Լրահոս

20.11.2009 12:01


Վահանգն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետը զբաղված է պոպուլիզմով

Վահանգն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետը զբաղված է պոպուլիզմով

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վահանգն Խաչատրյանը «7օր»-ին ասել է, որ դա սովորական սոփեստություն էր։

-Ամենսովորական, ամենացածր մակարդակի պոպուլիզմ, որով ինքն ուզում է ցույց տալ, թե մտահոգ է Հայաստանի այսօրվա տնտեսական կամ սոցիալական վիճակով,- նշել է Վ. Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, թե ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների և աշխատավարձերի, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները, ոչ թե գնաճն ու փոխարժեքը, և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։

«Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև՝ անկախ նրանից, թե ի՞նչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ի՞նչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն։ Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին։ Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է։ Խոշոր բիզնեսի համար արժանապատվության խնդիր պետք է լինի հարկային պարտավորությունների կատարումը։ Այս գործընթացը մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք դարձնել թափանցիկ»,- նշել էր Տ. Սարգսյանը։

Ի պատասխան՝ ՀԱԿ տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ վերոնշյալի մասին տարիներ շարունակ ողջ Հայաստանը գիտի, սակայն երբ Տ. Սարգսյանը վարչապետ էր դառնում, այդ մասին չի խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը