Լրահոս

19.11.2009 13:33


ԲՀԿ–ն Երևանի ավագանու մանդատները վա՞յր կդնի

ԲՀԿ–ն Երևանի ավագանու մանդատները վա՞յր կդնի

Մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հնարավոր է, վայր դնի Երևանի ավագանու իր մանդատները, ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը «7օր»-ին ասել է, թե այդ լուրը չի համապատասխանում իրականությանը, սակայն որ ավագանու գործունեության մեջ կան հարցեր, որոնք ԲՀԿ խմբակցությանը չեն բավարարում, ակնհայտ է.

-Երեկվա ավագանու նիստում տարաձայնությունը վերաբերում է մի որոշման փոփոխությանը, որի հետևանքով ավագանու նիստերի քվորումը կապահովվեր ձայների ¼-ով, իսկ մինչ այդ գործում էր կարգ, որ ձայների 50%-ով էր ապահովվում։ Հիմա ստացվում է այնպես, որ 17 մարդու ներկայությամբ արդեն 65 հոգանոց ավագանու նիստը համարում է, որ քվորում ունի։ Մեր խմբակցությունը դեմ էր դրան։ Խոսվել է ոչ թե այդ պահին մանդատները վայր դնելու մասին, այլ ասվել է, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում նաև, որ մանդատները վայր կդնենք։ Դա ասել է Արման Վարդանյանը։

«Փաստորեն չի բացառվում, որ այդպես էլ կշարունակվի, հետևաբար չի բացառվում նաև մանդատներից հրաժարվելը» լրագրողի մասնավորեցնող հարցին Բաղդասար Մհերյանը պատասխանել է. «Այո՛, չի բացառվում»։

Հարցի առնչությամբ «7օր»-ը կապ է հաստատել նաև Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանի հետ, ով նշել է, որ խմբակցությունում ավագանու որևէ անդամ երբեք կառչած չի եղել մանդատներից, և դեպքերի նման զարգացման դեպքում չի բացառվում, որ իրենք հրաժարվեն ավագանու մանդատներից։

-Մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև մոտեցումներ իրենց առաջարկների վերաբերյալ, որոնք չեն ընդունվում։ Եթե այս պայմանները շարունակվեն, և նման ձևով փորձ արվի ձախոխել մեր աշխատանքները, բնականաբար մենք միգուցե և ավելի արմատական մոտեցում ցուցաբերենք, և քանի որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, միգուցե նաև չշարունակենք մեր աշխատանքը ավագանիում։ Սակայն այս պահին այդ հարցն օրակարգում դրված չէ,- ասել է Արման Վարդանյանը։

Ընդհանուր առմամաբ, գնահատելով քաղաքապետարանի և մասնավորապես քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աշխատանքը՝ Արման Վարդանյանն ասել է, որ աշխատանքներ տարվում են, սակայն պետք է վերանայել քաղաքապետ-ավագանի աշխատանքների տրամաբանությունը։

-Եթե մի տեղ կա երկու քաղաքական ուժ, ապա որևիցե լուծում պետք է ի կատար ածվի քաղաքական կոնսենսուսի հետևանքով։ Եթե այդ բաղադրիչները բացակայում են, աշխատանքը տարվում է ոչ ճիշտ հունով։ Իսկ քաղաքապետի աշխատանքից երևանցիները պետք է գոհ լինեն, մենք գոհ ենք մեր աշխատանքից, մեր արած քայլերից և այն կառուցողական առաջարկներից, որոնք մենք կարողանում ենք անել, և որոնց մի փոքր մասն էլ կարողանում ենք ի կատար ածել,- ընդգծել է Ա.Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը