Հարցազրույց

06.10.2015 14:55


Արմեն Գրիգորյանն անդրադարձել է երեկվա ակցիային ու ԱԺ–ում տեղի ունեցած քվեարկությանը

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է երեկվա ակցիային ու ԱԺ–ում տեղի ունեցած քվեարկությանը

Հարցազրույց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի հետ

–Երեկ, փաստորեն, իշխանությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մի քանի հարյուր հոգանոց քաղաքական ակցիան պատրաստ են բռնի ուժով ցրել և մարդկանց բերման ենթարկել։ Մինչդեռ մենք տեսել ենք, որ այսպես կոչված քաղաքացիական ակցիաների դեպքում մեղմ մոտեցում է ցուցաբերում ոստիկանությունը։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։

–Սերժ Սարգսյանի համար սահմանադրական այս փոփոխություններն ամբողջովին վերարտադրության ծրագիր են, ու, բնական է, որ դրա դեմ ուղղված ցանկացած պայքար պետք է փորձեն ճնշել, այն էլ՝ բռնի ուժով։ Երբ պաստառի վրա ընդամենը մի փոքր «ո՛չ» է գրված, նույնիսկ դա է իրենց համար անընդունելի։ Վարդան Պողոսյանի և մյուսների բոլոր հայտարարությունները, թե սա ժողովրդավարական, մարդակենտրոն գործընթաց է, որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում։ Հենց ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու նոր Սահմանադրությունը և դրա կիրառումը, այն է՝ ցանկացած տեսակի բողոքի գործողություն կամ ընդվզում իրենց համար անընդունելի է լինելու, և չեն թողնելու որևիցե մեկը պայքարի։ Հենց դրա համար են ուզում նոր Սահմանադրությունը անցկացնել, որ հանկարծ փողոցում իրենց դեմ պայքարելու համար նույնիսկ մի քանի հարյուր հոգի էլ չհայտնվի։

–Իսկ իշխանության երեկվա վարքագիծը ձեր հետագա գործողությունների վրա որևէ ազդեցություն թողնելո՞ւ է։

–Ազդեցությունն այն է լինելու, որ, միանշանակ, ավելի շատ մարդ է միանալու «ո՛չ»–ի պայքարին։ Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բռնություն բերում է նոր մասնակիցների միացմանը պայքարին։

–Երեկ ԱԺ–ն ընդունեց, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է դրվի հանրաքվեի, ու հիմնական իշխանական ուժերը կամ իշխանության ազդեցության տակ գտնվող մարդիկ կողմ քվեարկեցին։ Բայց եղան նաև դեմ ձայներ և չքվեարկողներ։ Ինչպե՞ս եք գնահատում քվեարկության պատկերը։

–Քվեարկության պատկերը որոշակիորեն պարզ էր դեռ քվեարկությունից առաջ. փետրվարյան դեպքերից հետո հայտնի էր, որ ԲՀԿ–ն միանալու է «այո»–ին, բայց Սերժ Սարգսյանին չհաջողվեց ամբողջ ԲՀԿ–ին միացնել իր «այո»–ի «շարժմանը»։ ԲՀԿ–ում եղան մարդիկ, ովքեր դեմ էին սահմանադրական փոփոխություններին ու նախկինում հայտարարած իրենց սկզբունքը, որ «դեմ» են, չփոխեցին։ Եղան նաև մարդիկ, որ մինչև փետրվարը հայտարարում էին, որ իրենք սահմանադրական փոփոխություններին, վերարտադրությանը դեմ են, իսկ այժմ փոխեցին իրենց կարծիքը և հայտարարեցին, որ սա վերարտադրության Սահմանադրություն չէ։ Տեսակետ փոխողները միացել են Վարդան Պողոսյանին, ով ասում էր, թե, իբր, սա ժողովրդավարացման Սահմանադրություն է, ինչն իրականում կեղծ թեզ է։ Միանշանակ, ողջունելի է, որ ԲՀԿ խմբակցության նոմինալ ներկայացուցիչներից եղան մարդիկ, ովքեր իրենց սկզբունքներին չդավաճանեցին և «կողմ» չքվեարկեցին նոր Սահմանադրությանը ու չմիացան այսպես կոչված «այո»–ի «շարժմանը»։

–«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հետագա գործողություններն ինչպիսի՞ն են լինելու։

–Ինչպես հայտարարել էինք, հոկտեմբերի 30–ին՝ 18։00–ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք ենք հրավիրել։ Բացի դրանից, մարզային այցելություններ ենք սկսում, մարզային հանդիպումներ կլինեն, ու նաև աշխատանք կտարվի հանրության հետ։ Ունենք PR թիմ, որն աշխատելու է հանրությանն իրազեկելու ուղղությամբ՝ ինչպես միանալ մեր գործողություններին, «Չե՛ք անցկացնի»–ին ու «Ո՛չ»–ի շարժմանը։ Այսինքն, լայնամասշտաբ աշխատանք են սկսում կատարել, որպեսզի հոկտեմբերի 30–ին ավելի մեծ հանրահավաք ունենանք ու շարժումն ավելի ուժեղացնենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը