Մեկնաբանություն

12.11.2015 12:40


«Բեխաբար» Լորանն ու «տարածական» Աշոտյանը

«Բեխաբար» Լորանն ու «տարածական» Աշոտյանը

Օրհնվի՜ էն սհաթը, երբ Լորան Ռուիի ոտը հայոց լիս աշխարհը մտավ ու տարակուսած, զարմացած, ապշած, մտահոգված եւ անգամ` ահաբեկված, հարցրեց` հո դուք կատակ չե՞ք անում. իսկապե՞ս Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական բանավիճային հաղորդում վարողը Կառավարության անդամ է:

«Հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկմանը, որին մասնակցում էր Եվրոպայի խորհրդի փորձագետը, վերջինիս ապշանքին ի պատասխան՝ քննարկման մասնակիցները ձեռքով-ոտքով մի 20 րոպե հասկացրին-համոզեցին ու հավաստիացրին, որ ամենեւին էլ կատակ չէ, լրիվ լուրջ բան են ասում, այո, իրականություն է, որ Հանրայինով քաղաքական հաղորդում վարողը ՀՀԿ փոխնախագահ, նախարար Արմեն Աշոտյանն է:

«Ապուշ կտրած» Լորանին հավաստիացնողները (դե, այն ստաժավոր գրանտակերներն ու «արեւմտամետները») մինչ այդ միանգամայն նորմալ էին համարում Աշոտյանի` քաղաքական հաղորդում վարելու «իրավունքը»` նկատի առնելով եւ բարձր գնահատելով Աշոտյանի «տարածական» տաղանդն ու ունակությունները: Բայց հիմա Լորանը եկել ու զարմանքից չի կարողանում լիարժեք արտահայտվել` ո՞նց, ինչպես է հնարավոր, դա աբսուրդ է, չի կարող նման բան լինել, դա հիմնովին սխալ է, բացարձակ անընդունելի է, Կառավարության անդամի «տարածական» ներկայությունը Հանրայինի եթերում ոչ մի աղերս չունի հանրաքվեի անաչառ լուսաբանման եւ ընդհանրապես մամուլի ու խոսքի ազատության ապահովման, կարծիք արտահայտելու իրավունքի համար սահմանված եվրոպական չափանիշների հետ:

Խե՜ղճ, խե՜ղճ Լորան, բա որ իմանաս, թե ինչ է կատարվում հայոց լրատվական դաշտում, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում»։ Առանձին բացառությունները չհաշված՝ բոլորը ձեւացնում են, թե «անկախ» ու «ընդդիմադիր» լրատվամիջոց են (իբր՝ իրենց տիրոջը չեն ճանաչում), բայց իրականում Բ26-ի ոսկեբեր երակից սնվող սուբյեկտներ են, որ գործում են նույն առաջադրանքի սահմաններում:

Խե՜ղճ, խե՜ղճ, Ռուի, բա որ իմանաս, թե Աշոտյանի առաջնորդն ինչ վաճառակետի է վերածել քաղաքական դաշտը, որտեղ զրոների պահով սորտավորված ուժեր են գործունեություն ծավալում ու հենց սրանք էլ վազում են Աշոտյանի տաղավար՝ «տարածական լուսաբանում» իրականացնելու:

Վա՜յ, խե՜ղճ Լորան, դու էս ինչքա՜ն բան չգիտես: Երեւի, նույնիսկ չգիտես էլ, որ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությունն ընդունում է հենց ժողովրդավարությունը զարգացնելու վեհ նպատակով:

Լորան ջան, Լորա՛ն, քանի շուտ է՝ փախիր այստեղից: Շատ բան իմանաս, շուտ կծերանաս:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը