Հարցազրույց

30.09.2010 20:08


Զոյա Թադևոսյան

Զոյա Թադևոսյան

Հարցազրույց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Զոյա Թադևոսյանի հետ

ուք իշխանությանն անընդմեջ որակումներ եք տալիս։ Իսկ ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, այսօրվա ընդդիմությունը։ Այն անթերի՞ է, թե՞ չի տարբերվում իշխանության ներկայացուցիչների որակներից։

-Եթե ես որակումներ եմ տալիս իշխանությանը, առաջին հերթին ելնում եմ այն տրամաբանությունից, որ երկրի թե՛ ներքին տնտեսական քաղաքականության, և՛ թե արտաքին քաղաքականության պատասխանատուն իշխանություններն են, հետևաբար իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը ոչ թե զուտ անձնական է կամ որոշակի վերապահումներով, այլ ուղղակիորեն այն գնահատականն է, որը բխում է ներկա իշխանությունների գործունեությունից։ Ընդդիմությունն այստեղ ունի միայն իշխանության գործելաոճի, իշխանության վարած քաղաքականության դեմ պայքարելու հնարավորություն։ Պայքարելու գործիքները սահմանափակ են, և այդ սահմանափակումները հիմնականում դրվում են իշխանությունների կողմից՝ արգելելով յուրաքանչյուր տիպի քննադատություն, քննադատություն հանրահավաքների մակարդակով, ազատ տեղաշարժի իրավունքի մակարդակով, ազատությունները ոտնահարելու, հեռուստատեսությամբ ընդդիմության առաջնորդների ազատ ելույթների առումով, իսկ հեռուստատեսությունն ամենակարող ուժն է այսօր։ Եթե հեռուստատեսությամբ, ենթադրենք, ուղիղ եթերում ընդդիմության առաջնորդներն ուղղակի երկխոսության մեջ մտնեն կամ հարցազրույցների ձևով նաև կանչվեն հեռուստատեսություն, այդ դեպքում ճշմարտությունը հենց ուղիղ եթերում կարելի է բացահայտել և ժողովրդին ցույց տալ՝ ի՞նչ է ուզում ընդդիմությունը, և ի՞նչ չի անում իշխանությունը։ Իմ քննադատությունը զուտ բխում է ոչ թե այն մտադրությունից, որ ես ուզում եմ սևացնել իշխանություններին, ամենևին։ Եթե իշխանությունը, նույնիսկ այս բռնապետության պայմաններում, կարողանա իրական գործնական քայլեր անել մեր երկրի իրավիճակը բարելավելու առումով, ինչպես արել են բռնապետական մի շարք պետություններ և կարողացել են հասնել իրական արդյունքների՝ առաջին հերթին վերացնելով կոռուպցիան, զարգացնելով տնտեսությունը (իսկ պատմությունը նման փաստեր շատ ունի՝ Սինգապուր, Հարավային Կորեա, Ինդոնեզիա), բռնապետության պայմաններում նորից կարելի է ժողովրդավարությունը զարգացնել, ինչը մեր երկրում չի արվում։ Մեր երկրում  խեղդվում են բոլոր տիպի ազատությունները՝ սկսած տնտեսականից, վերջացրած մարդուն վերաբերվող ազդեցություններից։

-Դուք այսօր գո՞հ եք ընդդիմության գործելաոճից։

-Ես գոհ եմ, այո՛, այն առումով, որ ընդդիմությունը գործում է այնքան, որքան կարողանում է գործել։ Եթե ընդդիմությունն ուզում է հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում և արդյունքի չի հասնում, այդ դեպքում ի՞նչ անի ընդդիմությունը։ Պահանջի անընդհատ։ Եվ պահանջում է։ Իշխանություններն անընդհատ մերժում են, ինչը կարող են անել, և արդյունքում ստացվում է, որ ընդդիմության հանրահավաքները, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության նույնիսկ ամենածայրամասերում բնակվողները, ովքեր ցանկություն ունեն, սակայն նրանց արգելվում է ոստիկանական փակուղիների ձևավորման ճանապարհով, հետևաբար ընդդիմությունը կարող է ընդամենը թերթերի մակարդակով, տնից տուն շրջելու, մարդկանց հետ զրուցելու, իրենց կառույցների միջոցով հանդիպումներ կազմակերպելու միջոցով պայքարել այդ իշխանությունների դեմ։

-Ընդդիմություն ասելով՝ Հայ ազգային կոնգրեսի՞ն նկատի ունեք։ Իսկ խորհրդարանակա՞ն ընդդիմությունը։

-Գիտեք, ինձ համար քաղաքական դաշտում գոյություն ունեն երկու ուժեր՝ ընդդիմություն և իշխանություն։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն։ Եթե մենք դժգոհ ենք այս իշխանությունների վարած քաղաքականությունից՝ ազգակործան, ուրեմն մենք միասնական պետք է լինենք։ Տրամաբանությունը սա է, հետևաբար ես երբեք չեմ ուզում դիտարկել նրանց, ոչ թե՝ որովհետև ունեմ որոշակի անձնական նկատառումներ այդ ուժերի հանդեպ,  ոչ։ Իմ խնդիրը իմ երկրի տնտեսական զարգացման, քաղաքական կայունացման, ռազմավարական խնդիրների լուծման մեջ է։ Ես, իմ հոգեբանությամբ, ամենևին չարությամբ չեմ տրամադրված որևէ քաղաքական ուժի նկատմամբ, ես նույնիսկ պատրաստ եմ որոշակի ներողամտություն ցուցաբերել այս իշխանությունների հանդեպ, եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները, եթե բացահայտվեն մարտի 1-ի դեպքերը։ Դա հրատապ պահանջ է, դա մեր երկրի վարկանիշը որոշակիորեն զրոյականից մի փոքր վերև բարձրացնելու պահանջ է, դա անհրաժեշտություն է, դա ոչ մեկի քմահաճույքը չէ։ Սա պետք է հասկանան այս իշխանութունները, պետք է հասկանան, որ մենք ապագա չունենք այս պայմաններում։

-Այսինքն, «Ժառանգությունն» ու ՀՅ Դաշնակցությունը Ձեզ համար ընդդիմություն չե՞ն։

-Եթե նրանք ընդդիմություն են, թող բացահայտ գործեն ընդդիմության դաշտում։ Թող միավորվեն, ես ուզում եմ՝ կանգնեն ժողովրդի կողքին, իսկ ժողովուրդն այսօր ունի այդ պահանջը։ Բավական է մենք հիասթափություն առաջացնենք ժողովրդի մեջ։ Միավորվեն այնքանով, որքանով ասում են, թե ընդդիմություն են։ Նրանց գործելաոճի մեջ ես ընդդիմադիր ոչինչ չեմ տեսնում։ Ներող կլինեք, բայց ես այդպես եմ գնահատում։

-Այսօր ՀԱԿ ներկայացուցիչները շատ են խոսում արտահերթ ընտրությունների մասին և նշում են, թե դրանք հաստատ լինելու են։ Ձեր կարծիքով՝ արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

-Ես չեմ ուզում գուշակելու մակարդակով դա դիտարկել՝ կլինե՞ն, թե՞ ոչ, բայց որ պետք է լինեն, դա պարտադիր պահանջ է, դա մեր կործանված երկիրը նորմալ զարգացման ուղու վրա փոխադրելու միակ եզակի, բացառիկ հնարավորությունն է, ես դրանում կասկած չունեմ։

-Իսկ այդօրինակ հայտարություններին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Դա պարտադիր է, որովհետև եթե մենք տեսնում ենք, որ ամբողջ իշխանական բուրգը ներսից փլուզվում է, եթե գործն արդեն հասնում է ռազբորկաների, միմյանցից բիզնեսներ խլելուն, իրենց տնտեսական կյանքը երկարացնելուն, վերցնում են փողը՝ երկրից երկիր թափառում, արդյունավետ, շահավետ տեղավորելու, իրենց եկամուտները փրկելու համար, դա արդեն նշանակում է, որ խուճապ կա իշխանության մեջ։ Ես վստահ եմ, որ իշխանությունները կամովին չեն հանձնի իշխանությունը ժողովրդին, որը գողացվել է։ ՀՀ-ում ժողովրդից իշխանությունը գողացվել է, հետևաբար պետք է այն պարտադիր վերադարձվի օրինական տիրոջը։ Եթե այս իշխանությունները դա կամովին չանեն, ապա ժողովուրդը դա պետք է յուրացնի։

-Ձեր կարծիքով՝ ո՞ր ուժն է ձախողված համարվում։

-Ձախողված քաղաքական ուժերը բոլոր այն ուժերն են, որոնք չեն կարողանում իրենց անձնական շահերը, նեղ կորպորատիվ շահերը ստորադասել պետական շահերին։ Բոլոր այն ուժերը, որոնք գալիս են քաղաքական դաշտ՝ անձնական խնդիրներ լուծելու, նրանք ձախողվում են, և մենք հայաստանյան իրականության մեջ նման բազմաթիվ օրինակներ ունենք։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը