Լրահոս

23.11.2009 11:11


Արմեն Մարտիրոսյան. «Ալիևի հայտարարությանը վերաբերվում եմ որպես շանտաժի»

Արմեն Մարտիրոսյան. «Ալիևի հայտարարությանը վերաբերվում եմ որպես շանտաժի»

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց միջազգային ճնշման ներքո հայկական կողմը կարող է գնալ Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային պայմանագրի հարցը, որը հետագայում հիմք է հանդիսանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար փաստաթղթի ստորագրման համար։

Այն, որ հայկական կողմը տեղի է տալիս միջազգային ճնշումներին, Ա. Մարտիրոսյանի համար պարզ է դարձել նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացից։

 -Ընդ որում, մեր իշխանությունը չունենալով ներքին լեգիտիմություն, վստահություն՝ խոցելի է եղել, և ինքն է զիջող կողմը հանդիսացել այդ բանակցություններում,- «7օր»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը՝ ավելացնելով, որ նույն սցենարը, հնարավոր է, կրկնվի նաև ԼՂ-ի բանակցությանների պարագայում։

-Այն նախնական տեղեկությունները, որ կան (Մադրիդյան սկզբունքներ և այլն), հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմը զիջում է այն ամենը, ինչ ունի, և դրա դիմաց, կարծես թե, ոչինչ չի ստանում։

Ա. Մարտիրոսյանը, սակայն, կարծում է, որ շրջանակային պայմանագրի որոշակի կետերի վերաբերյալ կողմերն ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բայց դա փոխկապակցաված կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ.

-Չեմ կարծում, թե առանց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու՝ ղարաբաղյան գործընթացի հետ կապված ինչ-որ որոշում կայացվի։ Կարծում եմ՝ հայ-թուքրական արձանագրությունների հետ կապված գործընթացները կվերջանան, դրանից հետո կփորձեն հասարակությանը մի փոքր հանգստացնել, նոր կանցնեն ղարաբաղյան խնդրի շուրջ պայմանագրերին և դրանց կյանքի կոչելուն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած այն հայտարարությունն էլ, թե այս բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն են, Ա. Մարտիրոսյանը որակել է որպես շանտաժ.

-Ես իրական չեմ համարում դա, որովհետև այս պահի դրությամբ Ադրբեջանը ևս շատ լավ հասկանում է, որ ԼՂ-ի պաշտպանության բանակը կարող է կանխել ցանկացած ագրեսիա և արժանի հակահարված տալ։ Ուստի այս պահին չեմ կարծում, թե պատերազմի մասին կարելի է խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը