Մեկնաբանություն

11.11.2015 18:01


Ի՞նչ շորերով է քարոզել վարչապետը

Ի՞նչ շորերով է քարոզել վարչապետը

Պետք է նայել ու տեսնել, թե մինչեւ դեկտեմբերի 6-ը համաշխարհային ու միջազգային, նաեւ` տեղական մակարդակի ինչ տոներ կամ մեռելոցներ կան, քանիսն են դրանք, իշխանությունը ինչ «ռազմախով» է նշելու այդ տոներն ու մեռելոցները` հընթացս բազմամարդ այդ հավաքները վերածելով «այո»-ի քարոզարշավի:

Փաստն այն է, որ նոյեմբերի 10-ին իշխանությունը երիտասարդներով եւ ուսանողներով է «լցրել» բազմիցս աճուրդի հանված Մարզահամերգային Համալիրի մեծ դահլիճը ու տոնական օրն օգտագործել սահմանադրական փոփոխությունները գովազդելու-գովերգելու նպատակով:

Հասկանալի է «մասսան» ապահովողը եղել է «Փուչիկ» Կարենը: Այդ օրը գլխավոր քարոզիչը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է «այո»-ի շտաբի ղեկավարն է:

Ճիշտ է, երիտասարդական լայնածավալ լսարանը փոքր-ինչ դժվարացել է հասկանալ` վարչապետը նոր Սահմանադրությունը քարոզելիս ինչ շորերով է եղել, ընդհանրապես` հագինը շտաբի պետի՞, թե՞ վարչապետի կոստյում է եղել: Դավիթ Հարությունյանի նշած օրինակը հիշում եք, չէ՞, շերիֆն առանց շորերի` կարող է քարոզել, շորերով` ոչ: Ինչեւէ:

Ուշագրավն յան է, որ Հովիկ Աբրահամյանը ոսկե սարեր է խոստացել երիտասարդությանը, իր ելույթում հայտարարել է, որ երկրի ապագան երիտասարդությունն է, որը կարող է հանգիստ ինքնադրսեւորվել, զարգանալ, գտնել լավ աշխատանք, քանզի սահմանադրական փոփոխությունները դրա հնարավորությունը տալիս են:

«Ահա հենց այդպիսի փոփոխությունների համար է Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարման խորհրդարանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարացման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ոչ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները: Պետք է հավատալ ժողովրդին և հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում»,- հայտարարել է իշխանական շտաբի պետը կամ վարչապետը:

Եթե Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է հենց անձնակենտրոն համակարգ հիմնելու համար, ապա աբսուրդ է Հովիկ Աբրահամյանի պնդումը, թե սահմանադրական փոփոխությունները միտված են կուսակցությունների, գաղափարների, սկզբունքների մրցակցության ապահովմանը:

Հետաքրքիր է, այդ ի՞նչ կուսակցությունների մասին է խոսում, երբ վերջերս կուսակցությունների մեծ մասը գնացին Բ26 եւ ծնկի եկան «մարդակենտրոն» Սահմանադրության հեղինակի առջեւ:

Բայց առավել զավեշտական է Հովիկ Աբրահամյանի հաջորդ միտքը։

«Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հակակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երիտասարդներդ, ցանկանում եք լինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ»,- խրատել է շտաբի պետը կամ վարչապետը:

Եթե Սերժ Սարգսյանը նախագծում ֆիքսել է խորհրդարանական կայուն մեծամասնություն ունենալու դրույթը, ապա ինչ վերահսկողության կամ հակակշիռների մասին է խոսքը: ՀՀԿ-ն (ենթադրյալ արբանյակներով) ինքն իրեն պետք է վերահսկի կամ հակակշիռներ ապահովի՞:

Ինչ վերաբերում է առանց ծանոթ-բարեկամի հաջողության հասնելու Աբրահամյանի հավաստիացմանը, ապա դա իսկապես արժանահավատ չէ:

ՀՀԿ վերնախավի բոլոր զավակները (էլ չասած իր որդու մասին) երեւի հրաշամանուկներ են, որ առանց պապաների հասել են հաջողության եւ զբաղեցնում են յուղոտ պաշտոններ:

Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած, շտաբի պետը, կամ վարչապետը մի լավ «թլոզել» է ջահելների ուղեղները, ովքեր հազիվ թե «խորացած» լինեին ՀՀԿ ղեկավարի հեղինակային նախագծի բովանդակության մեջ:

Ի դեպ, օրեր հետո Ուսանողության միջազգային օրն է: Տեսնենք այս անգամ դահլիճ բերման ենթարկած ուանողությանը ի՞նչ հեքիաթներ է պատմելու շտաբի պետը կամ վարչապետը: Հնարավոր է դրանից հետո էլ հանկարծ պարզվի, որ նշվում է կատուներ պահողների համաշխարհային օրը կամ` սկաուտների միջազգային օրը:

Իշխանությունը չեղած տեղից կարող է տոնական օրեր էլ հորինել, մարդկանց հավաքել դահլիճներում եւ «ջանգյուլում» երգել` սահմանադրական փոփոխություններին նվիրված: Նույնն է, թե` Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի իշխանության վերարտադրությանը նվիրված:

Շտաբի պետի կամ վարչապետի մոտ դա հիանալի է ստացվում: Կառավարությունում զբաղմունք չկա, մարդը մի բանով պե՞տք է զբաղվի` հետագայում արեւի տակ իր տեղն ապահովելու հստակ նպատակադրումով: Այլ հարց է` հետագայում մի ոտնաչափ տեղ կտա՞ն, թե՞ ոչ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը