Մեկնաբանություն

13.09.2015 14:00


Իշխանական բիզնեսն ու բիզնեսի իշխանությունը

Իշխանական բիզնեսն ու բիզնեսի իշխանությունը

Քանի մոտենում է սահմանադրական հանրաքվեի նշանակման օրը, այնքան իշխանությունները բարի ու մտահոգ են դառնում։ Այլ կերպ ասած՝ պոպուլիստ։ Նրանք սկսում են տապակվել ժողովրդի դարդերով։

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է, որ տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված որոշ փոքրիկ խախտումների վրա աչք փակեն ու վարորդների հետ մեղմ վարվեն (պետության ու մասնավորի համագործակցության ինչպիսի՜ վառ օրինակ. Սերժը խնդրում է, մասնավոր կազմակերպությունն ընդառաջում է այդ խնդրանքին)։

Թե ինչու էր պետք տուգանքների թեմայով խորհրդակցություն հրավիրել և հեռուստախցիկների առաջ այդ մասին խոսել, մնաց անհասկանալի, քանզի այդ հարցով ՀՀԿ ղեկավարը կարող էր խոսել տնային պայմաններում։ Սաշիկի հետ։

Վարորդների հետ մեղմ վարվելու համար Սաշիկի հիմնարկին է հարկավոր դիմել։ Այնպես որ, Սարգսյանները պետք է այդ հարցը լուծեն ներքին պայմանավորվածությամբ։

Անցնենք առաջ։

Քաղաքացիների հանդեպ սիրով է լցվել նաև Հովիկ Աբրահամյանը։ Ուզում է պաշտպանել մասնավոր բիզնեսի շահերը՝ դա անելով բավական պոպուլիստական ու դեմագոգիկ ձևով՝ Կառավարության նիստի ժամանակ։

«Ընդհանրապես, ուշադիր պետք է լինենք, որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: ... Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթևացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել»,– հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով ընդունվելիք որոշումներից մեկին։

Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր։ Բայց, արի ու տես, որ նույն Հովիկ Աբրահամյանի հետ կապվող բիզնեսներից մեկը` Պարսկաստանից դիզելային վառելիքի ներմուծումը, ստացել է մենաշնորհային կարգավիճակ՝ «դյուրացնելով» մյուսների բիզնես կյանքը։

Մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն 10 օր է, ինչ ոչ մի կազմակերպության, բացառությամբ մեկի, չի թույլատրվում «սալյարկա» ներմուծել Պարսկաստանից։

Ներմուծումը հաջողվում է միայն Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող բիզնես կառույցին։ Թե ինչպես է հաջողվում, դժվար չէ գլխի ընկնել։ Դա ստացվում է այնպես, ինչպես որ ստացվեց Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրապայքարից Հովիկ Աբրահամյանի որդու բոլոր հնարավոր մրցակիցներին դուրս թողնելը։

Կառավարության նիստի ժամանակ գործարար աշխարհի համար խոչընդոտ չստեղծելու պոպուլիստական ու բիզնեսակենտրոն (համարյա «մարդակենտրոն» նոր Սահմանադրության պես) կոչով հանդես եկող Աբրահամյանն արհեստական խոչընդոտների օգնությամբ դուրս է թողել հնարավոր մրցակիցներին՝ չարաշահելով պաշտոնական դիրքը։

Բանն այն է, որ Կառավարությունը տեխնիական բնույթի նորմատիվներ է սահմանել դիզելային վառելիքի համար։ Հիմա այդ նորմատիվներն ընտրողաբար կիրառել են ու բոլորին զրկել վառելիք ներմուծելու հնարավորությունից։ Ուշագրավն այն է, որ տեխնիկական նորմատիվը շրջանցում է Հովիկ Աբրահամյանի բիզնես հետաքրքրությունների տիրույթը, և միայն իրեն է հաջողվում պահպանել դիզելային վառելիքին ներկայացվող տեխնիկական պահանջները։ Թե ինչպես է հաջողվում, դա էլ դժվար չէ գլխի ընկնել։

Հասկանալի է, որ Հովիկ Աբրահմայանն այդ ոլորտում մենաշնորհային դիրքի է հասել ոչ առանց նախագահական նստավայրի թույլտվության և աջակցության։

Առաջիկայում «սահմանադրական» հեղաշրջման համար իրականացվող հանրաքվեն է։ Ասում են, թե կեղծիքներ իրականացնելու շտաբի պետը լինելու է Հովիկ Աբրահամյանը։ Ու որպեսզի նա էնտուզիազմով աշխատի, Պարսկաստանից դիզելային վառելիք ներմուծելու մենաշնորհ ունենալու հնարավորությունը որպես բոնուս և ավանս են տվել։

Եթե այս ամենին էլ ավելացնենք այն, որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող մյուս դարպասի՝ Բագրատաշենի մոտ էլ բենզինի ներմուծման մենաշնորհ է սահմանվել Բաղրամյան 26–ի կողմից, ապա ստացվում է, որ մեր պետության մեծ ու փոքր «վինտիլներն» իրենցով են արել իշխանությունները՝ պետությունը սարքելով բիզնես կանտորա՝ մտքներում, թերևս, երազելով արևոտ Բրազիլիայի ու հատկապես Ռիո դե Ժանեյրոյի մասին (ի դեպ, դրամական միավորների մեծ սիրահար Օստապ Բենդերի սիրած վայրն էլ էր Ռիոն)։

Ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանի մեծ դարպասի մոտ մեծ դևն է նստած, փոքր դարպասի (Մեղրիի) մոտ՝ փոքրը։ Ահա այսպիսին է սրանց իրական դեմքը։ Թե չէ, մեղմ պատիժնե՜ր, բիզնեսի աջակցությո՜ւն, ֆլա՜ն, ֆստա՜ն...

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Հովիկ Աբրահամյանը, թերևս, ոգևորվել է այն պատճառով, որ Պարսկաստանից դիզելային վառելիք բերելու մենաշնորհը չի շրջանցել իրեն։ Նա, սակայն, չի հասկանում, որ նման հնարավորություն ստացել է սահմանադրական փոփոխությունների գործը գլուխ բերելու համար, այլ ոչ թե որ ինքը Սերժ Սարգսյանի աչքի լույսն է։ Ճիշտ հակառակը՝ Սարգսյանը Աբրահամյանին օգտագործելուց հետո պլանավորել է ձերբազատվել նրանից։ Դա հասկանալու համար այնքան էլ շատ խելք պետք չէ։

Հրե՛ն, ոստիկանների հետ բռնոցի–պպզոցի խաղացող «քաղաքացիական» որոշ դիշովկեք հոսանքի թանկացման համար մեղադրում են Կառավարությանը։ Ճիշտ է, այդ «ակԾիվիստները» նաև Սերժի անունն են տալիս, բայց դե, դա ժանրի կանոնների մեջ է մտնում։

Գեղամյանն էլ էր Սերժին քննադատում, բայց նրա հիմնական գործը ՀՀԿ ղեկավարի մատնանշած մարդկանց զուգահեռաբար քննադատելն էր, ինչն էլ հաճույքով անում էր Գեղամյանը, և հիմա նույն բանը նույն հաճույքով անում են վաղինակշուշանյանները, մաքսիմները և մյուս երիտհաճախորդները, որոնց քսի են տվել Հովիկի վրա։

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը թող շատ չուրախանա Պարսկաստանի «գիծը» սեփականաշնորհելու փաստով։ Սահմանադրական փոփոխություններն անցնեն–չանցնեն՝ ինքը, միևնույն է, խաղից դուրս է մնալու։

Այս խորագրի վերջին նյութերը