Լրահոս

05.02.2011 12:59


Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ. «Սուտ է, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ փետրվարի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակի վրա գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել թվով 20-25 անձանց: Ըստ հրապարակումների՝ այդ անձանց մեջ եղել են քրեական աշխարհում հայտնի հեղինակություններ, ինչպես նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

Նշենք, որ նույն օրը «Բյուզանդ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել միջոցառում. նշվել է գյումրեցի քրեական հեղինակություններից մեկի մահացած հոր ծննդյան օրը:

Ժամը 15-ի սահմաններում տարածք են ներխուժել  ոստիկանության ներկայացուցիչները և  կարմիրբերետավորների օժանդակությամբ շրջափակել նշված ռեստորանային համալիրը: Այնուհետև ոստիկանները միջոցառման մասնակիցներից ոմանց առանձին-առանձին ավտոմեքենայով տեղափոխել են, ինչպես նաև հետախուզել են համալիրի առաջ կայանած ավտոմեքենաները: Ոստիկանների գործողություններն ընդհանուր առմամբ տևել են մոտ 4 ժամ:

Այսօր «7օր»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի որդուն բերման ենթարկելու տեղեկատվության առումով նշել է հետևյալը.

-Սուտ է, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Հաստատ՝ նման բան տեղի չի ունեցել: Ենթադրում եմ, որ ուղղորդված ինֆորմացիա է:

Իսկ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ ոստիկանները քրեական աշխարհի ներկայացուցիչներին բերման են նեթարկել և փորձել են նրանցից հավաստիացումներ ստանալ, որ առաջիկա ընտրություններում նրանք աշխատելու են Հանրապետական կուսակցության օգտին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը