Մեկնաբանություն

13.11.2015 00:12


«Մանկան» շուրթերով հանրությանը նախապատրաստում են զիջումների՞

«Մանկան» շուրթերով հանրությանը նախապատրաստում են զիջումների՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը Բ26-ի ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող «1in.am»-ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել։

«Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաև ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով»,- անդրադառնալով Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակներին՝ ասել է Լ. Մարտիրոսյանը։

Ուշագրավն այն չէ, որ նա հողերը հանձնելու մասին է խոսել։ Այդ մասին պարբերաբար և հատկապես «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Մասնավորապես, սիրիական «Ալ վաթանին» տված հարցազրույցում նա նշել էր. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։

Մարտիրոսյանն, ըստ էության, նույն բանն է ասում։ Նա էլ է Սարգսյանի պես կարծում, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն ու հավանականը «Զիջումներ խաղաղության, անվտանգության և անորոշ կարգավիճակի դիմաց» բանաձևն է։

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքի ուշագրավ կողմն այն է, որ հնչեցվում է վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ակտիվ կուլիսային բանակցությունների, քննարկումների, մտահոգիչ տեղեկատվական արտահոսքերի, միջազգային մակարդակով կազմակերպվող «զոնդաժների» և առաջիկայում սպասվելիք Սարգսյան-Ալիև հանդիպման համապատկերին։

Պաշտոնական Երևանը պարտավոր է, հետևաբար, արձագանքել իշխանության «երիտթևը» ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավորի ասածներին (օրինակ՝ երբ Բ26-ի հաճախորդ ու, միաժամանակ, թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային ձայնակցող Դավիթ Շահնազարյանն է նման տեսակետ հայտնում, ապա ֆորմալ առումով իշխանություններից չես կարող բացատրություն պահանջել, բայց Մարտիրոսյանի դեպքն այլ է)։

Եթե դա անհատական կարծիք է, ապա պետք է հստակ ասվի այդ մասին։ Իսկ եթե որևէ արձագանք չլինի, ապա դա կնշանակի, որ Բաղրամյան 26-ը «մանկան» շուրթերով փորձում է որոշակի տեսակետ դնել շրջանառության մեջ ու ստուգել հանրային արձագանքը։ Կամ էլ՝ ուզում են արդեն հանրությանը նախապատրաստել զիջումների։

Թե որն է իրականությունը, կերևա առաջիկայում։ Ամեն դեպքում, նկատենք, որ հանձնելու գաղափարը ոչ ոք չի կարող կյանքի կոչել ու մարսել։

Ակնհայտ է, որ Երևանը պահանջող Ալիևի հետ նման լեզվով խոսելն ավելի է գրգռում մեր թշնամի պետության ախորժակը։

Փաստն այն է, որ ադրբեջանական կողմից մենք չենք լսել որևէ կառուցողական առաջարկ ու տեսակետ։ Հետևաբար, առնվազն հիմարություն է հայկական կողմի զիջումներից խոսելը։ Զիջումները դեպի պատերազմ ու պարտություն տանող ամենակարճ տարբերակն են։

Եթե Սերժ Սարգսյանին ճնշում են (դա հնարավոր է դարձել Հայաստանի թուլացման արդյունքում), որպեսզի իր իշխանությունը պահելու համար գնա զիջումների, ապա ելքը մեկն է՝ հեռանալ ու հարվածի տակ չդնել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։

Նոր Սահմանադրությամբ ներդրվող «խորհրդարանական կայուն մեծամասնության» հետևում թաքնվելը, միևնույն է, բան չի փոխելու։ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի շուրջ ստեղծված ծանր վիճակի համար, ու ճիշտը խաղաղ ճանապարհով իշխանական համակարգից հեռանալն է։ Կգան մարդիկ, ովքեր կկարողանան ստատուս քվոյին միս ու արյուն տալ և Հայաստանը դուրս բերել այս խայտառակ վիճակից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարության հետ կապված հանրային արձագանքը սոցիալական ցանցերում շատ առողջ էր։ Չտեսա գեթ մեկ հոգի, ով դրական գնահատեր նրա ասածները։ Հնչում էին կա՛մ փաստարկված հակադարձումներ, կա՛մ հայհոյախառն ձևակերպումներ։ Երկու դեպքում էլ նորմալ է։

Այս խորագրի վերջին նյութերը