Մեկնաբանություն

16.09.2015 12:40


«Արևմտամետներն»՝ Աքսյոնովի ու Ալիևի արանքում

«Արևմտամետներն»՝ Աքսյոնովի ու Ալիևի արանքում

Բաղրամյան 26–ին կցված «անկախ» մամուլը մի մուտիլովկա դրեց շրջանառության մեջ, հետո սկսեց պայքարել այդ մուտիլովկայի դեմ ու հետո հերոսաբար նահանջեց՝ համարելով խնդիրը լուծված։

Ասում էին, թե, իբր, Պուտինը Սերժին Մոսկվայում խնդրել է պաշտոնապես ընդունել Ղրիմի ղեկավար Աքսյոնովին։ Սերժն էլ, իբր, հոգու խորքում դեմ է եղել, բայց չի կարողացել մերժել Պուտինին։ Արդյունքում՝ Աքսյոնովը կգա Հայաստան, ինչն էլ իր հերթին մեր պետությունը կհակադրի Արևմուտքի և Ուկրաինայի հետ։

Մի քանի օր այս էժանագին մուտիլովկան պտտվեց, հետո թունդ եվրաասոցացվող Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ նման բան չկա, և որ պաշտոնական Երևանն Աքսյոնովին չի հրավիրել։

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ տնաբույծ «արևմտամետներն» անհանգստացած էին, որ Աքսյոնովի գալուստը կվատացնի Հայաստան–Արևմուտք հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի դարդն էին լացում։ Բայց, արի ու տես, որ այս նույն «արևմտամետները» ծպտուն չեն հանում այն դեպքում, երբ Ուկրաինան խիստ ադրբեջանամետ հայտարարություն է անում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ ու պարբերաբար հանդես գալիս պաշտոնական Բաքվին ձայնակցող կեցվածքով։

5–րդ շարասյան գործառույթ կատարող «արևմտամետների» համար Ադրբեջանն ու Թուրքիան, փաստորեն, ավելի նախընտրելի են, քան Ռուսաստանը։ Պատճառը շատ պարզ է՝ ՌԴ–ին հայհոյելը փող արժե, համ էլ՝ հնարավորություն է ստեղծվում ներքաղաքական թեմաներով մուտիլովկաներ անել ու ծառայել Սերժին։

Խնդիրն այն չէ, որ մենք պետք է գրկաբաց ընդունենք Աքսյոնովին։ Դա կարող է տեղի ունենալ, եթե ՌԴ–ն համարժեք քայլ կատարի Ղարաբաղի պահով։

Հարցը տվյալ դեպքում այն է, որ «արևմտամետները» բացահայտորեն հակահայկական գիծ են տանում, բայց նախագահականում դա խրախուսվում է։ Սա՛ է մտահոգիչն ու զզվելին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանին մոտիկից տեսած, ձեռքով բարևած և այդ ամենի արդյունքում խիստ ոգևորված «արևմտամետ» Արարատ Զուրաբյանը կողմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին ու «գաղափարական» նկատառումներից ելնելով՝ կռիվ տալիս ՌԴ–ի դեմ։

Արարատն այնքան է մտել դերի մեջ, որ ՀՀ–ի թշնամի է համարում Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին։ Սահմանային լարվածության մասով նա համոզված է, որ դա Մոսկվայի գործոնով է պայմանավորված, քանզի այլ ուժ նման լարվածություն ստեղծելու հարցում շահարգռված չէ։ Փաստորեն, ըստ նրա՝ Ալիևը չի ուզում ռմբակոծել մեր սահմանամերձ գյուղերը, բայց Պուտինն է նրան ստիպում դա անել։

Զարմանալի է, թե ինչու կոոպերատիվ ՀՀՇ–ի ղեկավարի պրոալիևյան այս դիրքորոշումը դեռ չի տիրաժավորվել ադրբեջանական ԶԼՄ–ով։ Տիգրան Խզմալյանից ինչո՞վ է պակաս Արարատը, որ առաջինին «վերբովկա են անում», իսկ երկրորդին՝ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը