Լրահոս

06.11.2015 16:38


Էդ. Նալբանդյան. «Սրբավայրեր են ամբողջությամբ ոչնչացվել Ադրբեջանի կողմից»

Էդ. Նալբանդյան. «Սրբավայրեր են ամբողջությամբ ոչնչացվել Ադրբեջանի կողմից»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ‎ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքում և անդրադարձել Մերձավոր Արևելքում ներկայիս իրավիճակին։ Նալբանդյանի խոսքով՝ այն խորին մտահոգություն է հարուցում:

«Ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Փալմիրայի և Նեմրութի մշակութային կոթողների ավիրումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունը վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում»,–ասել է Էդ. Նալբանդյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը շարունակաբար հրավիրել է այդ բարձր մարմնի ուշադրությունը հարևան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա.

«Միայն Նախիջևանի շրջանում հազարավոր միջնադարյան խաչքարեր, հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր ամբողջությամբ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակվել է այս շրջանում, և ովքեր այն կոչել են «Նախիջևան», ինչը հայերեն տառացիորեն նշանակում է «առաջին իջևան»՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյի իջևանած առաջին վայրը»։

Նա հիշեցրել է, որ վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկույցում, խոսելով Նախիջևանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, և բռնագրավված Լյութերանական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի:

«Եթե մենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ միջազգային կազմակերպությունները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագա է վաղը սպասվում այս և բազմաթիվ այլ վտանգված հուշարձաններին:

Որպես վերոնշյալի վառ հակապատկեր՝ հարևան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության ուղղությամբ: Իրանում գտնվող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թվագրվում է 7-րդ դարով, Իրանի կառավարության կողմից ներառվել են Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակ: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապույտ մզկիթը Երևանում և մտադրվում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ»,–հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը