Մեկնաբանություն

26.10.2015 14:29


Բաղանիսի գնդակոծությունը և «Այո»–ի շտաբը

Բաղանիսի գնդակոծությունը և «Այո»–ի շտաբը

Հանգստյան օրերին ուժեղ գնդակոծության են ենթարկվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։ Լուրեր տարածվեցին այն մասին, որ, մասնավորապես, Բաղանիսում հոկտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական հարձակումներից տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր, ջարդվել լուսամուտների ապակիներ: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, դռան ապակին ջարդվել է:

Հոկտեմբերի 24–ին մեկ այլ լուր էլ տարածվեց։ Պարզ դարձավ, որ իշխանությունները ձևավորել են սահմանադրական փոփոխությունների շտաբի ղեկավար կազմը։ Ըստ այդմ՝ շտաբի պետ նշանակված Հովիկ Աբրահամյանը կունենա վեց տեղակալ՝ Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Արմեն Երիցյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Հովսեփյանը և Լևոն Յոլյանը:

Դատելով շտաբի ղեկավար կազմից՝ Բաղրամյան 26–ը հանրաքվեն իր ուզած ձևով անցկացնելու համար մարտի է նետել բոլոր պետական ռեսուրսները։ Սա, թերևս, «մերոնց» հուժկու պատասխանն է Բաքվին՝ «Դուք կգնդակոծեք մեր գյուղերը, իսկ մենք էլ «Այո»–ի ընտրաշտաբ կձևավորենք» թեմայով։

Տավուշի մարզի գյուղերը տևական ժամանակ է, ինչ գնդակոծվում են տարբեր տրամաչափի զենքերից, սակայն իշխանություններն այնպիսի ռեսուրսներով չեն պայքարում մեր քաղաքացիների անվտանգության հարցերով, ինչպիսի ռեսուրսներով որ ուզում են կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները։

Իշխանությունների համար առաջնահերթությունների և հարցերի կարևորության սանդղակն այլ սկզբունքով է կազմավորվում։ Դա է պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների հարցն ավելի կարևոր է համարվում, քան մեր քաղաքացիների կյանքի և գույքի պահպանման խնդիրը։

Ահա այսպես էլ կառուցվում է «Ապահով Հայաստանը»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը