Մեկնաբանություն

19.10.2015 22:41


Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Մելիք–Ադամյանի» տեսությունը

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Մելիք–Ադամյանի» տեսությունը

«Ազատության» հարցին, թե Սերժ Սարգսյանը շարունակելո՞ւ է ղեկավարել երկիրը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավար է, որն այսօր իշխանություն է վայելում երկրում, իշխանության գլուխն է, և եթե այդ նույն կուսակցությանը հաջողվի հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ մեծամասնություն, իհա՛րկե։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ կուսակցության ղեկավար, բնականաբար, նա կունենա մեծ ազդեցություն երկրի քաղաքական զարգացումների վրա, եթե այդպես տեղի չունենա, օրինակ՝ իշխանությունը ձևավորվի կոալիցիոն, իհա՛րկե, իրավիճակն էապես կարող է փոխվել, եթե Հանրապետական կուսակցությունը չհաղթի, արմատապես իրավիճակը կարող է փոխվել»։

Ըստ էության, Դավիթ Հարությունյանը բացահայտել է սահմանադրական փոփոխությունների ողջ «փիլիսոփայությունը»: Ավելի ճիշտ` այդ փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանի ցանկությունն ու մտադրությունը:

Եթե նկատի առնենք այն, որ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողները վաղուց էին խոսում այս ամենի մասին, ապա Հարությունյանի հայտարարությունը հազիվ թե կարելի է բացահայտում համարել: Պարզապես, երբ ՀՀԿ ղեկավարի վերարտադրության գործընթացն այսքան մանրամասն ներկայացնում է ՀՀԿ-ականը, սա՛ է զարմանալին եւ հետաքրքիրը:

Ախր, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ինքը նախագահի կամ վարչապետի պաշտոն չի ուզում, իսկ Դավիթ Հարությունյանն էլ ասում էր, որ ՀՀԿ ղեկավարը նաեւ ԱԺ նախագահի պաշտոնի չի հավակնում: Ուրեմն, մնաց «գենսեկի» ամենազոր պաշտոնը, որի շնորհիվ Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն կունենա երկրի քաղաքական զարգացումների վրա: Հենց սա՛ է կարեւորը, ինչի մասին հրապարակավ հայտարարում է Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքում տեղ գտած «եթե»-ները ձեւական են. ստից զեղումների շարքից են:

Պարզ է, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել ՀՀԿ-ն եւ, ինչպես մինչև օրս է վայելել իշխանությունը, այնպես էլ հանրաքվեից հետո է ցանկանում վայելել իշխանությունը` երկիրը ղեկավարելով ՀՀԿ ղեկավարի առանձնասենյակից: Իսկ տարբեր ռանգի իշխանավորները եւ նաեւ` ՀՅԴ-ն, մինչեւ հիմա բոլորիս փորձում են հավատացնել, թե Սերժ Սարգսյանի եւ գործող իշխանության վերարտադրության համար չեն գնում չակերտավոր բարեփոխումների: Մինչդեռ Դավիթ Հարությունյանը հստակ ցույց է տալիս վերարտադրման նոր մոդելը, ինչն առանց կառավարման գործող մոդելը փոխելու անհնար կլիներ իրագործել:

Ինչեւէ, Սերժ Սարգսյանի պատվիրած նոր Սահմանադրությունն իր համար իշխանությունը երկարատեւ ժամանակահատվածում ՎԱՅԵԼԵԼՈՒ մասին նախագիծ է: Իսկ այն ամենը (մարդու իրավունքներ, երկրում կուտակված խնդիրների լուծում, ֆլան-ֆստան), ինչով տեւական ժամանակ բթացնում են մարդկանց ուղեղները, կոպիտ ասած, «ֆնդըխ» բաներ են: Գլխավորն իշխանության վայելքը երկարաձգելն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը