Մեկնաբանություն

24.09.2015 22:25


Ա՛յ, կփոխենք Սահմանադրությունն ու ...

Ա՛յ, կփոխենք Սահմանադրությունն ու ...

Տավուշի մարզում կրկին կրակում են։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք երեք զոհ և վիրավորներ։

Ադրբեջանն օրերս կրակեց դավաճան Վահան Մարտիրոսյանի միջոցով, ապա անցավ բուն գրոհին։

Ու այս պայմաններում, երբ պատերազմը փաստացի վերսկսվել է, սահմանադրական փոփոխությունների արկածախնդրությունը դատապարտելի է։ Ավելի հակապետական բան հնարավոր չէր մտածել։

Ակնհայտ է, որ «սահմանադրական» հեղաշրջման փորձը լարվածության տեղիք է տալու Հայաստանում, ինչից էլ փորձելու է օգտվել Ալիևը։ Ու չնայած այդ ամենին՝ Սերժ Սարգսյանը չի ուզում հրաժարվել իր ծրագրերից։

Մենք պատերազմի մեջ ենք մտած, իսկ իշխանությունները նախատեսել են այնպես լղոզել մեր զինված ուժերի կառավարման համակարգը, որ շունը տիրոջը չճանաչի։ Ոչինչ, որ դա նշանակում է գործադիր իշխանության ուղղահայացի փլուզում և բանակում կառավարման բուրգի ոչնչացում, ինչը հղի է մեզ համար ողբերգական հետևանքներով։ Բայց դա «վերևներին» չի հուզում։ Կարևորն իրենց համար աթոռի հավերժացման հարցն է։

Եթե օդիոզ հանրապետականներին կամ դաշնակցական վերնախավի կոռումպացված շրջանակներին հարցնենք Տավուշի մարզի գնդակոծություններից, սրանք կսկսեն անգիր արած տեքստ արտասանել այն մասին, որ պատճառը ՀՀ գործող Սահմանադրությունն է։

«Ա՛յ, կփոխենք Սահմանադրությունն ու ...»,– կասի ձեզ ցանկացած Մարքրիտ։

Սրանցից այլ բան չէր էլ սպասվում։

Մնում է միայն հասկանալ, թե ինչպես ենք պայքարելու երկու ճակատով։ Ներսում վահանմարտիրոսյաններ բուծողներն են, իսկ դրսում՝ Վահան Մարտիրոսյանին օգտագործող ադրբեջանցիները, ովքեր կրակում են խաղաղ բնակչության վրա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը