Լրահոս

01.12.2010 17:46


Երևանի Քաղաքապետարանը պարզաբանել է

Երևանի Քաղաքապետարանը պարզաբանել է

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն' Վիշապի այգու կառուցապատման խնդրի վերաբերյալ: Դրանում ասվում է.

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով օրերս տարածված «Վիշապի այգի» կոչվող տարածքում շինարարության առիթով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից իբր արված հայտարարության մասին տեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ներկայացվել է խեղաթյուրված և չի համապատասխանում իրականությանը:

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը այգի կատարած այցելության ժամանակ նման հայտարարություն  չի արել: Քաղաքապետի դիրքորոշումը միանշանակ հետևյալն է. այգու տարածքում որևէ ծառ չպետք է հատվի և որևէ կառուցապատում չպետք է իրականացվի, եթե այն խանգարում է այգու ֆունկցիոնալ գործունեությանը։ Իսկ եթե որևէ կառուցապատում դուրս է այգու սահմաններից, չի խանգարում այգուն և համապատասխանում է կառուցապատման պահանջվող չափանիշերին, ապա ինչու ոչ, կարելի է կառուցել: Առավել ևս եթե խոսքը բնակելի շենքի մասին է:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ավելի քան մեկ տարի է որդեգրել է մայրաքաղաքի կենտրոնը շինարարությունից բեռնաթափելու և այն մայրաքաղաքի ծայրամասեր տեղափոխելու քաղաքականություն և հավանություն է տալու այս ուղղությամբ կառուցողական բոլոր այն նախագծերին, որոնք բխում են Երևանի և երևանցու շահերից:

Հ.Գ.  Կից ներկայացնում ենք Գայի պող. թ.19/71 հասցեի շինարարության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պարզաբանումը:

Գայի պող. հ.19/71 հասցեով 1800.0 քմ հողամասը Երևանի քաղաքապետի 2002թ. փետրվարի 5-ի հ.164 որոշմամբ հատկացված 3800.0 քմ հողամասի մի հատվածն է, որը ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է քաղ. Ռ.Կարախանյանին:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծով 3800.0 քմ այդ տարածքը նախատեսված է կառուցապատման համար։ Այն սահմանակից  է այգուն և տարանջատված է նրանից հետիոտն ճեմուղով: Նշված տարածքը «Վիշապի կոթողներ» այգու տարածք չի հանդիսանում։ Նշենք նաև, որ, որպես ծրագրային փաստաթուղթ, գլխավոր հատակագիծը  բազմակի անգամ անցել է հասարակական լսումներ և ենթարկվել է համալիր փորձաքննության։

Ռ. Կարախանյանին պատկանող տարածքը հիմնականում հարում է Մոլդովական փողոցին, որը այդ հատվածից սկսած կառուցապատված է տարբեր տիպի շենքերով՝ բնակելի առանձնատուն, հյուրանոց և այլն։

Քննարկվող տարածքում տեղադրված հուշաքարեր չկան: Իսկ զբոսայգում տեղադրված հուշաքարերը 70-ական թվականներին Հայաստանի տարբեր շրջաններից բերված թվով ութ վիշապաքար և տապանաքարեր են։

Կառուցապատողին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված է տարածքում իրականացնել բազմաբնակարան բնակելի շենք։

Համաձայնեցված նախագծով կառույցը իր հատակագծային չափով զբաղեցնում է ավելի փոքր մակերես՝ ամբողջ տարածքի ընդամենը 36%-ը, իսկ մնացած 64%-ը նախատեսված է տարածքի կազմակերպման, բարեկարգման էլեմենտների և կանաչ գոտիների ստեղծման համար:

ՀՀ կառավարության 06.05.2010թ. «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» հ.711-Ն որոշման կարգով նախատեսվող և նմանատիպ կառույցների համար համալիր փորձաքննության անցկացում  չի պահանջվում։ Նախագիծը ենթարկվել է պարզ փորձաքննության։

Տարածքում փորված երկայնական խրամուղին առնչվում է վերգետնյա գազատար խողովակի տեղափոխման և այն ստորգետնյա տարբերակով անցկացնելուն, ինչի վերաբերյալ կառուցապատողի պատվերով մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված է աշխատանքային նախագիծ:

Դեռևս 2002թ.-ից սեփականաշնորհված տվյալ տարածքի համար տարբեր ժամանակահատվածներում սեփականատերերի կողմից եղել են կառուցապատման բազմաբնույթ առաջարկներ՝ սկսած գազալիցքավորման կայանից մինչև առևտրի և ժամանցի կենտրոն, բազմահարկ օֆիսային շենք և նմանատիպ այլ հասարակական բնույթի կառույցներ, որոնք քաղաքապետարանի կողմից մերժվել են:

Բնակելի տուն կառուցելու ներկա սեփականատիրոջ առաջարկին տրվել է նախապատվություն, քանի որ այն համահունչ է տվյալ միջավայրին և անմիջապես հարակից է բնակելի կառուցապատմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը