Հարցազրույց

01.10.2010 15:52


Հարություն Առաքելյան

Հարություն Առաքելյան

Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ

Նաիրիտ» գործարանի չորս աշխատակիցներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին բաց նամակ էին ուղղել, սակայն գործարանի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը մամուլի հաղորդագրությամբ հակադարձել էր, թե 4 անձի կարծիքը չի կարող արտահայտել Նաիրիտի ողջ՝ 3-հազարանոց կոլեկտիվի դիրքորոշումը: Դուք մշտապես ահազանգում եք «Նաիրիտում» տիրող իրավիճակի մասին։ Ի՞նչ է կատարվում իրականում։

-Իմ տեղեկություններով՝ այսօր արդեն 4 հոգի չեն, 400-ից ավել մարդ է ստորագրել, և հետո, ինչքան էլ կապիկություն անի «Նաիրիտի» ղեկավարությունը, այսօրվա 300 մլն պարտքը խոսում է ընդհանրապես իրենց մարդկային կերպարի մասին, թե ինչպես թքած ունեն հազարավոր մարդկանց ճակատագրի վրա և կատարել են ինչ-ինչ ուժերի պատվերը՝ Հայաստանին զրկելով վերջին արտադրական հզորությունից, որն աշխարհում ունի նաև մոնոպոլ արտադրանք։  Փաստորեն նրանք այս պահի դրությամբ, կարելի է ասել, գործարանը տանում են կլինիկական մահվան, և այս ամենն իրականացվեց վարչապետի և՛ ղեկավարությամբ, և՛ նրա քավորությամբ։ Մնացածն ինչ որ ասեն, գրեն, այդ ամեն ինչը ճղճիմություն է։

-«Նաիրիտի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նաև նշված էր, թե Ձեր ղեկավարած «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ն մինչ այսօր էլ Նաիրիտին մոտ 6 600 000 ՀՀ դրամ է պարտք։ Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է։

-Իհարկե, չի համապատասխանում։ Հերթական կապիկությունն է, որովհետև իրենց հաղորդագրությունները եթե նայենք, մեկ տարի առաջ իմ հանդեպ իբր հետախուզում էր հայտարարվել, իբր ես պարտք եմ և այլն։ Տրամաբանությունը որտե՞ղ է։ Մեկ տարի առաջ իրենց ուզած վճիռը դատարանը կայացրել է, և կապիկություն է՝ մեկ տարի պահել դատարանի վճիռը և չվազել հարկադիր կատարում՝ այդ փողերը ստանալու։ Իմ գործունեությունը մեկ տարի բաց է եղել, տեղս բոլորը գիտեն, մերը հանրային գործունեություն է, և ամեն տարի կապիկի պես նույնը կրկնելով՝ ուղղակի նորից փորձում են վարկաբեկել։

-Այսինքն, այս ամենի նպատակը Ձեզ դատի տա՞լն է։ «Նաիրիտից» ասում են, թե Հարություն Առաքելյանի հետ քննարկելու միայն մեկ հարց ունեն, այն էլ՝ միայն դատական ատյաններում՝ իր պարտքը Նաիրիտին։

-Այդ դատը մեկ տարի առաջ է տեղի ունեցել, իսկ այդ կապիկը կրկնում է նույն բանը։ Մեկ տարի առաջ վճիռ է կայացվել, հիմա ասում է՝ քննարկելու մեկ բան ունենք։ Բա էդ մեկ տարի է՝ ինչո՞ւ չեք խոսում, ինչո՞ւ եք լցրել տակներդ։ Բա եկեք խոսանք, բա ինձ հրավիրեք դատարան։ Հետո, ի՞նչ է նշանակում՝ ես ասում եմ 300 մլն դոլար կերել եք, դուք ասում եք՝ 6 մլն դրամ է պարտք Առաքելյանը։ Ես նամակով դիմել եմ դատավորին, նա ասել է, որ՝ պարոն Առաքելյան, ձեր անունը չկա, դուք ո՛չ հետախուզության մեջ եք, ո՛չ էլ ձեզ վրա պատասխանատվություն կա։ Այնպես որ՝ կապիկ են, էլի։ Իրենք դատարան դիմելու կարիքը չունեն, որովհետև դատարանն իրենց ուզած վճիռը մեկ տարի առաջ կայացրել է, այսինքն՝ ճանաչել է, որ «Ջանկօգ-քիմ»-ը պարտք է, բայց թե «Ջանկօգ-քիմ»-ը ի՞նչ կապ ունի ինձ հետ, այ, դա չհասկացա։ Դատավորին ասում եմ՝ տվեք վճիռը, որ ես դատապաշտպան վարձեմ, դատավորն ասում է՝ վճիռը չեմ կարող տալ, որովհետև այդ «Ջանկօգ-քիմ»-ի հետ դուք ընդհանրապես կապ չունեք, ձեր անունը չկա։ Եվ նույնիսկ մեկ տարի է, դատարանը «Նաիրիտի» ցանկալի վճիռը կայացրել է, բայց դատական համակարգի պրակտիկայում առաջին անգամ հայցվորը ստանալով իր ուզած վճիռը՝ չի վազում հարկադիր կատարում։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Ւստ իս, սա խոսում է այն մասին, որ կեղծ հայց է ձևակերպված, գիտեն, որ իրենց արածը կապիկություն է, եթե ոչ՝ բաշիբոզուկին հարիր գործընթաց։ Ասում են, մի անգամ էլ գրենք, Առաքելյանին վարկաբեկենք։ Բա գնանք խոսենք, բա դա իմ երազանքն է։ Առաքելյանն էր իր հանձնախմբով ասում, որ առաջին օրվանից 70 մլն գողացաք, հետո դարձրեցիք 300 մլն դոլար, պայթացրեցիք գործարանը, չեք կարող կառավարել, դիլետանտ եք, մարդիկ սպանվեցին, փորձաքննություն չէր անցել, իրավունք չունեին գործարանն աշխատեցնել՝ մանավանդ այդ ցեխը։ Այնքան հարցաշարեր ենք ուղարկել, բայց իրենք մենակ թութակի պես՝ դատարան, դատարան։ Իմ երազանքն է իրենց հետ դատարան գնալը։

-Առավել ևս, որ ձեր երազանքն է, ու հիմա փաստորեն, նաև ձեր խոսքերով, ձեզ ակնհայտորեն զրպարտել են՝ կապելով  «Ջանկօգ-քիմ»-ի հետ ու ասելով, թե դուք պարտք եք, ինչպես նաև այդ հաղորդագրությունում անձնական վիրավորանքներ էլ կան՝ վայ-քաղաքական գործիչ և այլն։ Դուք ինքներդ չե՞ք պատրասվում զրպարտության, պատվի, արժանապատվությունը վիրավորելու համար դիմել դատարան։

-Ցույց տվեք այն դատարանը, որ հայց կընդունի վարչապետի դեմ։ Նրանք ինձ համար անարժան մարդիկ են, շատ ցածր են, ամեն արժող-չարժողի հետ դատվելն էլ մի քիչ ամոթ է։ Իմ դատը վարչապետի հետ է։ Այ, եթե ցույց տաք մի դատարան, որը կընդունի հայց վարչապետի դեմ, ես ոչ միայն իմ արժանապատվությունը կպահանջեմ, այլև շատ բաներ կներկայացնեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը