Մեկնաբանություն

16.11.2015 17:32


Սեյրան Սարոյանը հավակնում է Գալուստ Սահակյանի աթոռին

Սեյրան Սարոյանը հավակնում է Գալուստ Սահակյանի աթոռին

ՀՀԿ–ի գաղափարական թևի ներկայացուցիչ Սեյրան Սարոյանը շատ անկեղծ մարդ է։ Նրա շուրթերով բարբառում է ճշմարտությունը։ Նա ասում է այն, ինչ մտածում է, կամ ինչ գիտի ու տեսել է։

Օրինակ՝ երբ ԱԺ կոնգրեսական պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվեցին իր տան բակում ու պատճառեցին մարմնական վնասվածք, Սեյրան Սարոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ դա արել են իշխանությունները՝ փորձելով դաս տալ Մանուկյանին։

Հայտարարվեց, որ եղել է ծեծի պատվեր, և մեղավորը ծեծվողն է։ ՀՀԿ–ականները ծափահարեցին Սեյրանի միջոցով հնչեցվող Բ26–ի տեսակետին։

Նկատենք, որ սա աննախադեպ անկեղծացում էր։ Նման անկեղծացումներից հետո նորմալ երկրներում պաշտոնյաների գլուխներ են «թռնում», բայց մերն ուրիշ է։ Ինչևէ։

Օրերս Սեյրանը կրկին անկեղծացել է։ Այս անգամ նրա ասելիքը նվիրված էր առաջիկա հանրաքվեին ու ընտրական համակարգին։

Ըստ ՀՀԿ–ական պատգամավորի՝ շատ լավ է, որ իշխանություններն ընտրակաշառք են բաժանում ընտրությունների ժամանակ. «Ի՞նչ վատ ա. թող ժողովուրդը երկու կոպեկ փող առնի»։

Սեյրանը կարծում է, որ շատ վատ է, որ նույնը չի անում, այսինքն՝ փող չի բաժանում ընդդիմությունը, քանզի «քցիբ է»։

Ուրիշ «կուրյոզային» բաներ էլ է ասել սույն մտքի տիտանը, բայց դրանց իմաստ էլ չունի անդրադառնալ, քանզի միայն ընտրակաշառք բաժանելու փաստն ընդունելն ու դա որպես իշխող ուժի դրական կողմ ներկայացնելը հերիք է, որպեսզի բազում հարցականներ առաջանան։

Իհարկե, այնպես չէ, որ Սեյրանը նորություն է ասել։ Նորությունն այս պատմության մեջ այն է, որ ապօրինության մասին խոսվում է «ափաշքարա» ու նոր Սահմանադրության քարոզի համապատկերին։

Նկատենք, որ նորմալ երկրում նմանատիպ խոսքերին դատախազությունը պետք է իրավական արձագանք տար, բայց մերը կրկին ուրիշ է։

Այնպես որ, «մարդակենտրոն» Սահմանադրության բոլոր նրբությունները կամաց–կամաց բացվում են։ Ըստ այդմ՝ «սամասուդը» դառնալու է խաղի կանոն, ընտրակաշառք բաժանելը՝ գովելի արարք, իսկ առանց ընտրակաշառքի քվե ակնկալողը համարվելու է քցիբ։ Սա՛ է գրված սահմանադրական փոփոխությունների տեքստի հակառակ էջի վրա։ Նաև գրված է, որ Սեյրանն է հավակնում ԱԺ նախագահի դերին։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞վ է Սեյրանը պակաս Գալուստ Սահակյանից։ Ի՞նչ պակաս «շուլուխչի» է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը