Մեկնաբանություն

18.11.2015 11:20


«Ռեալիթի»–կեղծապատման առանձնահատկությունները

«Ռեալիթի»–կեղծապատման առանձնահատկությունները

«Դու չէի՞ր, որ ասում էիր՝ Սերժից լավը չկա»,- Գյումրիում երեսին շպրտելու պես հարցրին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որը շարունակում էր ռեալիթի շոուի շրջանակում բարոյախրատական տոնայնությամբ խոսել, խոսել, խոսել:

Իսկ գյումրեցին ստիպված եղավ ընդհատել նրա դատարկաբանություններով աչքի ընկնող ելույթը եւ հիշեցնել խորհրդարանի ամբիոնից հնչեցրած նրա մուննաթային խոսքը, թե` ձեզանից ո՞ր մեկն է Սերժ Սարգսյանից լավը:

-Հա՛, էլի եմ ասում` նրանից լավը չկա,- ելույթն ընդհատելով` Եսայանը հակադարձեց իրեն հարց տվողին:

Եվ դարձյալ շարունակեց նույն լոլոները. «Բոլորս էլ փոփոխություններ ենք ուզում, ու դրա համար պետք ա ասել «այո»»:

Շոուին ներկա «ոչ»-ի կողմնակիցները, եթե իսկապես «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, կարող էին ուղղակի Մարգոյին ասել, թե՝ եթե Սերժից լավը չկա, էլ ի՞նչ փոփոխությունների մասին ես խոսում: Բայց դե, Բ26-ն իր ընտրած «ոչ»-ականներին հո չի՞ կցել իշխանավորների հետ, որ ներքին տուրիզմի ժամանակ, հատկապես` ուտել-խմելու արանքում, նման սուր հարցեր տան ՀՀԿ-ական Մարգոյին, Ֆարմանյանին կամ Հրայր Թովմասյանին: Նրանց վերապահված է կիթառ նվագելու, «Ե՛կ այս գիշեր արթուն մնանք մինչեւ լույս» կամ «Հուռռա՛, հուռռա՛» երգելու գործը (շուտով միասին Յարխուշտա էլ կպարեն): Կամ Բակունցի տուն-թանգարան այցելելու գործը` հավանաբար, դասականին էլ «այո»-ի քարոզ անելու նպատակով (ո՞վ գիտե, գուցե ընտրացուցակներում Բակունցի անունն էլ կա` բազում հանգուցյալների անունների կողքին):

Իսկ ընդհանրապես, Գորիսում, թե Բռնակոթում եւ կամ Մարալիկում ու մնացած քաղաքներում ու գյուղերում «այո»-ականներն ու «ոչ»-ականները բարեհաջող լուծում են «որովայնային» խնդիրները. սրանց մշտապես տեսնում ենք որեւէ «օջախում» բանակի քեֆի սեղան հիշեցնող սեղանների շուրջ կենացներ ասելիս:

Հիշո՞ւմ եք՝ սովետի ժամանակ էլ ընտրությունների օրերին մարդիկ սեղաններ էին գցում: Բայց սրանք հիմա որոշել են մի քիչ փոխել «ընթացակարգը»։ Մինչեւ հանրաքվեի օրն են ուզում ցույց տալ, թե մարզերում մարդիկ «քեֆ անողին քեֆ չի պակսի» վիճակի մեջ են:

Զավեշտն ու աբսուրդը միախառնվել են. տեղերում ՀՀԿ-ական գյուղապետերն ու համայնքապետերը տեղական բյուջերի հաշվին մայրաքաղաքից ժամանած «էլիտար» քարոզիչներին «պատիվ են տալիս» (դա անելով ինչ-որ մի գյուղացու տանը): Հետո դահլիճները «լցնում են» բարձրդասարանցիներով (հազիվ մի երկու տասնյակի չափ), ու այս լսարանի առաջ մեծն «սահմանադրագետ» Հրայր Թովմասյանը ելույթ է ունենում: Դրսում գյուղացիներն իրենց ծանր հոգսերի մասին են խոսում, իրենց բազում խնդիրներն են ներկայացնում, իսկ Թովմասյանը շարունակ նույն բանն է ասում. «Վա՞տ է, որ 131-ի փոխարեն 101 պատգամավոր է լինելու, վա՞տ է, որ նախագահը չի նշանակելու դատավորներին, վա՞տ է, որ մի անձը չի որոշելու…»:

Եվ, զարմանալիորեն, օրինակ, Գորիսում ոչ ոք սրանց չի հարցնում` Սահմանադրությունը փոխելուց հետո եթե Լիսկայի հարազատները հերթական հանցանքը գործեն, էլի մի 4-5 ամի՞ս են «նստելու» մեկուսարանում, թե՞ նոր Սահմանադրությունը ողջ խստությամբ կիրառվելու է նաեւ նրանց դեմ: Բ26-ի «իրապատումը» բացառում է նման իրապատում հարցադրումները: Նման վտանգ առաջանալու պարագայում տարազներ հագած դպրոցականներին անմիջապես հանում են բեմ ու, դհոլի ուժգին զարկերի ներքո, դիտում են պարային համարները:

Իսկ հատկապես Սյունիքի մարզում (մնացած վայրերում՝ նույնպես) «ոչ»-ական ներկայացածների պահվածքը հիշեցնում է հայտնի ֆիլմի դրվագը` «Գնամ էս կողմ` մերոնք են, գնամ էն կողմ` էլի մերոնք են, չէ, ավելի լավ ա՝ ըսենց էլ մնամ»:

Դրա համար էլ նրանց ելույթներից ոչինչ չես հասկանում՝ ընդհանրապես, կո՞ղմ են, թե՞ դեմ: Դե, մարդիկ էլ բոլոր քարոզիչներին՝ ողջ այդ շոու-շքախմբին, ընդունում են որպես «այո»-ի կողմնակիցներ:

Ահա այսպիսի «ռեալիթի»-կեղծապատում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը