Մեկնաբանություն

12.09.2015 10:15


«Մարդակենտրոն» զսպվածության հնարավոր հետևանքները

«Մարդակենտրոն» զսպվածության հնարավոր հետևանքները

Իշխանությունը սահմանադրական չակերտավոր բարեփոխումների թեմայով «ոչ»-ականներին հակառակն ապացուցելու հարցում լրիվ մոլորվել է:

Տարբեր իշխանական գործիչների հայտարարություններում հակասություններն ակնհայտ են: Սրանք մի կողմից հայտարարում են, թե նոր Սահմանադրության մեջ ամրագրել ենք «կայուն խորհրդարանական մեծամասնության» մասին դրույթը, որպեսզի երկրում բացառենք անկայուն իրավիճակի հնարավորությունը (դե՛, գերեզմանոց սարքեն, էլի՛): Իսկ հիմա էլ, փորձելով ցրել հանրության կասկածներն առ այն, որ նոր Սահմանադրությամբ գործող իշխանությունն իր վերարտադրությունն է ապահովում, իշխանական գործիչները ասում են, թե նման բան չկա. այս նախագիծը թույլ է տալիս ամեն օր իշխանություն փոխել: Եթե այդպես է, ապա էլ ո՞ւր մնաց անկայուն իրավիճակի բացառումը, երբ ամեն օր իշխանություն փոխելու հնարավորության դեպքում երկիրը հայտնվելու է անկայունից ավելի բեթար վիճակում:

Իսկապես, իշխանական գործիչներն էլ են շփոթվել ու արդեն չգիտեն, թե ոնց խաբեն հանրությանը` Սերժ Սարգսյանի հեղինակային նախագծի «դրական կողմերը» քարոզելու ընթացքում:

Նույն այդ քարոզի շրջանակներում իշխանության կողմից անընդմեջ հնչում են տեսակետներ, թե, իբր, նոր Սահմանադրությամբ բարելավվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը: Սակայն Սերժ Սարգսյանի գրիչը հանդիսացող Գագիկ Հարությունյանը նախագծում ամրագրել է դրույթ, ըստ որի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (նաեւ՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ) իր գործունեությունն իրականացնելիս պարտավոր է «քաղաքական զսպվածություն» դրսեւորել: Սրանով հօդս են ցնդում մարդու իրավունքների բարելավման մասին պնդումները (այդ բարելավումը վերաբերում են միայն լիսկաներին):

Մարդու իրավունքների խնդիրն անմիջականորեն առնչվում է երկրում վարվող ներքին քաղաքականությանը: Հետեւաբար, այս կամ այն քաղաքացու ոտնահարված իրավունքները պաշտպանելու, այլակարծության նկատմամբ բացահայտ անհանդուրժողականության դրսեւորումներն ուսումնասիրելու կամ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձի մասին դիրքորոշում հայտնելու ժամանակ օմբուդսմենը չի կարող լեզուն կծել ու «քաղաքական զսպվածություն» դրսեւորել: Ինչպես մինչ օրս վարվում է ՀՀԿ-ի ընտրյալ Կարեն Անդրեասյանը: Ու նրա այս կեցվածքն էլ այժմ փորձում են օրինականացնել, դարձնել սահմանադրական նորմ:

Սա միայն օմբուդսմենի հարցը չէ:

«Քաղաքական զսպվածություն» է պահանջվում ողջ ժողովրդից: Սահմանադրորեն: Ասվում է` գլուխներդ կախ «ոչխարի» պես ապրեք (ի դեպ, 2015-ը ոչխարի տարի է): Բայց, միաժամանակ, տարփողում են մարդու իրավունքների բարելավման հարցերը, որոնք, իբր, նոր Սահմանադրության մեջ կարեւոր տեղ են գրավում: Բայց դե, ոչխարները նաեւ կատաղելու սովորություն ունեն:

Նոր Սահմանադրության հեղինակը թող վախենա կատաղած «ոչխարներից»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը