Մեկնաբանություն

25.09.2015 22:57


Հրանուշը` գերագույն գլխավոր հրամանատար

Հրանուշը` գերագույն գլխավոր հրամանատար

Եթե ընդունվի Սերժ Սարգսյանի հեղինակած նոր Սահմանադրությունը, ապա պատերազմական իրավիճակներում շատ հանգիստ կարող է գերագույն գլխավոր հրամանատար դառնալ Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը հայտարարել է, որ ինքը պայմանավորվածություններ ունի սփյուռքի կառույցների հետ, թե ինչպես պետք է սփյուռքն իրեն դրսեւորի սահմանային լարվածությունների ժամանակ։

«Մենք պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք, Սփյուռքում գործող մեր կառույցները, ակտիվիստները` ամեն մեկն իր երկրում, պետք է կարողանան ճնշում գործադրել տվյալ երկրի իշխանությունների վրա, որպեսզի իրենց խոսքն ասեն, միջամտեն այն ամենին, ինչ փորձում է անել Ալիևը»,- ասել է տիկին նախարարը:

Տեսնո՞ւմ եք՝ Հրանուշ Հակոբյանն արդեն պատրաստի գերագույն գլխավոր հրամանատար է: Նա կարող է Երեւանում նստած՝ օպերատիվ կարգով կոնսոլիդացնել սփյուռքի ներուժը եւ «քացու տակ գցել» Ալիեւին: Իսկ դուք տանջվում եք՝ պարզելու համար, թե սահմանադրական խառնաշփոթ ստեղծած ՀՀԿ ղեկավարի «սահմանադրագետները» չեն հստակեցրել գերագույն գլխավոր հրամանատարի անձն ու կարգավիճակը (ըստ հանգամանքների` ով ի վիճակի է, նա էլ լինելու է. վարչապետ, պաշտպանության նախարար): Մինչդեռ, Հրանուշն արդեն «կամուֆլյաժը հագել է»: Ճիշտ էլ արել է:

Դե, սփյուռքի կուրատորն ինքն էլ է տեսնում, որ կիսապատերազմական իրավիճակներում իր առաջնորդն անհայտ կորում է, ու որոշել է «էս գլխից» բանակցել սփյուռքի կառույցների հետ, որ «հասնեն օգնության» … տեղերում մնալով:

Հրանուշ Հակաբյանն ուրիշ «կոնտինգենտ» չունի եւ ստիպված է դիմել «Հայկական աշխարհին», որն, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի խայտառակ կառավարման հետեւանքով համալրվել է հազարավոր ՀՀ քաղաքացիներով:

Ա՛յ, սփյուռքի ակտիվիստները կկանգնեն իրենց երկրների դեսպանատների առաջ եւ կբղավեն` թքելով ու մրելով Ալիեւին, իսկ այստեղ էլ …

Այստեղ` ի՞նչ: Այստեղ Բաղրամյան 26-ի «քաղաքացիական» ակտիվիստները շատ զբաղված են. հազիվ հասցնում են փակել Բաղրամյան փողոցի սկզբնամասը եւ հոսանքի հարցով «ճնշել» Սերժ Սարգսյանին (սրանցից առավել ակտիվները վերջում կարող են իրենց գործընկերոջ պես Բաքվում հայտնվել): Իսկ բազեներն էլ քիթ սրբելու ժամանակ չունեն. Ծաղկաձորում հավաքներ են անում եւ քաղաքական լեկցիաներ լսում: Էս խեղճերը հո հազար մասի չե՞ն բաժանվելու:

Այնպես որ, գերագույն գլխավոր հրամանատար Հրանուշը ճիշտ որոշում է կայացրել, որ պատերազմի հաշվով բանակցել է սփյուռքի կառույցների հետ:

Հիշո՞ւմ եք՝ գարնանն էլ կոչ արեց սփյուռքահայությանը, որ յուրաքանչյուրը հազարական դոլար մուծվի հայաստանյան բանկերին: Թե ինչպիսին էր արձագանքը, հայտնի է բոլորին: Բայց կարծում ենք՝ գերագույն գլխավոր հրամանատարի դերում կհաջողի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը