Մեկնաբանություն

31.10.2015 14:50


Եթե Քաջ Նազարը ժողովրդավար լիներ, հաստատ կերդվեր, որ վարչական ռեսուրս չի օգտագործելու

Եթե Քաջ Նազարը ժողովրդավար լիներ, հաստատ կերդվեր, որ վարչական ռեսուրս չի օգտագործելու

Եթե դու խոշոր տրամաչափի վարչարար ես, ապա ունես «պադավատ», առանձնասենյակ, ենթականեր, քո ենթակայության տակ գործող վարչություններ ու բաժիններ` համալրված «X» քանակությամբ աշխատակիցներով: Այս ամենը գտնվում է քո իրավասության ներքո, համարվում է վարչական ռեսուրս, ինչը պահպանվում է պետբյուջեի հատկացված գումարներով:

Եթե դու խոշոր տրամաչափի վարչարար ես Հայաստանում, ապա, բնականաբար, ունես նաեւ բիզնեսներ, որոնցում աշխատում են հարյուրավոր մարդիկ:

Հիմա էս տեսակ վարչարարներդ, որ ընդգրկված եք «այո»-ի շտաբում, փորձում եք մեզ համոզել, ավելին` երդվում եք, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրս չեք օգտագործելու: Իբր, քարոզելու եք գործից ազատ ժամանակ: Իսկ մենք էլ պետք է հավատանք, որ դուք աշխատանքն ավարտելուց հետո գնում եք տուն, ձեր սեփական գրպանից բենզին եք լցնում ձեր անձնական մեքենայի մեջ ու դրանով գնում եք մարզեր` բնակչությանը քարոզելու:

Մինչ այդ էլ, այսինքն` աշխատանքի ժամին, ձեր առանձնասենյակից պետական հեռախոսով սահմանադրականի քարոզի թեմայով չեք խոսում ոչ ոքի հետ. ընդհանրապես, ձեր ենթակաների ու աշխատակիցների մոտ ձեզ այնպես եք պահում, որ դուք ոչ մի կապ չունեք շտաբի հետ (դե որ հանկարծ աշխատակիցները չգայթակղվեն շեֆի կողմնորոշմամբ):

Բացի այդ, ամեն ինչ անում եք, որ ձեր բիզնեսներում աշխատող մարդիկ էլ ոչինչ չիմանան ձեր շտաբային գործունեության եւ ձեր դիրքորոշման մասին. գերգաղտնի եք պահում, էլի, որ դուք «այո»-ի կողմնակից եք:

Հասկացանք` 2015-ը ոչխարի տարի է, ու դուք էլ կարող եք ցինիկաբար ժողովրդին չորքոտանու տեղ դնել և աջ ու ձախ բոլորին հավատացնել, թե՝ վարչական ռեսուրսից չենք օգտվելու:

Էն ախմախ Նազարը, փաստորեն, ձեզանից ահագին սովորելու բան ուներ: Բայց դե, էնքան ախմախ էր, որ առանց որեւէ մեկին հավատացնելու կամ համոզելու` գործում էր այնպես, ինչպես ինքն էր ուզում: Թագավորությունը սարքել էր իր սեփական դուքանը ու քեֆը եկած ժամանակ գոչում էր` գյադե՛ք, հլա մի դե՛սը անցեք, հետո փոշմանում էր ու հակառակ հրամանն էր տալիս` չէ՛, գյադե՛ք, հիմա էլ է՛ս դենը անցեք: Հետո էլի խելքից ու մտքից դուրս ուրիշ հրամաններ էր արձակում:

Քաջ Նազարն անխնա օգտագործում էր իր վարչական ռեսուրսները սեփական նպատակների իրագործման համար: Բայց մտքի ծայրով էլ չէր անցնում մինչ այդ երդվել, որ ինքը ոչ մի դեպքում չի օգտագործելու վարչական ռեսուրսները:

Դե, ախմախ Նազարին մեղադրելու էլ չի, քանի որ նա ժողովրդավար չէր: Իսկ 21-րդ դարում էս մեր քաջնազարներն, ախր, ժողովրդավարական արժեքների կրող են, եւ դա է պատճառը, որ նախ պետք է երդվեն, որ վարչական ռեսուրս չեն օգտագործելու, իսկ հետո հանգիստ կարող են գործել հին ու սիրելի, ավանդական ու փորձված մեթոդներով` «Գյադե՛ք, էս կո՛ղմն անցեք…», կամ՝ «Բոլոր մեռածներին ու արտագաղթածներին հրամայում եմ ասել՝ այո՛»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը