Լրահոս

19.11.2009 17:37


Նոյեմբերի 26–ին Նիկոլ Փաշինյանը դատարանում ցուցմունք կտա

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով հերթական նիստը։ «7օր»-ի  հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ  այսօրվա նիստում լսել են երեք վկաների  ցուցմունքները, ինչից հետո մեղադրող կողմը հրաժարվել է մնացած բոլոր վկաներին դատարան հրավիրելուց։

Այն հարցին, թե ո՞րն էր պատճառը, նա պատասխանել է, որ մեղադրող կողմի պատճառաբանությունն այն էր, որ արդեն հարցաքննված վկաները բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար։

-Բայց մեր կարծիքով իրականում հարցաքննված վկաները վկայում էին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրականում հանցագործություն չի կատարել, և նախաքննական մարմինն ու նրանց վկաները, ըստ էության, խայտառակ էին լինում, դրա համար նրանք դադարեցրին վկաներին հարցաքննելու ընթացքը,-ասել է նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է ցուցմունք տա։

Նշենք նաև, որ նոյեմբերի 15-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության դեմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանի բողոքի քննությունը: Լուսինե Սահակյանը վիճարկում է անձնագրային և վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվում է  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության տեղեկանք տրամադրել՝ պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչև այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ՝ նա Հայաստանում չի բնակվել:

Լուսինե Սահակյանն ասել է, որ նիստը կայացել է, և վաղը՝ առավոտյան ժամը 10-ին, դատարանը կհրապարակի դատական ակտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը