Մեկնաբանություն

07.11.2015 19:34


Մի բացահայտված հաճախորդի ինքնախոստովանական ցուցմունքը

Մի բացահայտված հաճախորդի ինքնախոստովանական ցուցմունքը

Իշխանական շրջանակները «նագլի» են դարձել։ Ուզում են ցույց տալ, որ քաղաքական դաշտի մեծ մասին «պուտանկայացնելուց» հետո իրենց կարող են թույլ տալ ազատություն և հաբռգածություն։

Վարչապետից մինչև մյուս պաշտոնյաներ հայտարարում են, որ ժողովուրդը հաջորդ տարի ավելի վատ է ապրելու և կյանքը ավելի դժվար է լինելու։ Սա պոպուլիզմի հակառակ երեսն է։ Սա գռեհիկ «մարքսիզմ» է։ «Պրոլետարիատի» համար վատ կյանք են նախանշում, բայց ասում են, որ այդպես էլ պետք է լինի, ինչի՞ մասին է խոսքը։

Սպասվող վատ կյանքի մասին անոնսը հիմա ընդունված է անկեղծ ու ազնիվ մոտեցում ներկայացնել, բայց դա սովորական լկտիություն է։

Եթե սոցապ նախարարը բնական է համարում, որ հաջորդ տարի կյանքը վատանալու է, ապա բնական է նաև, որ դրանից հետո ինքը պետք է «Աշոտյան» լինելու մասին ևս հայտարարի, բայց նա նման բան չի անում։ Այսինքն՝ ստացվում է, որ պաշտոնյաները մնում են իրենց տեղում՝ անկախ արձանագրվող բացասական արդյունքներից։

«Խոխման» այն է, որ չինովնիկների հետ զուգահեռաբար լկտի ու դեմագոգիկ պահվածք են դրսևորում նաև «անկախ» մամուլի կարկառուն դեմքերը։

Այսպես, Բ26–ին կցված «1in.am»–ի ղեկավար Արման Բաբաջանյանը (Բ26–ի մասով ինքը «բլթացրեց») խոսում է լրատվական դաշտի կոռումպացվածության մասին (ով է խոսում կոռումպացվածությունի՜ց. ա՛յ, ա՛յ, ա՛յ)։

Նա մի հարցազրույց է տվել կայքերից մեկին ու թերևս աչքերը անմեղ ճպճպացնելով պատմել իրենց հաջողությունների, շատ փող ունենալու և լրատվական դաշտի վիճակից։

Բանակից փախչելու համար ազատազրկման դատապարտված Արմանը ներկայանում է որպես հալածյալ ու փորձում համոզել, որ իր փողերն ԱՄՆ–ից են գալիս (փաստորեն՝ Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի նստավայրը Միացյալ նահանգներում է)։ Գովազդային գումարների մասով էլ ասում է, թե իրենք լիքը գովազդ ունեն ու չեն հասցնում գովազդատուների հայտերը բավարարել, քանզի վերջիններս իրենց ոտքով են գալիս «1in.am» (բա «մեկ օլիգարխի տնտեսությունը» այդպիսի քաղցր բան է՝ բիզնեսմենն իր ոտքով է գալիս բիզնեսի դեմ առավոտից երեկո հոդվածներ գրող ու բիզնեսմեններին «ժողովրդի թշնամի» ներկայացնող կայքի խմբագրություն)։ Դե բա լիքը գովազդ կունենան, ինչո՞ւ չեն ունենա։ «Պետպատվերը» իջեցրել են, փողերը գալիս են՝ էժան հոսանք արտադրող ու հայ ժողովրդի վրա թանկ վաճառող Որոտանի ՀԷԿ–ի ոսկեբեր գետակի պես։

Քանի որ մենք ազատ տնտեսական մրցակցության դաշտ ունենք և կա ազատական քաղաքական միջավայր, ուստի՝ հայաստանյան գովազդատուները, Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի անաչառ հայացքի ներքո, առանց բիզնեսը կորցնելու վախի «մուծվում» են «1in.am»–ին՝ Հայաստանի ամենաթունդ ընդդիմադիր կայքին, ու Արմանն էլ ուրախանում է, որ չի հասցնում հաշվել գովազդատուներից ստացվող գումարները։ Ահա այսպիսի սրտաճմլիկ պատմություն։

Իրականությունն այն է, որ մեդիա դաշտի կոռումպացվածության մասին խոսում է «ընդդիմադիր» պիտակով գեղամյանություն անող լրատվամիջոցի ղեկավարը։ Ի՞նչ է սա, եթե ոչ փարիսեցիություն։ Բայց դե սրանք ծաղիկներն են։ Դեռ ինչե՜ր են պատմելու, դեռ ինչերի՜ց են խոսելու։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Արման Բաբաջանյանի այդ հարցազրույցը կարելի է յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք համարել։

Ուշագրավն այն է, որ նա հայտարարում է, թե դեմ է հեղափոխություններին և Հայաստանի համար ցանկանում է էվոլյուցիոն զարգացում։ Ասում է՝ ես առաջ հուժկու բաներ էի սիրում, իսկ հիմա տեսա, որ այսպես էլ մեզ վատ չեն կերակրում։ Հետևաբար՝ «ուսուլով» է պետք առաջ շարժվել։ Մանավանդ, որ գովազդատուի պակաս չկա, և քանի դեռ այս իշխանությունը կա, «անկախ» մամուլը պետք է շոկոլադ ուտի։

Մի փոքր այլ լեզվով՝ Արմանի ասածի իմաստը հետևյալն է (նման բան կարելի է ասել «անկախ» մամուլի բոլոր ներկայացուցիչների մասին)՝ առաջ ես հույս ունեի, որ Լևոնը իշխանափոխություն կանի ու դրա համար դարձել էի թունդ ընդդիմադիր (չմոռանալով այդ փուլում բանտից տարատեսակ «քսիֆներ» ուղարկել ոչ լևոնական ճամբարում գտնվող մարդկանց՝ փողի դիմաց համագործակցության ակնկալիքով), սակայն երբ իշխանափոխությունը չստացվեց՝ ես ընկա տվայտանքների մեջ։ Եվ այ քեզ հրա՜շք. Բ26–ից ստացվեց գայթակղիչ առաջարկ՝ մնալ «ընդդիմադիր» դերի մեջ, «քննադատել» նաև Սերժին, բայց կատաղի պայքար մղել նույն Սերժի բոլոր ընդդիմախոսների դեմ՝ զուգահեռաբար կուլակաթափության քարոզ տանելով և գովազդատուների պակաս չզգալով։

Առաջակն այդ այնքան գայթակղիչ էր ու «կալորիական», որ Արմանը չկարողացավ ու չուզեց հրաժարվել դրանից։

Մնացածը արդեն բոլորի աչքի առաջ է։

Այս խորագրի վերջին նյութերը