Լրահոս

28.09.2010 09:24


Հայաստանի «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահության հայտարարությունը

90 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի 28-ին, խախտելով դրանից մոտ 1,5 ամիս առաջ դաշնային պետությունների (այդ թվում՝ Հայաստանի) եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Սեւրի խաղաղության պայմանագիրը (10.08.1920թ.), Թուրքիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Թուրքական նենգ ագրեսիայի հետեւանքով օկուպացվել են ոչ միայն Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները (որոնք Հայաստանին են անցել Վիլսոնի իրավարար վճռով), այլեւ Արեւելյան Հայաստանի Կարսի նահանգը, Սուրմալուի շրջանը: Ընդհանուր առմամբ Թուրքիայի օկուպացիայի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր տարածքների ավելի քան 75 տոկոսը:Իր կողմից օկուպացված տարածքներում Թուրքիան շարունակեց հայերի Ցեղասպանության իր ավանդական քաղաքականությունը: Դրա հետեւանքով տասնյակ-հազարավոր հայեր՝ այդ տարածքների քաղաքացիական բնակչությունը, սրի քաշվեցին, հարյուր-հազարավոր հայեր դարձան փախստական' օկուպացված տարածքներում թողնելով իրենց տները եւ գույքը, հազարավոր հայ քրիստոնյաներ բռնի իսլամացվեցին:

90 տարիների օկուպացիայի ընթացքում Թուրքիան ոչ միայն չպատժվեց իր կողմից կատարած ռազմական հանցանքների համար, այլեւ չվերադարձրեց կամ չփոխհատուցեց իրենց գույքը կորցրած հայերի կրած վնասները:

90 տարիների օկուպացիայի ընթացքում Թուրքիան մեթոդաբար ոչնչացրել է օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը:

Ցավոք, ՀՀ-ի դեմ Թուրքիայի ագրեսիայի ընթացքում այդ խնդրից սահմանազատվեցին Սեւրի պայմանագիրը ստորագրած Հայաստանի գլխավոր դաշնակից տերությունները՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան: Ինչպես նաեւ դաշնակից երկրները՝ Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբո-խորվաթա-սլովենիան, Չեխոսլովակիան:

Պետք է նշել, որ ներկայումս Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ ճնշումներ է գործադրում արցախյան հարցի շրջանակներում, կատարում է ՀՀ-ի հանդեպ այլ թշնամական գործողություններ:

Այսօր, երբ լրանում է թուրքական ագրեսիայի սանձազերծման 90-ամյակը, հայ ժողովուրդը ոչ միայն չի համակերպվել իր օրինական տարածքների օկուպացիայի հետ, այլեւ պահանջ է դնում դրանց վերադարձման վերաբերյալ եւ հույս ունի, որ աշխարհով մեկ սփռված հայությունը օկուպացիայի վերանալուց հետո կվերադառնա իր պապենական օջախները:

Այս կապակցությամբ Հայաստանի «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը պահանջում է Թուրքիայից.

ա. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ ՀՀ-ի հանդեպ այլ թշնամական գործողությունները:

բ. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

գ. Դադարեցնել օկուպացված տարածքներում հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, իսկ դեռ պահպանված արժեքները վերադարձնել հայ ժողովրդին

դ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան եւ այդ տարածքներից դուրս բերել օկուպացիոն զորքերը:

ե. Հայաստանի Հանրապետությանը վճարել ֆինանսական փոխհատուցում եւ վերադարձնել օկուպացիայի ընթացքում  բնակչության կորցված գույքը, վերականգնել անշարժ գույքային իրավունքները:

ՍԻՄ-ն առաջարկում է ՀՀ իշխանություններին ամենայն վճռականությամբ բարձրացնել Թուրքիայի կողմից օկուպացված տարածքները եւ դրան առնչվող հարցերը:

ՍԻՄ-ը դիմում է Սեւրի պայմանագիրը ստորագրած գլխավոր դաշնակից տերություններին, ինչպես նաեւ դաշնակից պետություններին' ջանքեր գործադրել թուրքական օկուպացիան դադարեցնելու, այդ օկուպացիայից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու, օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ:

ՍԻՄ կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը