Մեկնաբանություն

26.11.2015 19:10


Լիսկայի որդին քանի՞ մարդու է դարձնելու վայրի կենդանիների կերակուր

Լիսկայի որդին քանի՞ մարդու է դարձնելու վայրի կենդանիների կերակուր

Վերջին երկու տարիների ընթացքում հայտնի է, թե ինչ «մարդակենտրոն» զարգացումներ տեղի ունեցան Սյունիքի մարզպետի եւ նրա հարազատների «հերոսական» արարքների արդյունքում:

Լիսկայի առանձնատան բակում մարդ սպանվեց և վիրավորվեց հայկական բանակի սպան: Այս փաստին ՀՅԴ-ն որեւէ կերպ չարձագանքեց: Այդ քրեական գործի առնչությամբ Լիսկայի որդուն` Տիգրան Խաչատրյանին մի քանի ամիս «պահեցին» մեկուսարանում եւ ազատ արձակեցին, իսկ դեպքից մեկ տարի անց` հորը` ՀՀԿ անդամ Սուրիկ Խաչատրյանին Սերժ Սարգսյանը վերանշանակեց իր պաշտոնում:

Այս փաստին ՀՅԴ-ն եւս չարձագանքեց: Տիգրան Խաչատրյանը, որն անցնում էր Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով, դարձյալ չպատժվեց. մի քիչ «նստեց» մեկուսարանում ու հայտնվեց ազատության մեջ: Այս փաստին նույնպես ՀՅԴ-ն չարձագանքեց:

Հատուկ եմ շեշտում ՀՅԴ-ի անունը, քանի որ այդ ուժն է սահմանադրական փոփոխությունների սկզբունքային պաշտպանն ու ջատագովը եւ այդ հարցում ի սկզբանե հանդես է եկել Սերժ Սարգսյանի սահմանադրակն նախաձեռնության ջերմեռանդ սատարողի դերում:

Դե, չարժե մանրամասնել այն ամենը, ինչի մասին խոսում ու քարոզում է ՀՅԴ վերնախավը:

Օրինակ, դաշնակցականները համոզված են, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգը անկախ է գործելու եւ այլն: Իսկ հիմա պարզվում է, որ Լիսկայի որդուն` կրկնահանցագործին, ՀՅԴ-ն գրկաբաց ընդունել է իր գիրկը. Տիգրան Խաչատրյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի օգնական։ Այդ փաստը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ ՊՈԱԿ-ի տնօրենը։ Այսինքն` ՀՅԴ-ն «մարդակենտրոն» Սահմանադրության մասին բարբառելուց պետք է անհապաղ հրաժարվի եւ խոսի միայն «լիսկայակենտրոն» Սահմանադրության մասին:

Սահմանադրական փոփոխությունների հարցում սատարելով ՀՀԿ ղեկավարին՝ ՀՅԴ-ն ահա այսպիսի օգնական է ընտրում իր համար: Կարելի է պատկերացնել, թե իշխանական լծակներ ստանալուց հետո ՀՅԴ-ն ինչպիսի կադրերով է համալրելու իրեն վստահված ոլորտները:

Կարելի է նաեւ պատկերացնել, թե «Հայանտառի» դաշնակցական տնօրենի նորընծա օգնականը քանի մարդու է դարձնելու վայրի կենդանիների կերակուր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը