Աշխարհ

14.11.2015 07:48


Խոշորամասշտաբ ահաբեկչություն Փարիզում. զոհերի թիվը հասել է 158–ի, վիրավորներինը՝ 215–ի (ուղիղ միացում, տեսանյութեր)

Խոշորամասշտաբ ահաբեկչություն Փարիզում. զոհերի թիվը հասել է 158–ի, վիրավորներինը՝ 215–ի (ուղիղ միացում, տեսանյութեր)

Այս գիշեր Փարիզում աննախադեպ խոշորամասշտաբ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է «Figaro»–ն, միաժամանակ 6 կետում ահաբեկչական գործողություն է իրականացվել։ Զոհերի թիվը հասել է 158–ի, վիրավորներինը՝ 215–ի, որոնցից 83-ի վիճակը ծանր է:

Մոտ 100 մարդ զոհվել է «Բաթաքլան» թատրոնում։ Այնտեղ ահաբեկիչները պատանդ էին վերցրել մարդկանց: Որոշ ժամանակ անց իրավապահների կողմից իրականացված գրոհի արդյունքում չեզոքացվել էր 3 ահաբեկիչ: Վարկածներից մեկի համաձայն՝ գրոհի ժամանակ ահաբեկիչներից մեկը հասցրել էր պայթուցիկը նետել ամբոխի մեջ: Տվյալներ կան նաև, որ ահաբեկիչները սառնասրտորեն կրակահերթ են բացել պատանդների վրա։

«РИА Новости» գործակալությունն էլ հայտնում է, որ, ընդհանուր առմամբ, չեզոքացվել է 8 ահաբեկիչ: Այդուհանդերձ, Փարիզի դատախազությունը չի բացառում, որ ահաբեկիչներից ոմանք կարող են դեռ ազատության մեջ գտնվել։

Նախնական տվյալներով` գործել է ահաբեկիչների 2 խումբ: Մեկը՝ «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ, երբ ընթանում էր Ֆրանսիա–Գերմանիա ընկերական հանդիպումը, և ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Մարզադաշտի մոտ 3 պայթյուն է որոտացել։ Ոստիկանության տվյալներով՝ դրանցից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։

Ահաբեկիչների 2–րդ խումբը գործել է Փարիզի տարածքում։ Նրանք կրակ են բացել «Բաթաքլան»–ի մոտ գտնվող ռեստորանում, «Carillion» բարի մոտ, ռոք համերգի ժամանակ և քաղաքի այլ հատվածներում։

Ֆրանսիական Կալեում էլ հրդեհել են փախստականների ճամբարը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել, երկրի պետական սահմանները փակվել են:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն իսկ հայտարարել է, որ չի մեկնի մասնակցելու Թուրքիայում կայանալիք G20 գագաթաժողովին։

Փարիզի ահաբեկչությունների պատասախանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ դրանք անվանելով «սեպտեմբերի 11՝ ֆրանսիական ձևով»: Ականատեսները պատմել են, որ ահաբեկիչներն իրենց գործողություններն անվանել են վրեժ Սիրիայի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը