Մեկնաբանություն

07.10.2015 09:45


ՀՀԿ–ական Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագրի» Շարմազանովը

ՀՀԿ–ական Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագրի» Շարմազանովը

Հերթական անգամ հայտնի ծակուծուկերից դուրս վազեցին «խավարասերները», որպեսզի արձագանքեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Նման «արտակարգ իրավիճակներում» իսկապես դժվար է զանազանել շարմազանովներին նիկոլներից:

Ասենք, Նիկոլ Փաշինյանը միանգամից դառնում է ՀՀԿ-ական, իսկ Շարմազանովը` «Քաղպայմանագրի» անդամ: Բոլորը միասին` «Այո՛ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը» կործանարար ծրագրի ջերմեռանդ պաշտպաններ:

Ի՞նչ մի նոր բան ասաց ՀՀ երկրորդ նախագահը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանի ապագայի համար ծայրահեղ վտանգավոր սահմանադրական նախագծով սահմանվում է մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում` իշխանության մեջ: Բոլորն են համոզվել, որ այդ ձախավեր նախագծով երկրում հաստատվելու է քաղաքական մենաշնորհ, ինչը չարիք է պետության համար: Հետեւաբար, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ ԽՄԿԿ-ի վերակենդանացումը` «գենսեկ»-ի աթոռին Սերժ Սարգսյանի տեսքով:

Ո՞ւմ հայտնի չէ այս աղետաբեր հեռանկարը:

«Ամենատես» Նիկոլն այս հեռանկարը չտեսնելու է տալիս ու ստեր փչում քոչարյանական կառավարման տասը տարիների մասին («Վերջի բոլշեւիկի» սրտին յուղ քսելով):

Շատ զվարճալի է, երբ ՀՀԿ ղեկավարը պախկվում է նիկոլների ու շարմազանովների թիկունքում:

Ի պատասխան սահմանադրական փոփոխություններն անընդունելի համարող Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ Շարմազանովը ջղաձգված բղավում է, թե` Ռ. Քոչարյանը չի ուզում, որ ինչ-որ բան փոխվի երկրում:

-Ախր, կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, տեղում դոփելն անկարելի է,- վարժապետի տոնով շեշտում է Շարմազանովը:

Կատարյալ զավեշտ:

2008-ից Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքը եղել է այն, որ արդեն յոթ տարի երկիրը տեղում դոփում է ու ոչ մի քայլ առաջ չի գնում: Գործող Սահմանադրությունն էր կյանքի ընթացքը կանգնեցրել կամ թույլ չէր տալիս տեսնել, որ աշխարհն արագ է փոխվում: Ու դրա համար էլ Սերժ Սարգսյանը տեղում դոփելուց բացի՝ ուրիշ ոչինչ չէր կարողանում անել: Արդեն յոթ տարի: Ավելի ճիշտ՝ 2008-ից մինչ օրս տեղում էլ չենք դոփում, այլ հետ ենք գնում:

Եթե մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի կարողացել որեւէ ոլորտում դրական տեղաշարժ արձանագրել, ապա միայն հիմարը կհավատա, թե սահմանադրական փոփոխություններից հետո «գենսեկության» ձգտող նույն անձն ի զորու է ինչ-որ բան փոխել երկրում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը