Հարցազրույց

21.10.2015 00:05


Արամ Հարությունյան. ««Ո՛չ»–ի ճակատում ոչ մեկը մյուսի դեմ հակաքարոզչություն չպետք է տանի»

Արամ Հարությունյան. ««Ո՛չ»–ի ճակատում ոչ մեկը մյուսի դեմ հակաքարոզչություն չպետք է տանի»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Սահմանադրական փոփոխությունների քարոզչական փուլն արդեն սկսվել է (թեև ոչ ֆորմալ առումով այն վաղուց էր սկսվել)։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։

–«Այո»–ի առումով ամեն ինչ պարզ է. իշխանության հին ձեռագիրն է։ Բնական է, որ նրանք ամեն գնով փորձելու են այնպես անել, որ «այո»–ներն ավելի շատ լինեն, քան «ոչ»–երը։ Արդեն իսկ հավասար հնարավորություններ չեն տրվում «այո»–ի և «ոչ»–ի կողմնակիցներին՝ եթերով հանդես գալու։ Ինչ վերաբերում է «Ոչ»–ին, ապա բազմիցս ասել եմ, որ «Ոչ»–ի շարժումը պետք է լիներ ազգային–ազատագրական պայքար։ Բայց սկզբում ստեղծվեց «Ոչ»–ի ճակատ, հետո այդ ճակատը, ցավոք, մասերի բաժանվեց, և համախմբում տեղի չունեցավ։ Այժմ թվում է՝ «Ոչ»–ի ներսում պայքարը գնում է ընդդիմադրի տիտղոսի համար, այլ ոչ թե իրոք «ոչ»–ի։ Իրականում ոչ մեկը մյուսի դեմ հակաքարոզչություն չպետք է տանի. հիմնական թիրախը պետք է լինի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, իսկ քարոզը՝ «Ո՛չ»–ը։

–Ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հանրաքվեի հետ կապված։

–Սերժ Սարգսյանը բավականին մեծ ռիսկի է գնացել. ամեն ինչ մի զամբյուղի մեջ է դրել։ Որովհետև, եթե հանկարծ ինքը պարտվի, միանգամից ամեն ինչ է կորցնում։ Եվ հետո ինքն այնպիսի վիճակում է, որ հենվել է շատերին դավաճանած մարդկանց վրա, ու չի բացառվում, որ նրանք նաև իրեն կդավաճանեն։ Էլ չեմ ասում, որ ինքն էլ է շատ մարդկանց «վրայից թռել»։ Բայց եթե մինչև հանրաքվեն այս ձևով շարունակվի, իշխանությունն այն կանցկացնի, քանի որ ընդդիմությունը մի քանի սխալներ արեց։ Եթե ընդդիմությունը չկարողանա հակազդեցության էներգետիկա ստեղծել, ապա իշխանության համար շատ ավելի հեշտ է լինելու հանրաքվեն «անցկացնելը»։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը