Մեկնաբանություն

04.11.2015 14:04


Խորհրդարանն՝ առանց պատգամավորների՞

Խորհրդարանն՝ առանց պատգամավորների՞

Դատելով սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստից և Բ26-ի՝ քաղաքական դաշտում իրականացվող գործողություններից՝ եթե հանրաքվեի տոկոսները «խփվեն», ապա հաջորդ խորհրդարանում պատգամավորներ չեն լինելու։

Կլինեն կույր, խուլ ու համր էակներ, որոնց մի մասի անունը կդնեն «խորհրդարանական կայուն մեծամասնություն», իսկ մյուս մասինը՝ «խորհրդարանական կայուն հաճախորդներ»։ Վերջիններիս փաղաքշաբար «ընդդիմություն» կկոչեն։

Եթե քաղաքական ներկայիս կոնյունկտուրան պահպանվի, և նոր դասավորվածություն չստեղծվի, ապա հենց այդպես էլ կլինի։ Իսկ դա նշանակում է, որ մեզանում կձևավորվի ոչ թե միակուսակցական, այլ միանձնյա իշխանություն։ Միակուսակցականը հենց միանձնյան է, որ կա։

Իսկ այն, որ հենց սա է Սերժ Սարգսյանի ծրագիրը, երևում է նրա քայլերից։ Ֆոտոսեսիայի ենթարկելով գրեթե ողջ քաղաքական դաշտն ու հաճախորդացնելով՝ ում պատահի՝ նա ամայի տիրույթ է սարքում։ Իսկ ամայի տիրույթում մարդիկ չեն լինում. լինում են դիակներ։ Տվյալ դեպքում՝ քաղաքական դիակներ։

Ովքեր որ համաձայն չեն այս սցենարին, պետք է քաղաքական գործընթացների սեփական սցենարն առաջարկեն հանրությանը։

Այդ սցենարը պետք է ներառի փոփոխությունների պատրաստ թիմի առկայությունը, առաջարկվող ծրագրերը և փոփոխություններին հասնելու ռեսուրսները։ Մնացածը դատարկ զրույցներ են։

Կա՞ այդպիսի սուբյեկտ Հայաստանում, որը գործող իշխանությանը ձեռնոց կնետի՝ կոնտրէլիտա և կոնտրծրագիր առաջ քաշելով, կերևա շատ շուտով։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը