Մեկնաբանություն

28.09.2015 14:31


Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դարձավ «հողահավաք» և «պահանջատեր»

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դարձավ «հողահավաք» և «պահանջատեր»

Ձեզ ենք ներկայացնում Ղարաբաղի հետ կապված չորս տեսակետ, որից հետո կանցնենք բուն թեմային։

. . .

«Աղդամը մեր հայրենիքը չէ»։

. . .

«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

. . .

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

. . .

«Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը, նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է»:

. . .

Վերևում ներկայացված բոլոր չորս մտքերի հեղինակը նույն մարդն է։ Խոսքս Սերժ Սարգսյանի մասին է։

Աղդամի մասով նա արտահայտվել է պաշտպանության նախարար եղած ժամանակ (2001թ.)։

Շրջանների վերադարձի մասին «նախաձեռնողական» մարդը խոսել է տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում (2010թ.)։

Ղարաբաղի՝ Հայաստանի մաս չկազմելու մասին Սարգսյանն արտահայտվել է ՀՀԿ–ական «բազեների» հետ հանդիպման ժամանակ՝ փորձելով հետին թվով արձագանքել Նազարբաևին, ով Աստանայում ընթերցեց Ալիևի նամակն ու անհարմար դրության մեջ դրեց հայկական կողմին (2014թ.)։

Դե, իսկ այն միտքը, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, մենք Սարգսյանից լսեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ (2015թ.)։

Հարց է առաջանում՝ այդ ի՞նչը ստիպեց Սերժ Սարգսյանին դառնալ «հողահավաք» ու «պահանջատեր»։

Ոմանք Սարգսյանի պահվածքը կարող են համարել էմոցիոնալ պոռթկման արդյունք (ադրբեջանցիները երկու օրում յոթ հոգու էին սպանել ու մոտ երկու տասնյակ մարդու վիրավորել), բայց դա այդպես չէ։ Նրա բոլոր քայլերն ունեն անձնական շահի ու իշխանության պահպանման մոտիվներ, և այդ տեսանկյունից է պետք գնահատել նրա հայտարարությունը։

Վերջին յոթ տարիների փորձը ցույց է տվել, որ Սարգսյանի մոտ «հայրենասիրության», «հողահավաքության» և «պահանջատիրության» պահեր են ի հայտ գալիս, երբ նա ձախողվում է իր «նախաձեռնողականության» մեջ ու փորձում այդ ամենի տակից դուրս գալ հռետորաբանության փոփոխությամբ և կտրուկ շրջադարձերով։ «Հայրենասիրությունը» նրա պաշտպանական ռեակցիան է, մինչ այդ գործած սխալները սրբագրելու միջոց։

Բայց ինչպես հայտնի է, Սարգսյանի կտրուկ շրջադարձերը, միևնույն է, չեն փոխում իրավիճակը, և Հայաստանը հայտնվում է ավելի վատ վիճակում, քան մինչև նրա «նախաձեռնողականությունը»։

Հիշեցնեմ, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայկական կողմը դե ֆակտո համաձայնել էր մոռացության տալ Հայոց ցեղասպանության թեման, իսկ դե յուրե համաձայնել էր թուրքական կողմի նախապայմանին, այն է՝ ստեղծել հայ և թուրք պատմաբանների ենթահանձնաժողով, որը զբաղվելու է Ցեղասպանության ուսումնասիրման հարցով։

Սարգսյանը մի ձեռքով ստորագրել էր հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները, որով գործնականում մոռացության էր մատնվում Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ մյուս ձեռքով ծաղիկներ էր դնում Վուդրո Վիլսոնի գերեզմանին՝ այդպիսով փորձելով պահանջատեր երևալ և Սևրի դաշնագրի մոլի ջատագով։

Այդ ամենն ավարտվեց մեր խայտառակ պարտությամբ։ Ու որպեսզի այդ պարտությունը մոռացության տրվի, «նախաձեռնողականները» կոկորդիլոսի արցունքներ սկսեցին թափել Հայոց ցեղասպանության 100–ամյակի միջոցառումների ժամանակ։ Բայց ինչքան էլ արցունք թափեն, միևնույն է, «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքներից մեկն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի կանգ առավ։

Հայ–թուրքական «մեղրամսի» շրջանում Սարգսյանը նախաձեռնողական էր նաև Ղարաբաղի ուղղությամբ։ Դա էր պատճառը, որ նա պատրաստակամություն էր հայտնում հանձնել «անվտանգության գոտի» կոչվածը։ Նրա «նախաձեռնողականությունն» այնքան հեռու գնաց, որ Կազանում աղետից մենք խուսափեցինք Էրդողանի էշության և Ալիևի ագահության շնորհիվ։

Բանն այն է, որ Կազանում Ալիևը հայկական կողմից տասը նոր զիջում պահանջեց, ինչին պատրաստ չէր պաշտոնական Երևանը, քանզի ՀՀԿ ղեկավարը հասկանում էր, որ եթե համաձայնի Ալիևի նոր պահանջներին, ապա կկորցնի իշխանությունը։

«Ֆուտբոլային» գործընթացին հաջորդեց «եվրաասոցացման» արկածախնդրությունը, որը կրկին նախաձեռնվել էր հանուն իշխանության պահպանման, և որն ավարտվեց Մաքսային միության «պատերի տակ»։ Հայտարարվեց, որ հանուն Ղարաբաղի անվտանգության է Սարգսյանը մեկ գիշերում որոշել հրաժարվել եվրաասոցացումից։ Այդ պահից սկսած՝ պարզ էր, որ Ղարաբաղի անվտնագությանը լուրջ բան է սպառնում, քանզի մենք զգալիորեն թուլացած վիճակում հայտնվեցինք եռամյա «եվրաասոցացման» գործընթացից հետո։ Գործընթաց, որի արդյունքում մեզ սկսեցին չհարգել Արևմուտքում ու չվստահել Ռուսաստանում։

Պաշտոնական Երևանի սխալ արտաքին քաղաքականությունից օգտվեց Ադրբեջանը՝ լավացնելով իր հարաբերությունները ՌԴ–ի հետ։

Եթե այս ամենին գումարենք վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական թուլացումը, ապա պարզ կդառնա, թե ինչու է Ալիևն այժմ ձգտում պատերազմի։

Այսպիսի արտաքին քաղաքականությունը չէր կարող հետևանքներ չունենալ, ու մենք հիմա տեսնում ենք սահմանային լարվածության աճ, զոհեր և լայնամասշտաբ պատերազմի վերսկսկման մեծ հավանականություն։

Ահա այս պայմաններում Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է։ Կյանքը ցույց է տվել, որ նմանատիպ բաներ Սարգսյանն ասում է այն դեպքերում, երբ բանը բանից անցած է լինում, ու նա ստիպված դառնում է «պահանջատեր», «հողահավաք» կամ «հայրենասեր»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը