Մեկնաբանություն

22.09.2015 11:33


Գաղջ մթնոլորտը և Վահանի դավաճանությունը

Գաղջ մթնոլորտը և Վահանի դավաճանությունը

Ուրիշ էլ ո՞վ պետք է Բաքվում հաչեր Հայաստանի վրա, եթե ոչ ՀՀԿ–ական նախարարի հետ քննարկում–թամաշա անող, Բաղրամյան 26–ին կից «քաղաքացիական ակԾիվիստ» աշխատող («մասնագիտացումը»՝ գազ), «անկախ» մամուլով «ռասկրուտկա լինող» և իշխանալեզ ու հաստիքային հայրենասեր բլոգերների հետ ախպերավարի հացի սեղան նստող Վահան Մարտիրոսյանը (հոդվածին կից լուսանկարում նա վերցված է կարմիր շրջանակի մեջ)։

Գաղջ մթնոլորտում այլ բան չէր էլ կարող ծնվել։

Երբ միջին վիճակագրական «ակԾիվիստը» տեսնում է, որ խաղի կանոնն ընդդիմադիր հռետորաբանությամբ ծախվելն է, երբ նրան ասում են, որ տպավորություն թողնելու համար կարող ես նաև Սերժ Սարգսյանին հայհոյել, բայց գլխավորն այն է, որ ավելի բարձր հայհոյես նույն Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին ու նպաստես սեփականության վերաբաշխմանը (օրինակ՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության «պայքարի» արդյունքը ՀԷՑ–ի վերասեփականաշնորհումն է, և այդ կազմակերպությունը հիմա շատ ավելի ուժեղ տեմպերով է թալանելու ՀՀ քաղաքացիներին՝ բնականաբար, Բ26–ի «աուդիտորական» հայացքի ներքո), երբ նորմալ երևույթ է դառնում Հայաստանի հանրությանը «քաղաքացիական» ու «արևմտամետ» դիրքերից դավաճանելը, ապա պետք չէ զարմանալ, որ այդ միջավայրում կարող է հայրենիքի դավաճան Վահան Մարտիրոսյան ծնվել։

Համացանցի դարում Ադրբեջանն էլ է տեսել, թե ինչպիսի խաղի կանոն է գործում Հայաստանում, ու շտապել է օգտվել դրանից։ Արդյունքում՝ Վահան Մարտիրոսյանը Բաքվում արեց այն, ինչ անում են «անկախ» լրատվամիջոցները, «ընդդիմադիր» քաղաքական գործիչները, նախագահական նստավայրին կցված «անալիԾիկները», այն է՝ աշխատեց Հայաստանի դեմ։ Տարբերությունն այն է, որ Վահանը դա արեց՝ ծախվելով ալիևյան վարչակազմին, այսինքն՝ «քցելով» նախկին տերերին։ Դա է պատճառը, որ նա որոշ ձևակերպումներով առանձնանում է հայաստանյան իր գործընկերներից։

Մնացած առումներով Վահանը լրիվ «քաղաքացիական պայքարիստի» դերում էր հայտնվել Բաքվում։ Այն դերում, որը տարիներ շարունակ ողջունվում է «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից։

Վահանի դավաճանական արարքն անգամ կատարյալ «ազնիվ քյարփինջներին» ցույց տվեց, թե ինչպիսի հակապետական միջավայրում են գործում տնաբույծ նեոբոլշևիկները։

Վահանն ակամայից «մեսիջ» ուղարկեց հայ ժողովրդին։ Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչ են իրականում ներկայացնում Հայաստանում այն «պայքարիստները», ովքեր, իբր, «բեսամթ» ցնցված են ՀՀ–ն ԵՏՄ կազմում հայտնվելու փաստից, բայց կռիվ են տալիս ոչ թե գիշերային որոշմամբ Հայաստանը Կրեմլի «պադվալում» փակած Սերժ Սարգսյանի, այլ չար ՀՀԿ–ի, «օլիգարխների», Պուտինի, Քոչարյանի, ՌԴ–ի, ՀԱՊԿ–ի ու ամեն ինչի դեմ։ Այսինքն՝ զբաղված են գեղամյանությամբ ու նույն «կուպեում» են, ինչ Սարգսյանի հետ ֆոտոսեսիա անող ներհայաստանյան վահանմարտիրոսյանները։

Դավաճանը նաև ցույց տվեց, թե ինչ կարգի գործիքներ են «Ո՛չ թալանին, այո՛ թալանչիներին» չհայտարարված կարգախոսով բոլոր տիպի «քաղաքացիականները», ովքեր չեն սիրում քաղաքականացնել քաղաքական հարցերը։

Ենթադրվում է, որ նախագահական նստավայրում Վահանի պահով անհանգստացած են, բայց ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը քարոզչական դիվերսիա իրականացրեց մեր պետության նկատմամբ (նման «մանր» հարցերը սրանց չեն հետաքրքրում), այլ այն, որ Սերժից ավելի շատ փող ունեցող Ալիևը կարող է մեծածախ գներով առնել իրենց բուծած վահաններին ու խիարը թարս բուսեցնել։

Բոլոր տիպի վահանմարտիրոսյանները կարող են ներսի մարդու կարգավիճակով Բաքվում խոսել իշխանության վերին օղակի խոհանոցի մասին, և բանը կարող է հասնել անգամ «պիկանտ» մանրամասներին։

Գաղջ մթնոլորտը սկսել է խժռել այն ստեղծողներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը