Տնտեսական

23.10.2015 16:12


Հարկերի հաշվառման նոր համակարգ

Հարկերի հաշվառման նոր համակարգ

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Օրենսդրական նախաձեռնության հիմնական սկզբունքը և նորույթն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ: Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ: Հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկների հիման վրա միասնական գանձապետական հաշվում առկա գումարներից համապատասխան հարկատեսակի գծով պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը հաշվառող գանձապետական ենթահաշվին կատարվում են վճարումներ: Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ լուծում կտրվի մի շարք կարևոր ու համակարգային նշանակություն ունեցող խնդիրների: Մասնավորապես, վերանում է միասնական գանձապետական հաշվի վրա գերավճարներ կուտակելու հնարավորությունը, քանի որ դրանք այլևս չեն համարվելու հարկային եկամուտներ: Կրճատվում է հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկների փոխարեն ներդրվում է մեկ միասնական՝ անուղղակի հարկերի հաշվարկ), հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների վճարման, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների կողմից եկամտային հարկի գումարների վճարման ամսական պարբերականությունը փոխարինվում է կիսամյակայինով: Ակցիզային դրոշմանիշերը և լայն սպառման ապրանքատեսակների համար նախատեսված դրոշմապիտակները հարկ վճարողներին տրամադրվելու են առանց կանխավճարների վճարման՝ դրանով իսկ հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ օգտագործել իրենց շրջանառու ֆինանսական միջոցները՝ դրանք չսառեցնելով որպես հարկերի գծով կանխավճարներ: Ինչպես նաև հանվում են օրենքով սահմանված ժամկետներում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման կամ արտարժույթի փոխարկման գործարքները չգրանցելու դեպքերում նախատեսված տուգանքները չվճարելու դեպքում դրանց կրկնապատկման դրույթները, վերանում է մեկ հարկատեսակից մեկ այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացումը, եզրակացությունների կազմումը և այլն), կրճատվում են հարկ վճարողների կողմից վճարված հարկերի հաշվանցման և վերադարձման ժամկետները: Արմատապես պարզեցվում են գործող ընթացակարգերը, նույնականացվում են բոլոր հարկատեսակների և վճարների գծով հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների կատարման ժամկետները, վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու և դրա հետևանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը, կարգավորվում են ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդների գումարները հարկման այլ դաշտում գտնվելու ժամանակաշրջանում հաշվանցելու հետ կապված հարցերը: Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում հարկ վճարողների անձնական հաշվի քարտը վարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ միաժամանակ հարկ վճարողին հնարավորություն ընձեռելով առանց հարկային մարմին այցելելու իրական ժամանակում հետևել իր անձնական հաշվի քարտի շարժին ու մնացորդներին: Բացի այդ, հնարավոր կլինի հարկ վճարողի հարկային պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը գեներացնել էլեկտրոնային եղանակով՝ բոլոր այն դեպքերի համար, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ տեղեկանքը պետական կամ այլ մարմիններին ներկայացնելու պահանջ (օրինակ, պետական գնումների շրջանակներում մրցույթների մասնակցելու դեպքերում):

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը