Հարցազրույց

03.11.2015 14:42


ԼՂՀ ՊՆ. «Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները»

ԼՂՀ ՊՆ. «Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները»

ԼՂՀ ՊՆ Լ. Հ. Մնացականյանի պատասխանները Մոսկովյան «Նոյյան Տապան» թերթի հարցերին.

–Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:

–Նախ՝ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ նկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսից սկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակների աստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվ կիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցից կառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված «status-quo»-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:

–Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի՞ է արդյոք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. ինչքա՞ն կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:

–Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները՝ այդուհանդերձ, պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան՝ հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից՝ վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում: Պատերազմների փորձը ցույց է տալիս, որ հզոր և պաշտպանունակ է այն բանակը, որը, բացի գերժամանակակից սպառազինությունից, զինված է նաև առաջադրված խնդիրները գրագետ ու վճռականորեն լուծելու և բարոյահոգեբանական պատշաճ պատրաստություն ունեցող զինվորական անձնակազմով: Սրանք այն անհրաժեշտ նախապայմաններն են, որոնց այսօր լիարժեք տիրապետում է Արցախի բանակը: Որքան էլ Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցները հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը փորձեն ներկայացնել իրենց համար շահավետ տեսանկյունից, այդուհանդերձ, իրողությունը մեկն է` Պաշտպանության բանակը ողջ առաջնագծի երկայնքով եղել և մնում է թելադրողի դերում:

–Դուք համաձայն ե՞ք այն պնդման հետ, թե ադրբեջանական բանակը թաքցնում է իր կորուստների իրական թիվը: Ի՞նչ պատճառներով է դա արվում:

–Որ ադրբեջանական կողմը միանշանակ թաքցնում է իր իրական կորուստների քանակը, դա կասկածից վեր է: Թերևս շատերին է հայտնի, որ դեռևս 2014թ. սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով այդ երկրի լրատվամիջոցներին արգելվեց որևէ տեղեկություն տարածել բանակում տեղ գտնող զոհերի և վիրավորների մասին: Սա սեփական հանրությանը իրական կորուստներին անտեղյակ պահելու և այդ միջոցով ներքին ցնցումներից խուսափելու ադրբեջանական մոտեցում է, որին չենթարկվելու դեպքում լրագրողները կարող են հայտնվել ճաղերի հետևում: Բայց և այնպես, ինչպես ասում են` մախաթը պարկում չես կարող թաքցնել: Բերեմ կոնկրետ ժամանակահատվածում արձանագրված միայն մեկ փաստ. բոլորովին վերջերս Բաքվի պաշտոնական քարոզչությունը տարածեց, թե իբր ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսում առաջնագծում տեղ գտած սրացումների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 4 զոհ, այնինչ, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված ամենահավաստի տվյալների, հակառակորդի ունեցած զոհերի թիվն անցնում է 20-ի սահմանը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սա է իրողությունը

–Արդյոք իրավիճակի զարգացումը կվերածվի՞ լայնամասշտաբ պատերազմի:

–Քանի դեռ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված չէ խաղաղության հաստատման մասին վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ առկա է: Որպեսզի դրանում համոզվեք, բերեմ միայն այս տարվա սկզբից առաջնային գծում տեղ գտած զարգացումներից մի քանի փաստ: Այսպես, եթե մինչև 2015 թվականի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարիներ շարունակ ձգվող հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից իրականացվող կրակահերթերով, ապա ս. թ. հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց Դ-44 հրանոթ և 122 մմ-ոց Դ-30 տիպի հաուբից: Այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է…

–Ձեզ չի՞ թվում, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ը շատ չեն հետաքրքրված, այլապես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ նրանց արձագանքը կլիներ ավելի արդյունավետ:

–Որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը գտնվում է ձեր նշած երկրների ուշադրության կենտրոնում, դրանում չեմ կասկածում: Ինչ վերաբերում է նրանց կողմից գործադրվող ջանքերի արդյունավետությանը, ապա զերծ կմնամ գնահատականներ տալուց, մանավանդ, որ դա ոչ այնքան իմ, որքան Արցախի հանրապետության համապատասխան գերատեսչությունների իրավասության մեջ է:

–Կարո՞ղ են արդյոք Հայաստանը, Ռուսաստանը և որոշ բարեկամական երկրներ մոտ ապագայում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

–Ավելի լավ կլիներ՝ այդ հարցն ուղղեիք նշված երկրների համապատասխան կառույցներին:

–Արդեն չորս ամիս է, ինչ Դուք զբաղեցնում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնները: Ի՞նչ եք հասցրել անել այս ժամանակահատվածում, ի՞նչ խնդիրների հետ եք բախվել և մոտակա ի՞նչ պլաններ ունեք:

–Պաշտպանության բանակն իմ համար անծանոթ միջավայր չէ, մանավանդ որ իմ երկարամյա ծառայության հիմնական մասն անցել է հենց այստեղ: Այն վաղուց արդեն կայացած կառույց է և ունի պլանավորված ու հստակ զարգացման ուրույն մարտավարություն: Հենց այդ մարտավարությունն էլ ընկած է իմ գործունեության հիմքում: Այսօր դեռևս վաղ է խոսել կատարածի մասին, բայց որ բանակը պահանջում է ամենօրյա և քրտնաջան աշխատանք և այդ ուղղությամբ բավականին անելիքներ կան, դա միանշանակ է: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է, և անելու ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախը լինի անվտանգ, իսկ նրա ժողովրդի ապահով կենսագործունեությունը՝ հուսալի ձեռքերում:

Այս խորագրի վերջին նյութերը