Աշխարհ

25.11.2015 11:14


Օլանդ. «Թուրքիայի և Սիրիայի սահմանը պետք է փակվի»

Օլանդ. «Թուրքիայի և Սիրիայի սահմանը պետք է փակվի»

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ (որը հեռարձակում էր «CNBC»–ը) Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել Թուրքիայի և Սիրիայի սահմանը փակելու կոչով։ Այդ սահմանով է, ըստ Օլանդի, իրականանում տարբեր խմբավորումների ահաբեկիչների անվերահսկելի երթևեկությունը։

«Մենք պետք է ոչնչացնենք ԻԼԻՊ–ի ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք լինեն։ Մենք պետք է վերացնենք նրանց ֆինանսավորող աղբյուրները, գտնենք և վնասազերծենք նրանց առաջնորդներին, ոչնչացնենք այդ հանցավոր խմբավորման ենթակառուցվածքները։ Մենք պետք է ուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում։ Առաջնահերթություններից մեկն էլ Սիրիայում ԻԼԻՊ–ի զավթած կարևոր օբյեկտների գրոհումն է։ Բացի այդ, հարկավոր է փակել Թուրքիայի և Սիրիայի սահմանը՝ կանխելու ահաբեկիչների մուտքը Եվրոպա և այլ երկրներ»,–ասել է Օլանդը։

Օբաման էլ իր հերթին կոչ է արել թույլ չտալ Су-24–ի խոցումից հետո ՌԴ և Թուրքիայի միջև առաջացած հակամարտության էսկալացիան։

«Հուսով եմ՝ այս պահին բոլոր կողմերն էլ կարող են հետքայլ անել և կողմնորոշվել՝ ինչպես ավելի լավ պաշտպանել սեփական շահերը»,– Օբամայի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

Օբաման նաև շեշտել է՝ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր տարածքը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս նախատեսում է խոսել թուրք առաջնորդի հետ։

ՌԴ գործողությունները Սիրիայում Օբաման որակել է «խնդրահարույց»՝ հավելելով, որ Սիրիայում ՌԴ ռազմավարության փոփոխությունը հսկայական պոտենցյալ կստեղծի ԱՄՆ–ի հետ համագործակցության համար։

ՌԴ և Թուրքիայի հակամարտության էսկալացիայի անթույլատրելիության մասին է խոսել նաև Օլանդը։

«Չպետք է մոռանալ, որ մեր բոլորի՝ Ֆրանսիայի, Թուրքիայի և ՌԴ–ի թշնամին ԻԼԻՊ–ն է»,–ասել է Օլանդը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է միավորվի ԻՊ դեմ պայքարում.

«Մենք պետք է հարվածներ հասցնենք ամենուր, որտեղ ԻՊ–ն է, գրոհենք այն տարածքները, որոնք գտնվում են զինյալների վերահսկողության տակ»։

Օլանդը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Ֆրանսիան ցամաքային գործողություն չի ծրագրում Սիրիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը