Մեկնաբանություն

14.11.2015 13:05


«Ոհմակի» օրենքը. հոշոտի՛ր մերձավորիդ

«Ոհմակի» օրենքը. հոշոտի՛ր մերձավորիդ

Իշխող կուսակցությունը մի առիթով բնութագրելու համար հիշել են ոհմակին՝ ասելով, որ այն ոհմակ չէ։ Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ ՀՀԿ–ում ոհմակի օրենքներն են գործում, այն է՝ ընկածին վրա են տալիս ու հոշոտում (դրանից առաջ հասցնելով «պոդստավկա անել» հոշոտվողին)։

Նման մի դեպքի օրերս ականատես եղանք։

Իշխանության «կրեաԾիվ» երիտթևից Լևոն Մարտիրոսյանի շուրթերով իշխանությունը Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները զիջելու մասին հայտարարեց՝ փորձելով ստուգել հանրային արձագանքը։

Հիմա իշխանական լրատվամիջոցների օգնությամբ Լևոնին «քացու տակ» են գցել։ Բացի այդ՝ մեկ այլ ՀՀԿ–ականի միջոցով տարածում են, թե բա՝ մենք Մարտիրոսյանի հետ կապ չունենք. ինքն է ինքնագլուխ անկապ բաներ խոսել։

Դասական մտքի վարպետ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ–ն ԼՂ–ի տարածքները Ադրբեջանին հանձնելու տեսակետ չունի:

«Պատգամավոր է, ըստ երևույթին, լրագրողական տեխնոլոգիայի արդյունքում արձանագրումները ոչ ճիշտ է կատարել: Եթե խոսքը ՀՀԿ-ին է վերաբերում, ապա մեզանում երբեք ու երբեք նման մտքեր չեն կարող լինել, որովհետև կուսակցությունը ստեղծվել է ղարաբաղյան պատերազմի հենքով և նրա միակ սկզբունքային հարցը Ղարաբաղն է: Մենք քաղաքական ուժ ենք, որի կարևորագույն գաղափարախոսությունը, մոտեցումները վերաբերում են Ղարաբաղին։ Որևէ հանրապետական երբևիցե հող հանձնելու մասին չի կարող խոսել»,– ՀՀԿ խմբակցության անդամ, ձեռքի հետ էլ՝ ՄԻԱԿ–ական Լևոն Մարտիրոսյանի խոսքերին է անդրադարձել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Այսինքն, ի՞նչ է ստացվում, ՀՀԿ–ն հող հանձնող չէ, ՄԻԱ՞Կ–ն է հող հանձնողը։ Բա էդ դեպքում ինչո՞ւ են Լևոն Մարտիրոսյանին շարունակում պահել ՀՀԿ խմբակցությունում։ Գուցե տարածքներ վերադարձնելու մասին հայտարարությունն անելիս Լևոն Մարտիրոսյանը ՄԻԱԿ–ի շորերո՞վ էր, ոչ թե ՀՀԿ–ի (ակա՛նջդ կանչի, շերիֆի օրինակի մեծ սիրահար Դավիթ Հարությունյա՛ն), հեսա գնա տուն, արագ ՀՀԿ–ի շորերը կհագնի ու հող հանձնելու մասին այլևս ծպտուն չի՞ հանի։

Իսկ ո՞ր կուսակցության շորերով էր Սերժ Սարգսյանը, երբ սիրիական «Ալ վաթանին» տված հարցազրույցում նույնպես խոսում էր հողեր հանձնելու պատրաստակամության մասին, այն էլ՝ դեռ 2010 թվականին։

«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։

Սրանք էլ հո Սերժ Սարգսյանի՛ խոսքերն են։ Գուցե սա հայտարարելուց Սերժ Սարգսյանն է՞լ էր հանել ՀՀԿ–ի շորերը ու հագել այլ շորեր։

Իսկ իրականությունն այն է, որ իրենց աթոռը պահելու համար այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ հող հանձնել կլինի, թե այլ բան. սահմանադրական փոփոխությունները՝ վկա։ Միայն թե իմանան, որ կմարսեն իրենց կերածը։

Մեզանից յուրաքանչյուրից է կախված իշխանության ախորժակին քացախ լցնելը։ Կստացվի, թե չէ՝ էլի յուրաքանչյուրիցս է կախված։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը