Մեկնաբանություն

12.09.2015 11:05


Փոխե՛ք ռեժիսորին, սցենարիստին ու դերասաններին

Փոխե՛ք ռեժիսորին, սցենարիստին ու դերասաններին

Տխրահռչակ «Օպերա» օպերացիայի ժամանակ «պայթած» ու բացահայտված դեմքերը կրկին «հուժկու» քայլի գնացին։ Պահանջեցին չեղարկել հոսանքի թանկացման որոշումը և ոստիկանների օգնությամբ ցրվեցին տներով (ժանրի կանոնը դա է պահանջում)։ Սրանց, փաստորեն, Հայաստանում միայն 6,93 դրամի հարցն է հուզում։ Ա՛յ, որ դա չլինի, ամեն ինչ տեղը կընկնի։

Երեկ երեկոյան Բաղրամյան փողոցը փակվեց։ Նույն տեղում, ինչ որ ամռանը։ Կավիճով գծված էր, թե ով որտեղ պետք է կանգնի։ Արևածաղիկ վաճառողները բերվել էին մարտական վիճակի։

Ամեն մեկն իր գործն էր անում։ Ոստիկանները «պատ կազմել» էին բեմադրում, իսկ ցուցարարները՝ պահանջատիրություն։ Ոստիկանների և ցուցարարների քանակային հարաբերակցությունը մեկը տասի էր։ Պատկերավոր ասած՝ մի քանի հազար ոստիկան «պահում» էր մի քանի հարյուր «ակԾիվիստի»։ Վերջիններիս մեջ, անշո՛ւշտ, անկեղծ ու ազնիվ շատ մարդիկ կան, բայց դա տվյալ դեպքում էական չէ։ Էականն այն է, որ մի քանի երիտհաճախորդի նորից «տռաս են հանել» ու պայքարիստի դերակատարում տվել։

Երեկ տեղի ունեցածը պատմության կրկնություն էր, բայց ֆարսի տեսքով։ Պուպուշ «քաղաքացիականները» մի քիչ կանգնեցին ու հետո հերոսաբար զիջեցին Բաղրամյանը, որն այնքան հեշտորեն «գրավել» էին՝ ոստիկանության «հուսահատ» դիմադրության արդյունքում։

Դատելով ամենից՝ այս կլոունադայի ռեժիսորն ու սցենարիստը ստեղծագործական մտքի անկման մեջ են կամ էլ ալարում են նոր բան մտածել։ Արդյունքում՝ ամեն ինչ գրեթե նույնն է, բայց չկան էմոցիա և էքսպրեսիա։

Չկա նախկին էնտուզիազմը։ Չկա «Ես Վովա Գասպրյանն եմ» գոռացող Վովա Գասպարյանը։ Չկա «կենդանաբանական» պատը, որի մասը կազմած շատերին Բաղրամյան փողոցի սկզբնամասում «ուչեբկա» անցկացնելուց հետո ուղարկել են Բաղրամյան 26՝ ֆոտոսեսիայի։

Չկային նաև պետական հիմնարկներից ուղարկվածները, որոնք պետք է մարդաքանակ ապահովեին։ Չկային իշխանավորներին պատկանող բիզնեսներում ներգրավված աշխատողները, որոնք երևի պետականորեն տոնական օրվա վերածված մեռելոցին ընդառաջ՝ տանն էին մնացել (ակտիվանալու, ծափ–ծլնգոց անելու հրահանգ չկար)։

Միակ բանը, որ անփոփոխ էր մնացել Բաղրամյան փողոցում, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր, ով դարձել է նմանատիպ միջոցառումների հիմնական «ռուպոր»–ը, ես կասեի՝ առաջնորդը։ Միայն նրա ձայնն է լսվում, ու դեմքը ցուցադրվում։ Դե, իսկ «քաղաքացիականներին» «ռասկրուտկա են անում» խիստ անկախ և աներկբայորեն արևմտամետ կայքերում։

Տեսարանն, իհա՛րկե, ձանձրալի է։ Մեքսիկական էժանագին սերիալի էլ չի ձգում։

Փոխե՛ք ռեժիսորին, սցենարիստին ու դերասաններին։ Մանավանդ որ Մոսկվայում արդեն նմանատիպ «կտեր» չեն ուտում, իսկ ժողովուրդը թքած ունի ամեն ինչի վրա և ոտքի կկանգնի միայն շատ կոնկրետ ու միակ օրակարգի դեպքում։ Դե՛, գիտեք, թե որ օրակարգի մասին է խոսքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը