաբարձր պետական ու հոգևոր դասի ներկայացուցիչների մակարդակով։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։

Այս խորագրի վերջին նյութերը