Տնտեսական

18.11.2009 18:44


Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային Ժողովում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային Ժողովում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ։

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նախագծի համար ուղենիշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է' հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Կայուն զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթները, ինչպես նաև կոալիցիա կազմող քաղաքական ուժերի կողմից մշակված հիմնադրույթները։
Աժ-ում ավանդույթ է ձևավորվել' մինչև 2010 թվականի բյուջեի նախագծին անդրադառնալն ամփոփել այն խնդիրները, որոնք կուտակվել են ընթացիկ տարվա ընթացքում եւ այն միջոցառումները, որոնք իրականացվել են կառավարության կողմից։ Ցանկանում եմ առաջին հերթին անդրադառնալ հակաճգնաժամային միջոցառումներին և այն գործողություններին, որոնք համատեղ ենք իրականացրել։ Մեր հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը պարզ է' էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյուկտուրայի բացասական ազդեցությամբ պայմանավորված ժամանակավոր դժվարություններ։ Այս երեք ուղղություններով տարվող միջոցառումները բխում են սոցիալական մեր պարտավորություններից։ Խոսքն այն սոցիալական պարտավորությունների մասին է, որոնք կառավարությունը և Ազգային Ժողովը ընդունել էին' հաշվի առնելով 9 տոկոսանոց աճի կանխատեսումները։ Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ 2009 թվականին տնտեսական անկում ենք ունեցել, մեր ընդունած սոցիալական պարտավորությունների այս բարձր նիշը պարտավորվել էինք կատարել ամբողջ ծավալով և ժամանակին։
Եվ այսպես, որոնք էին ենթակառուցվածքների ոլորտում իրականացրած մեր միջոցառումները։
Դուք հիշում եք, հանրապետության նախագահը ԱԺ-ում հանդես եկավ' ներկայացնելով այն խոշոր ծրագրերը, որ միասին պետք է իրականացնենք։
• Առաջին և կարևորագույն ծրագիրը նոր ատոմակայանի կառուցումն էր, և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն իսկ սկսված են։ ԱԺ-ն ընդունել է օրենք նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին, ինչպես նաև կառավարության կողմից հայտարարվել է մրցույթ' կառավարիչ ընկերություն ընտրելու նպատակով։ "Warley Parsons" ընկերությունը ճանաչվել է հաղթող։ Ատոմակայանի նոր բլոկը կառուցելու համար 2009թ.-ին ծախսվելու է 400 հազար դոլար։
• Երկրորդը Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագիրն է, որով 2009 թվականին իրականացվում է շուրջ 24 մլրդ դրամի աշխատանք' 2008 թվականի 15 մլրդ դրամի համեմատ։
• Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ծրագրով 2009 թ. ներդրումները կկազմեն 97 մլն դոլար' 2008 թ. 64,8 մլն դոլարի համեմատ։
• Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագրով 2009 թ. կիրականացվեն 4 մլրդ դրամի ներդրումներ' 2008-ի շուրջ 2 մլրդ դրամի համեմատ։
• Մինչև 2009 թվականի ավարտը հանրապետությունում շահագործման կհանձնվեն 384 կմ ճանապարհներ' 2008 թվականի 163 կմ-ի դիմաց։

  • 2009 թ. ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման ոլորտներում, որպես հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մաս և գործող ծրագրերի շարունակություն, նախատեսվում է իրականացնել KfW բանկի կողմից 30 մլն եվրոյի ներդրում, ԵՎԶԲ-ի կողմից 20 մլն եվրոյի և ՀԲ-ի կողմից 30 մլն դոլարի ներդրումներ, այդ թվում' վերանորոգվել է 300 կմ ներքին ցանց և 50-ից ավելի պոմպակայան։
  • ,Հազարամյակի մարտահրավերներե հիմնադրամի ծրագրով ,Ոռոգման ենթակառուցվածքներե և «Ջրից դեպի շուկա» բաղադրիչների միջոցով տարեվերջում ներդրումները կկազմեն 21 մլն դոլար։

• Աղետի գոտում մինչև տարեվերջ կծախսվի մոտ 25 մլրդ դրամ, կկառուցվի 1760 բնակարան եւ կհանձնվի շահագործման շուրջ 118 հազ. քմ մակերեսով բնակելի տարածք։ Արդեն իսկ տրամադրվել է 403 մլն ԲԳՎ (բնակարանների գնման վկայագիր)։ 2008 թվականին աղետի գոտում շինարարական աշխատանքներ չեն իրականացվել։ Մենք տրամադրել էինք ավելի քան 2 184 մլն դրամի ԲԳՎ։

  • Սկսվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի նախագծային աշխատանքները։ Տեղյակ եք, որ Ասիական բանկը մեզ հատկացրել է 500 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որի առաջին մասնաբաժինը' 60 միլիոն դրամն արդեն իսկ հաստատված է։
  • Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրերը մի փոքր ուշացել են Իրանի քաղաքական իրավիճակով պայմանավորված, բայց մեր կողմից արդեն իսկ ստեղծվել է երկաթուղու շինարարության տնօրինություն, որին արդեն իսկ հատկացվել են բյուջետային միջոցներ' շինարարության աշխատանքներն սկսելու նպատակով։ Այսինքն, աղետի գոտում կատարված ծախսերը 2009 թվականին մեր ընդհանուր ծախսերի մեջ ունեն էական տեսակարար կշիռ։

2009 թվականին հիմնադրվել է Համահայկական բանկը, որն իր ակտիվ գործունեությունը կսկսի 2010 թվականին։ Այսօր Համահայկական բանկի գործունեությունը սկսելու համար մենք բիզնես ծրագրի մշակումը, ինչպես նաև բանկի կառավարչի ընտրությունն իրականացնելու խնդիրը պատվիրել ենք միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։

 

Հակաճգնաժամային մեր ծրագրի երկրորդ թիրախը փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակությունն էր։ Այդ նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները.

  • ՌԴ վարկի միջոցներից 18.5 մլրդ դրամ տրամադրվել է վարկավորման համար։

• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին և ՈւՎԿ-ին, որը ստեղծվել է կառավարության որոշմամբ, հատկացվել է համապատասխանաբար 3.7 և 6.4 մլրդ դրամ։
• Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից տրամադրվել է 17 մլրդ դրամ' ՓՄՁ վարկավորման նպատակով' ԿԲ-ի միջոցով։

  • Որպես փորձնական ծրագիր, առաջին անգամ ,պետություն և մասնավոր հատվածե համագործակության սկզբունքի ներքո ստեղծել ենք պանրի արտահանման կազմակերպություն, որի նպատակն է օժանդակել շուրջ 500 պանիր արտադրողներին' արտահանելու իրենց արտադրանքը ՀՀ-ից։
  • ՓՄՁ-երին օժանդակության նպատակով հարկային բեռի նվազեցում է կատարվել, որի շնորհիվ շուրջ 16.6 մլրդ դրամ հարկեր չենք հավաքագրել 2008 թվականի համեմատ, և այդ միջոցները մնացել են փոքր և միջին ձեռնարկությունների տնօրինության տակ' ավելացնելով նրանց խնայողությունները և բարձրացնելով նրանց դիմադրողականությունը։
  • Մենք միասին բարձրացրեցինք ավելացված արժեքի հարկի շեմը 3 միլիոնից այն հասցնելով 58,3 միլիոն դրամի, ինչի հաշվին միայն տնտեսվարողների մոտ հարկային գծով խնայողությունները կազմեցին շուրջ 11 մլրդ դրամ։ Այս ռեժիմից ՀՀ-ում օգտվում է մոտ 32 հազար տնտեսվարող։
  • 2009 թվականի ընթացքում ընկերությունների հարկային գերավճարները ՀՀ-ում 2008 թվականի համեմատ նվազել են 20 մլրդ դրամով։ Դա նշանակում է, որ տնտեսավարողների համար հարկային բեռը էապես թեթևացել է։ Հարկային վարչարարության բնագավառում, մենք ձեզ հետ միասին, մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններին ազատել ենք հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնից։ Վերացվել է ԱԱՀ ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջը, եթե շրջանառությունը փոքր է 100 մլն ՀՀ դրամից։ Իրականացրել ենք նաեւ հարկային հաշվետվությունների պարզեցում, նախկինում գործող հանձնաժողովների լուծարում և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային փոստով հնարավորություն է ընձեռվել հարկային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել։
  • 2009-ի ընթացքում կատարվեց մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների մոտ 22 մարմիների կողմից պարտադիր ստուգումների կասեցում։ ՓՄՁ-ների հաշվապահական հաշվառման ծառայություններում օժանդակություն ցուցաբերելու նպատակով պետությունը կատարել է լրացուցիչ ծախսեր, ստեղծելով հաշվապահական հաշվառման կենտրոն և այդ կենտրոնի միջոցով տրամադրելով էժան և ստանդարտ ծառայություններ, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունների շփումները հարկային մարմինների հետ հեշտացվեն։
  • 2009 թվականի ընթացքում մենք հիմնադրել ենք FREDA վենչուրային հիմնադրամը, որի նպատակն է մասնակցություն ունենալ գյուղատնտեսական ձեռնարկությունների կապիտալում և տրամադրել նրանց վարկային միջոցներ։

Միևնույն ժամանակ ձեռնարկվել են միջոցառումներ' բարելավելու մրցակցային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք էապես հեշտացրել ենք ձեռնարկությունների գրանցման գործընթացները, վերացրել ենք կանոնադրական կապիտալի պահանջը, մաքսատներում եւ մաքսային պահեստներում ձևավորել ենք բրոկերների ինստիտուտը,

.Կրճատել ենք ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը' 65-ից հասցնելով 16-ի։

.Պարզեցվել են արտահանման գործընթացները' ինչպես փաստաթղթերի, այնպես էլ ընթացակարգերի   կրճատման միջոցով։

.2009 թվականի նոյեմբերից վերացվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի, խեցգետնի և պանրի արտահանման արգելքը, որը գործում էր 2007 թվականից կենդանական ծագման բոլոր մթերքների նկատմամբ։ Արտահանման հնարավորության ընձեռումը ամենակարեւոր գործոններից է ձկնաբուծության զարգացման համար։ Մենք անդամակցեցինք GSP+ համակարգին, որը նվազեցնում է դեպի Եվրամիություն մեր արտահանողների ծախսերը։

.2009 թվականին մեր շուկայում հայտնվեց Orange համաշխարհային ընկերությունը, որը, մեր կարծիքով, էապես կբարձրացնի մրցակցությունը այս ոլորտում։ Orange-ի ներդրումները մինչ այժմ կազմում են շուրջ 90 մլն դոլար։ Մեծածախ ինտերնետ ծառայությունների ոլորտում նոր տիպի ծառայություններ սկսեցին մատուցվել 3G, 3G+, WiMax, Tryple play և այլ տիպի նոր ծառայություններ։
Թվարկված միջոցառումները նպաստեցին որ բարելավվի 2009 թվականի բիզնես միջավայրը, եւ Համաշխարհային բանկի "Doing bussiness"-ի չափանիշները ՀՀ-ում բարելավեցին 7 կետով։ Մենք 50-րդից տեղափոխվեցինք 43-րդ տեղը։
• Հասցեագրված օժանդակության նպատակով ձեզ հետ միասին հնարավորություն ընձեռեցինք 300 մլն ՀՀ դրամի և ավելի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգում իրակացնել մինչև 3 տարի ժամկետով։ Այս ամիսների ընթացքում արդեն հաստատված են 4 ներդրումային ծրագրեր' շուրջ 8 մլրդ դրամ բյուջեով։ Կառավարությունում գործում է օպերատիվ շտաբ, որի կողմից քննարկվել է շուրջ 49 կոնկրետ նախագիծ' գյուղմթերքների վերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում' 14,5 մլրդ դրամ ընդհանուր նախագծային արժեքով։

  • Ի լրումն վերը նշվածի, վարկային միջոցներ են տրամադրվել նաև համակարգաստեղծ ձեռնարկություններին, որոնք ունեին ժամանակավոր դժվարություններ. պղնձամոլիբդենային ոլորտում, ինչպես նաև ,Հայռուսգազարդե-ին տրամադրվել են կարճաժամկետ միջոցներ, որոնց ծավալը կազմել է շուրջ 79 մլն. դոլար։ էներգետիկայի ոլորտում ծախսվել է շուրջ 29 մլրդ դրամ' 2008 թվականի 19.8 մլրդ դրամի համեմատ։ Գյուղատնտեսության ոլորտում որպես առավել հեռանկարային ուղղություն կարևորվել է օրգանական գյուղատնտեսության զարգացումը և վարկային միջոցներ են տրամադրվել կառավարության կողմից այս ոլորտում պիլոտային ծրագրեր իրականացնելու նպատակով։ 2010 թվականին մենք այս գործընթացը շարունակելու ենք։
  • Իրական հատվածին ՌԴ վարկի միջոցներից լրացուցիչ ուղղվել է 30 մլրդ դրամ, որը նպաստելու է տնտեսության վերականգմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև 12 մլրդ դրամ' Ազգային Հիփոթեքային ընկերությանը, որը ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

• Կարևորելով անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի խթանումը, 4 կազմակերպության տրամադրվել է 3,5 մլրդ դրամի երաշխիք, միևնույն ժամանակ ԿԲ-ն հիփոթեքային հիմնադրամի միջոցով, որին տրամադրել ենք 12 մլրդ դրամ, նպաստելու է բնակարանների նկատմամբ պահանջարկի ավելացմանը։
Արդյո՞ք թվարկված միջոցառումները բավարար են, որպեսզի մենք ամբողջությամբ ձեզոքացնենք համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները։ Իհարկե' ոչ։ Բայց արդարացի՞ է չնկատել այս մեծածավալ աշխատանքները, որ մենք, ձեզ հետ միասին իրականացրել ենք ընթացիկ տարվա ընթաքում։ Իհարկե' ոչ։
Ցանկանում եմ անդրադառնալ սոցիալական պարտավորությունների կատարմանը։ 2008 թ. հետ համեմատած մենք մեր սոցիալական ծախսերն ավելացրել ենք շուրջ 14 տոկոսով։ Կրթության ոլորտում ծախսերը 2009 թ. կազմում են 109 մլրդ դրամ' 2008 թ. 104,5 մլրդ դրամի դիմաց, առողջապահության ոլորտում ծախսերը կկազմեն 56,5 մլրդ դրամ 2008 թ. 49,4 մլրդ դրամի դիմաց։ Հանրապետության մարզերում բուժօգնության մատչելիության եւ որակի բարելավման նպատակով իրականացվում են մարզային 8 հիվանդանոցների 6,6 մլրդ դրամի կապիտալ վերանորոգման աշխատանքներ եւ այլն։ Մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ այլ ոլորտներում։ Այսօր մեր նախարարները հնարավորություն կունենան ներկայացնելու կատարված աշխատանքները։
Մակրոտնտեսական կայունության ապահովումը եղել է մեր կարեւորագույն թիրախներից մեկը, որովհետեւ մակրոտնտեսական միջավայրը ստեղծում է բարենպաստ պայմաններ բիզնեսի զարգացման համար։ Հակաճգնաժային ռազմավարությունը, որ մենք ձեզ ներկայացրեցինք 2008 թ. նոյեմբերին եւ իրականացնում ենք 2009 թ., մեր կարծիքով' այլընտրանք չունի։ Այս ամիսների ընթացքում մեր միջոցառումներն արժանացել են քննադատության, բայց որեւիցե այլընտրանքային հակաճգնաժամային ռազմավարություն մենք չենք տեսել, եւ այս հակաճգնաժային ծրագիրը բարձր է գնահատվել նաեւ միջազգային կազմակերպությունների եւ մասնագետների կողմից։ Արդյունքում մենք կարողացել ենք ձեզ հետ միասին 2009 թ. ընթացքում, չնայած 18,3 տոկոսանոց տնտեսական անկմանը, ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ կուտակել բավարար պաշարներ' դիմագրավելու 2010 եւ 2011 թթ. մարտահրավերներին։
Զեկուցում եմ, որ մենք ունենք կուտակված բավարար ֆինանսական պաշարներ Կայունացման հիմնադրամում, որը ձեւավորել ենք Կենտրոնական բանկում։ Մակրոտնտեսական կայունության մասին է վկայում այն հանգամանքը, որ 2009 թ. ընթացքում վարկերի ծավալն ավելացել է 29 տոկոսով, հասնելով 365 մլրդ դրամի։ 2009 թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի նկատմամբ 17 տոկոսով ավելացել են կենսաթոշակների գծով կատարված մեր ծախսերը, 16,9 տոկոսով' աշխատանքային կենսաթոշակները, իսկ սոցիալական ծախսերը' 16,1 տոկոսով։ Գնաճի ցուցանիշը գտնվելու է ծրագրայինի շրջանակներում։
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մենք որդեգրել էինք ընդլայնողական քաղաքականություն։ Սա նշանակում էր, որ մենք չենք իրականացնելու սեկվեստր, այսինքն' բյուջետային ծախսերի կրճատում, ինչն անթույլատրելի է տնտեսական անկման պարագայում, քանի որ նման իրավիճակում պետության քաղաքականությունը պետք է լինի ընդլայնողական։ Դա ճգնաժամը դիմագրավելու հստակ ռազմավարություն էր։ Մեր բյուջետային ծախսերը 2009 թ. կկազմեն շուրջ 880 մլրդ դրամ։
Եւ այսպես, որոնք էին 2009 թ. դասերը։
Առաջինը, ճգնաժամն առավել ընգծված ձևով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը։ Տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ և զգացվում է ,երկար փողերիե խիստ անբավարարություն և դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն։ Դա նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը։
Երկրորդ' երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ և ցածր մրցակցային մակարդակ։ Մենք դա արձանագրում ենք նաև գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար։
Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ։
Երրորդ' պետական կառավարման համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայություն կամ թուլություն է նկատվում։
Չորրորդ' առողջապահության և կրթության բնագավառներում ֆինանսավորման մեխանիզմների թերացում կա։ Հանրապետության նախագահի կողմից մեր առջեւ խնդիր է դրված 2010 թ. ընթացքում այս երկու ոլորտներում իրականացնել ֆինանսական մեխանիզմների արմատական լուծումներ։
Եվ վերջին դասը տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մենք պարտավոր ենք արագացնել։
Հասկանալի է, որ 2010 թ. կառավարության գործողությունների ծրագիրը հիմնված է լինելու այս դասերի վրա եւ ուղղված է լինելու այս խնդիրների լուծմանը։
2010 թ. պետական բյուջեի կանխատեսումներն իրականացնելիս թիվ մեկ խնդիրն այն է, թե որքանով են իրատեսական այս ցուցանիշները։ Հանձնաժողովների համատեղ նիստում ես նշեցի, որ ճգնաժամի կարեւորագույն հատկանիշներից մեկը կայանում է նրանում, որ տնտեսական եւ տնտեսագիտական օրինաչափությունները դադարում են գործել, եւ այդ պարագայում բոլոր կանխատեսման մոդելները չեն աշխատում, ինչը ստիպում է աշխատել օպերատիվ ռեժիմով, եւ դուք ականատեսն էիք, թե ինչպես 2009 թ. ընթացքում ամեն ամիս փոխվում էին համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումները։ Մեզ համար նաեւ չափազանց կարեւոր էին Ռուսաստանի Դաշնության տնտեսության զարգացման միտումները, որոնք նույնպես ամեն ամիս ճշգրտվում էին։ Բնականաբար նույն ռեժիմով աշխատում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը' ամեն ամիս իրականացնելով ճշգրտումներ, գնահատելով համաշխարհային ճգնաժամի ազդեցության ուժգնությունը։ Այսօր դեռեւս քննարկումները 2010 թ. կանխատեսումների վերաբերյալ չեն ավարտվել, եւ կան տարբեր գնահատականներ, ընդ որում, այդ գնահատականներն այսօր նույնպես փոփոխվում են։ Հանձնաժողովների համատեղ նիստում ես նշեցի, որ այն բյուջեի նախագիծը, որ մենք ձեզ ներկայացրել ենք, հիմնված է մեր այն կանխատեսման վրա, որ մենք 2010 թ. ունենալու ենք 1,2 տոկոս տնտեսական աճ։ Միեւնույն ժամանակ ես ձեզ զեկուցեցի, որ ներկայացված բյուջեում արդեն իսկ կառավարության կողմից կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, մենք ավարտել ենք մեր բանակցությունները ,Հազարամյակների մարտահրավերներե ծրագրի հետ եւ պարտավոր ենք բյուջեում ավելացնել շուրջ 24 մլրդ դրամի ծախսեր, որ իրականացնելու ենք այդ միջոցների հաշվին։ Մենք արդեն իսկ Եվրամիությունից ստացել ենք դրական գնահատական առ այն, որ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու նպատակով 2010 թ. մենք կստանանք լրացուցիչ 100 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն, որը նույնպես ներառված չէ բյուջեում։ Ներկայացված բյուջեի նախագծի ծախսային մասն ավելանալու է շուրջ 18 մլրդ դրամով' ներառելով ավելացված արժեքի հարկի վերադարձը, եւ դա համադրելի է դարձնելու 2010 թ. բյուջեն 2009 թ. բյուջեի նախագծի հետ։
Հաջորդ կարեւորագույն փոփոխությունը։ Հաշվի առնելով վերջին երեք ամիսների տնտեսության դրական միտումները եւ այն տնտեսական աճի ցուցանիշները, որ մենք արձանագրում ենք վերջին երեք ամիսների ընթացքում, Հանրապետության նախագահի կողմից մեր առջեւ խնդիր է դրվել 2010 թ. էապես բարելավել ,հարկեր-ՀՆԱե հարաբերակցությունը, որի արդյունքում ներկայացված բյուջեի եկամտային մասը նույնպես կավելացվի շուրջ 17 մլրդ դրամով։ Արդյունքում 2010 թ. բյուջեի նախագիծը, հաշվի առնելով այս լրացումները ծավալային առումով շուրջ 50 մլրդ-ով կգերազանցի 2009 թ. բյուջեի նախագիծը։ Բյուջեի դեֆիցիտը մեր գնահատականներով լինելու է 6 տոկոսի շրջանակներում, այսինքն' 2009 թ. համեմատությամբ բյուջեի դեֆիցիտը նվազելու է 1-1,5 տոկոսով, ինչը բնականաբար ենթադրում է, որ նվազում է մեր պարտքի ներգրավման տեսակարար կշիռը 2009 թ. բյուջեի հետ համեմատած։
Կարծում եմ, այս լրացումները համահունչ են այն առաջարկություններին եւ դիտողություններին, որոնք հնչում էին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Մենք Ազգային Ժողովի պատգամավորների կողմից հնչեցված հարցերից կկարողանանք լուծել հետեւյալը.
Առաջինը, պաշտպանության նախարարության ծախսերը փաստացի կատարված 2009 թ. ծախսերից ավելի են լինելու 2010 թ.-ին, Լեռնային Ղարաբաղին հատկացվող գումարները նույնպես կլինեն ավելին, քան 2009 թ. ընթացքում։ Մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք դպրոցաշինությանն ուղղվող կապիտալ ներդրումները, ինչպես նաեւ ԱԺ նախագահի կողմից մատնանշված Խնայբանկի ավանդների հատուցման գումարներ նույնպես կնախատեսենք 2010 թ. բյուջեի նախագծում։ Պատգամավորներին նաեւ մտահոգում է արտաբյուջետային հաշիվների խնդիրը, եւ պատգամավորներն իրենց ելույթներում մատնանշում էին այս հանգամանքը։ Մենք կիսում ենք պատգամավորների մտահոգություններն այս հարցում եւ պատրաստ ենք ձեզ հետ միասին աշխատելու, որպեսզի արտաբյուջետային միջոցները ծախսվեն թափանցիկ, լինեն ձեզ համար հասկանալի, իսկ տեղեկատվությունը լինի ձեզ համար հասանելի, որպեսզի դուք կարողանաք վերահսկել արտաբյուջետային միջոցների ծախսման ուղղությունները։ Իսկ որոշ արտաբյուջետային միջոցներից մենք պատրաստ ենք հրաժարվել եւ ձեզ հետ միասին պատրաստ ենք աշխատել օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք այդ միջոցները կտեղափոխեն պետական բյուջե։
Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մի կարեւոր խնդրի, թե որն է մեր քաղաքացիներին մտահոգող ամենակարեւոր հիմնախնդիրը։ Մեր ուսումնասիրությունները եւ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը եւ փոխարժեքը եւ նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։ Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ինչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն։ Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին։ Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է։ Խոշոր բիզնեսի համար արժանապատվության խնդիր պետք է լինի հարկային պարտավորությունների կատարումը։ Այս գործընթացը մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք դարձնել թափանցիկ։ Այս խնդիրները լուծելու համար մենք ձեր դատին ենք ներկայացնելու երկու կարեւոր օրենսդրական նախաձեռնություն։ Առաջինը' Հայաստանի Հանրապետության 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են լինելու հրապարակայնորեն ներկայացնելու իրենց եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիր, եւ Հայաստանում գործելու է միասնական էլեկտրոնային ռեգիստր, որը հասանելի է լինելու բոլոր քաղաքացիների համար։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց հայտարարագրերում պետք է ներկայացնեն նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը։
Երկրորդ։ Հարկային մարմինների կողմից ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը ենթադրում է, որ առաջին հերթին խոշոր բիզնեսը պետք է թափանցիկ լինի հանրության, հասարակության առջեւ, եւ պարտադիր աուդիտի ինստիտուտի ներդրումը այդ ճանապարհին կարեւոր միջոցառում է' բարձրացնելու, վերականգնելու վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ 2009 թ. մենք այս բնագավառում չունենք հաջողություններ, եւ քննադատությունը, որը հնչում է կառավարության հասցեին, արդարացի է։
Ցանկանում եմ նշել բարեփոխումների հետեւյալ ուղղությունները, որ մենք ծրագրավորում ենք միասին իրականացնել 2010 թ. կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Դա ֆինանսական նոր մեխանիզմների ներդրումն է։ Իմ գործընկերներն այդ բարեփոխումների տրամաբանությունը ձեզ կներկայացնեն, երկրորդը' մենք շրջանառության մեջ ենք դրել կառավարման համակարգի կատարելագործման նոր հայեցակարգ, որը ենթադրում է հստակեցնել նախարարների պարտականությունները, տարանջատել նախարարի քաղաքական պաշտոնը, նախարարության մասնագիտական աշխատանքային գործընթացներից, հստակեցնել նախարարությունների եւ գործակալությունների պարտականությունները, ինչպես նաեւ տեսչական ֆունկցիաներ իրականացնող մարմինների պարտականություններից։ Այս փոփոխությունները հստակեցնելու է կառավարման համակարգում պատասխանատվությունը բոլոր այս օղակներին։

Հաջորդ կարեւորագույն միջոցառումը ապահովագրական դաշտի ձեւավորումն է, օրենքի նախագիծը քննարկման փուլում է գտնվում, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների նոր հայեցակարգը, որը մենք արդեն իսկ Ազգային Ժողովի հանձնաժողովների հետ քննարկում ենք։ Հասկանալի է, որ այս բարեփոխումները արագ արդյունք չեն տալու։ Թվարկված բարեփոխումները ենթադրում են ծանր աշխատանք, որը մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք։Հարգելի գործընկերներ, ավարտելով խոսքս, ցանկանում եմ ձեզ հայտնել իմ այն համոզմունքը, որ կուտակված հիմնախնդիրները եւ պրոբլեմները, այն նպատակները, որ առաջադրել է մեզ հանրապետության նախագահը, այսօր Հայաստանի Հանրապետությունում ի վիճակի է լուծել միայն մեր քաղաքական թիմը' համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Համոզված եմ, որ 2010 թ. բյուջեի ծրագիրը մենք ձեզ հետ միասին կկարողանանք ամբողջությամբ իրականացնել։

Այս խորագրի վերջին նյութերը