Մեկնաբանություն

21.09.2015 00:05


Ալիևն անցել է գրոհի

Ալիևն անցել է գրոհի

Դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ ակնհայտորեն շուտվանից են աշխատել Ադրբեջանի հատուկ ծառայությունները, քանզի նրա խոսքն ամբողջությամբ տեղավորվում է ադրբեջանական ԶԼՄ–ի գծած սխեմաների մեջ։

Կասկած չկա, որ էլի վահաններ կան մեր քաղաքական ու «քաղաքացիական» դաշտում, քանզի պուտանկայական մթնոլորտն ու ծախու միջավայրը նպաստում են դրան։

Նայե՛ք եթերն ու հետևե՛ք Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիա անող կամ Սերժ Սարգսյանին կից «թունդ ընդդիմադիր» աշխատող հաճախորդների վարքագծին և կհամոզվեք, որ դրանք բոլորը պոտենցյալ Վահան Մարտիրոսյան են, կամ արդեն իսկ դարձել են այդպիսին. պարզապես նրանց հարցազրույց կամ ասուլիս տալու հրահանգը դեռ չի ստացվել։

Ինչո՞ւ հիմա

Հարց է առաջանում, թե ինչու է Ալիևի ռեժիմը սկսել բացահայտել իր գործակալներին։ Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է դիտարկել Ադրբեջանի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին իրավիճակը։

Գործակալներին բացահայտելու երկու հիմնական պատճառ կա.

1. Ադրբեջանը խիստ վատացրել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ և քաղում է դրա դառը պտուղները,

2. Ադրբեջանում տնտեսությունը, նավթի միջազգային գների անկման պայմաններում, սրընթաց գահավիժում է, դրամական շուկան՝ փլուզվում։

Ալիևն, ըստ այդմ, խնդիր ունի ինչպես ներսի, այնպես էլ դրսի հետ։

Տարիներ շարունակ նրա քարոզած կոդերը փուչիկի պես պայթում են, և սոցիալական լարվածության աճի համապատկերին առաջանում է աթոռի անսասանության հարցը։ Նրան հիմա արտառոց միջոցառումներ են պետք և ոչ ստանդարտ քարոզչական քայլեր։

Արևմտյան կառույցների կողմից տարատեսակ գնահատականների ու քայլերի արժանանալուց հետո Ալիևին պետք է Արևմուտքին «լեգիտիմ» հայհոյող, որպեսզի վերջինս մեղադրի Արևմուտքին ու խոսի այն մասին, որ եվրոպական կառույցները կոռումպացված են, կաշառված են և կողմնակալ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է ադրբեջանական լսարանին, ապա Ալիևն ուզում է ցույց տալ, որ եթե իրենց երկրում վիճակը վատացել է, ապա Հայաստանի համեմատ վիճակը շատ լավ է, քանզի Հայաստանը դատապարտված է ձախողման, հետևաբար իրենք կարող են Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ ժամանակի ընթացքում գրավել։ Ասել է թե՝ Ալիևին անհրաժեշտ են տարիներ շարունակ իր տված խոստումների նոր հիմնավորումներ, քանզի ժամանակի ընթացքում ադրբեջանական հանրությունը սկսել է հասկանալ, որ իրեն թալանում են «Նավթից ստացված միջոցները հավաքում ենք Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու նպատակով» բլեֆի ներքո։

Իսկ ո՞ր դեպքում ալիևյան քարոզչակոդերն առավել պաշտպանված կլինեն արժեզրկումից և առավել արժանահավատ՝ ադրբեջանիցների համար։ Ճիշտ է, երբ դրանք հաստատվեն հայկական անուն ազգանունով մարդկանց կողմից։

Ոչ պատահական զուգադիպությամբ՝ պաշտոնական Բաքվին ձեռնտու քարոզչակոդերն են արտասանում ադրբեջանական «Haqqin.az»–ին հարցազրույց տված Տիգրան Խզմալյանը և Բաքվում հայտնված Վահան Մարտիրոսյանը։

Այս երկուսի մոտ ընդհանուրն այն է, որ երկուսն էլ Ադրբեջանի ու Հայաստանի համեմատության մեջ մեր պետությունը դնում են անհույս վիճակում և այդպիսով Ադրբեջանի հանրության համար կատարում Ալիևի խոսքերը հաստատողի գործառույթը։

Տիգրանի ու Վահանի տարբերությունն այն է, որ առաջինը Երևանից է Բաքվի ուզածն արել, իսկ երկրորդը՝ բուն պատվիրատուի տարածքից է հարձակվել Հայաստանի վրա։

Ալիևը գնում է Սերժի հաճախորդներին

Խզմալյանի հակահայկական հարցազրույցն անհրաժեշտ ուշադրության չարժանացավ մեր հանրության ու հատկապես մեր անվտանգության համար պատասխանատու մարմինների կողմից, քանզի Բաղրամյան 26–ն այնպիսի մթնոլորտ է ձևավորել, որ մարդիկ անտարբեր են դարձել ՀՀ անվտանգությանն ու ապագային վերաբերող հարցերի նկատմամբ, իսկ ԱԱԾ–ն չի կարող իր գործառույթները կատարել, որովհետև Ադրբեջանի օգտին աշխատող գործակալները զարմանալի զուգադիպությամբ վայելում են նույն Բաղրամյան 26–ի հովանավորությունը, քանզի ներքաղաքական հարցերում դհոլություն են անում ՀՀԿ ղեկավարի օգտին։ Հետևաբար, առնվազն անմեղսունակություն է Վահանի արածների համար ԱԱԾ–ին մեղադրելը։

Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ Տիգրան Խզմալյանը, և՛ Վահան Մարտիրոսյանն, այսպես կոչված, քաղաքացիական դաշտն են ներկայացնում։ Իսկ այդ դաշտը, ինչպես հայտնի է, վայելում է իշխանության վերին օղակի ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի տոտալ հովանավորությունը։ Պատճառները ներքաղաքական են, բայց, փաստորեն, այդ վիճակից շտապել է օգտվել Ալիևը և կոնկրետ արդյունքների հասել։ Եվ դա տրամաբանական է. ծախու միջավայրում են դավաճանները ծնվում, և արդյունքներ է գրանցում նա, ով ավելի շատ փող ունի։

Բ26–ում սրանց «բուծեցին», որպեսզի Սերժ Սարգսյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործեն ու ցմահ իշխանության գործին ծառայեցնեն, բայց խիարը թարս բուսնեց. Ալիևը առուծախի հարցում օբյեկտիվորեն ավելի շռայլ գտնվեց։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Բաղրամյան 26–ի համար «սլիվնոյ բաչոկի» գործառույթ կատարող «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով Վահան Մարտիրոսյանին վերաբերող հարցին, պատասխանել է. «Մարդու իրավունքների տեսակետից՝ ցանկացած մարդ իրավունք ունի ապաստան խնդրել՝ որտեղից ցանկանա, դա իր գործն է: Քանի որ նա (Վահան Մարտիրոսյանը – Ս.Խ.) պետական պաշտոնյա չէ, դա իրավաբանական տեսակետից դավաճանություն չէ»։

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության։

Խզմալյանն, ակնհայտորեն, նախապատրաստում է սեփական ասուլիսը Բաքվում։ Թեև դա արդեն հարցի ձևական կողմն է, քանզի կրկնենք՝ պաշտոնական Բաքվի ուզածը նա ասել է՝ գտնվելով Երևանում։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Բաքուն այնքան է լկտիացել, որ իր գործակալներին «ափաշքարա» է բացահայտում, քանզի տեսնում է, թե ինչ «բարդակի» է վերածվել մեր հայրենիքը, որտեղ ուզում են մարդակենտրոն Սահմանադրություն ներդնել ու վահանմարտիրոսյաններ ծնող միջավայրը պաշտպանել «սահմանադրորեն»։

Այս խորագրի վերջին նյութերը