Մեկնաբանություն

21.10.2015 00:10


Կարմիր կովն ու իր կաշին

Կարմիր կովն ու իր կաշին

Ինչպե՞ս կարելի է հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը, թե Սահմանադրությունը փոխում է հանուն երկրի ու ժողովրդի զարգացման, հանուն օրինականության ու արդարության հաստատման, հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բարելավման, երբ այդ գործընթացն ուղեկցվում է աղաղակող խախտումներով:

Առաջին խախտումն այն էր, որ հանրային պահանջի բացակայության պայմաններում Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործին: Այսինքն` արհամարհեց հարությանը, ողջ հայ ժողովրդին եւ սեփական իշխանությունը վերարտադրելու նպատակով նախաձեռնեց այդ գործընթացը:

Երկրորդ խախտումն այն էր, որ դրանում ներգրավեց Գագիկ Հարությունյանին, որը գլխավորում էր սահմանադրական փոփոխություններ իրականացնող հանձնաժողովը եւ քարոզում էր ՀՀԿ ղեկավարի նախաձեռնության օգտին: Այսինքն` սույն «անաչառ» հանձնաժողովի ղեկավարը վերջնականապես կորցրեց վստահությունը հանրաքվեի արդյունքների հետ կապված սպասվելիք վեճի հետ կապված (ենթադրենք՝ հանրաքվեի արդյունքները վիճարկվեն ՍԴ–ում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վճիռ կայացնի մի մարմին, որի ղեկավարը շահագրգիռ կողմ է եղել սահմանադրական փոփոխությունների գործընթացում)։

Երրորդ խախտումն այն է, որ սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կազմակերպող շտաբի պետ նշանակեցին վարչապետին, ինչի իրավունքը չունեին, քանի որ Հանրաքվեի մասին օրենքի համապատասխան հոդվածով՝ քարոզչական աշխատանքներում վարչապետի մասնակցությունը բացառվում է:

Ներկայացվածն այս գործընթացքում թույլ տրված օրինախախտումների մի մասն է միայն (մինչ հանրաքվեի պաշտոնական քարոզարշավի մեկնարկն իշխանությունն անցած մեկուկես տարիներին զբաղված էր «բարեփոխումների» քարոզով, պետական կառույցները բանուգործը թողած` զբաղված էին ՀՀԿ ղեկավարի նախաձեռնությունը սպասարկելով եւ այլն):

Այսպիսի անօրինական քայլերով ու որոշումներով է Սերժ Սարգսյանը փորձում գնալ «բարեփոխումների», որոնց հետեւող ցանկացած քաղաքացի առնվազն տարակուսում է` գործող Սահմանադրությունն ու օրենքները չհարգող իշխանությանը մի՞թե հաջողվելու է հանրաքվեից հետո այնպես կերպարանափոխվել, որ ի վիճակի լինի տարրական հարգանք դրսեւորել նոր Սահմանադրության եւ օրենքների նկատմամբ: Պատկերավոր ասած՝ մի՞թե կարմիր կովը կաշին կփոխի: Հարցադրումը հռետորական է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը