Մեկնաբանություն

12.10.2015 15:23


Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի խորհրդանշական մեկնարկը

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի խորհրդանշական մեկնարկը

Հանրաքվեի օր նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի ստորագրության թանաքը դեռ չչորացած` ԿԸՀ-ն հայտարարեց քարոզարշավի մեկնարկի մասին:

Պարզվում է՝ հոկտեմբերի 10-ից մեկնարկել է քարոզարշավն, ու այդ մասին տեղյակ են միայն ԿԸՀ-ն ու ՀՀԿ-ն: Այս երկու կառույցն են ակտիվորեն ներկայացնում ու քննարկում քարոզարշավի «ձեւաչափերն» ու «առանձնահատկությունները»: Իսկ մնացածը Երեւանի տոնին նվիրված քեֆերի մեջ էին. կոչումներ ու մեդալներ էին բաժանում ու ստանում:

Դե, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը` Սերժ Սարգսյանն էլ էր տոնական միջոցառումներին ու գալա-համերգին մասնակցում: Հիմա էլ գնում է Սյունիքի մարզ` Կապանի տոնին մասնակցելու, նաեւ Գորիսում է լինելու: Իրականում՝ հանրաքվեին տոկոս խփելու գործում Լիսկային ոգեւորելու համար:

Շատ խորհրդանշական է, որ քարոզարշավի մեկնարկին Սերժ Սարգսյանը առաջինը այցելում է հենց Սյունիքի մարզ: Այս ֆոնին Տիգրան Մուկուչյանի պնդումը ծիծաղելի է։

«Այս հարցում մեր մոտեցումը մեկն է: Ինչպես նախորդ ընտրությունները, այնպես էլ հանրաքվեն կազմակերպվելու է և անցկացվելու Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի պահանջներին լիակատար համապատասխան»,– հայտարարել է Մուկուչյանը:

Հաստատ ինքն էլ իր ասածին չի հավատում, բայց դե, մի բան պե՞տք է ասի, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա կարծես թե «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներն առանձին–առանձին են իրականացնելու քարոզարշավը:

ՀՅԴ-ն իր «այո»-ն ՀՀԿ-ից «անկախ» է քարոզելու:

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեֆիլյանն էլ ՀԱԿ-ից և «Չե՛ք անցկացնիից» առանձին են «ոչ» ասելու, քանի որ մարտավարական տարբերություններ ունեն։ Սերժ Սարգսյանին աջակցելու ուրիշ ինչ ձեւ կա՞, քան «ոչ»-ի ճակատի տրոհված քարոզարշավների իրականացումն է:

Ինչեւէ, քարոզարշավն արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է` ի դժբախտություն հայ ժողովրդի, որին իրենց քարոզներով մինչեւ դեկտեմբերի 4-ը փորձելու են մոլորեցնել ագրեսիվ փոքրամասնություն կազմող «այո»-ականները: Հուսանք՝ վերջիններիս դա չի հաջողվի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը