Հարցազրույց

11.09.2015 13:30


Ա. Նիկողոսյան. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օգտակար է, իսկ Մոսկվայինը՝ միջամտությո՞ւն»

Ա. Նիկողոսյան. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օգտակար է, իսկ Մոսկվայինը՝ միջամտությո՞ւն»

Մամուլում կարծիքներ են հնչում, թե ՌԴ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին, և ամենաբարձր մակարդակով համոզել է Սերժ Սարգսյանին՝ հրաժարվելու Սահմանադրությունը փոխելու մտքից: Թեմայի շուրջ զրուցել ենք «Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի» գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի հետ:

-Պարո՛ն Նիկողոսյան, ըստ Ձեզ կամ Ձեր ունեցած տեղեկություններով՝ դե՞մ է արդյոք պաշտոնական Մոսկվան սահմանադրական փոփոխություններին. եթե այո, ապա ինչո՞ւ:

-Հայաստանն ինքնիշխան պետություն է, իսկ սահմանադրության փոփոխությունը՝ նրա ներքին գործը, ուստի չեմ կարծում, որ ՌԴ ղեկավար շրջանակների կողմից որևէ ցանկություն կա մեր ներքին գործերին միջամտելու: Բայց ամենևին միջամտություն չեմ համարում, երբ ՌԴ-ն, ունենալով փորձառու սահմանադրագետներ, որոնք կարող են լուրջ իրավական աջակցություն ցուցաբերել մշակվող փաստաթուղթն ավելի որակյալ դարձնելու գործում, առաջարկի իր օգնությունը: Տեսեք՝ ինչպիսի ծավալուն միջամտություն է ունեցել Սահմանադրության նախագծի մշակման գործում Վենետիկի հանձնաժողովը, եվրոպական տարբեր կառույցներ իրենց կարծիքներն են հնչեցրել, ինչո՞ւ չի կարող մեր ռազմավարական գործընկերը կարծիք հայտնել: Գիտենք, չէ՞, թե քանի միլիոն հայ կա ՌԴ-ում, որոնք պակաս մտահոգված չեն մեր երկրի ապագայով: Էլ չեմ խոսում Ռուսաստանում ապրող ու աշխատող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների մասին: Իսկ քանի որ նրանք օտարված են գործընթացից ու իրենց կարծիքներն անտեսված, անհանգստություն ունեն այն առումով, թե ինչ է կատարվում Սահմանադրության փոփոխության հարցում մեր երկրում: Ուստի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ առաջիկայում ոչ միայն ՌԴ անվանի իրավաբանները ներգրավվեն այդ փաստաթղթի քննարկման գործին, այլև Ռուսաստանի հայկական տարբեր կառույցներ, որոնց մասնակցությունն ու հնչեցրած տեսակետները կփարատեն ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների կասկածները, թե ՀՀ-ում ամեն գնով անցկացնելու են սահմանադրական հանրաքվեն, և որ կարող է ընդունվել մեր ազգի ու պետության շահերին մեծապես հակասող փաստաթուղթ: Առավել ևս, որ թեպետ տարբեր կուսակցությունների ղեկավարներ, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, իրենց դրական գնահատականներն են հնչեցնում, բայց, ինչպես տեսնում ենք, սահմանադրական փոփոխությունները դեռ հասարակական լայն աջակցություն չունեն, ու եթե ժողովրդի կարծիքն անտեսվի, դժվար թե նման աջակցություն լինի հետագայում:

Հարկ է նշել, որ ՀՀ որոշ շրջանակներ տարածում են կարծիքներ, թե Սահմանադրությունը փոխելուց հետո պետք է վերանայվեն ՌԴ-ի հետ կնքված երկարաժամկետ պայմանագրերը, հանվեն ռուսական զորքերը Հայաստանից, դադարեցվի ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ-ին: Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե ցանկանում ես Սահմանադրությունը փոխելու միջոցով վերանայել երկարաժամկետ պայմանագրերը, որոնցից վաղաժամկետ հրաժարվել չես կարող, կնշանակի՝ արդեն դրանով սահմանադրական փոփոխության հարցը ներպետական խնդրից հանում ես միջազգային ասպարեզ: Ուստի, բնական է, որ ՌԴ-ն պետք է փորձի պաշտպանել իր կենսական շահերը, կամ առնվազն հավաստիացում ստանա իր ռազմավարական գործընկերոջից, որ միակողմանիորեն չեն վերանայվելու երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

-Նման կարծիքների մենք էլ ենք հանդիպում, բայց մի՞թե դրանք այդքան սուր են ընկալվում ՌԴ ղեկավար շրջանակներում:

-Մեկ այլ պարագայում գուցե ոչ այդքան, բայց այժմ ՌԴ-ն հակամարտության մեջ է Արևմուտքի հետ և ավելի ցավոտ է ընդունում, երբ տեսակետներ են հնչում, թե Արևմուտքի աջակցությամբ կփոխեն Սահմանադրությունն ու ՌԴ-ին կհանեն ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանից: Իսկ երեկ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը ՌԴ նախագահին մեդարում էր հերթական ավանտյուրայի մեջ, թե նա է Ադրբեջանին հորդորել գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել մեր հայրենակիցներին, որպեսզի ցույց տա, թե իր միջամտությունից հետո տեսեք, թե ինչպես լարվածությունը թուլացավ հայ-ադրբեջանական սահմանին: Այսինքն, մի կողմից մեր պետության անվտանգությունը պայմանագրով հանձնում ենք ՌԴ-ին, իսկ մյուս կողմից Ռուսաստանի նախագահին մեղադրում մեր թշնամու հետ գործարքի գնալու ու մեր բնակավայրերի վրա հարձակում կազմակերպելու մե՞ջ: Երբ աշխարհի ամենահզոր պետություններից մեկի ղեկավարին, ով վայելում է իր երկրի քաղաքացիների (այդ թվում նաև՝ միլիոնավոր հայերի) բացարձակ մեծամասնության վստահությունը, նման ծանր մեղադրանք են առաջադրում, փաստեր ունե՞ն: Մշտապես կարծիքներ են հնչում, թե պետք է վերացնել ՌԴ-ի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական ներկայությունը մեր երկրում: Բայց այդ բոլոր հարցերը կարգավորված են հայ-ռուսական միջպետական պայմանագրերով, ու երբ փորձ է արվում մեզանում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ ձևավորել, արդյունքում ռուսական շրջանակներում մեզ դիտարկում են որպես անհուսալի գործընկեր: Ու զարմանում ենք, որ կարող է ՌԴ-ն իր շահերը պաշտպանելու համար միջամտել մեր երկրի ներքին գործերին: Կարծում եմ՝ որոշ ուժեր դիտավորյալ են դրդում ՌԴ-ին ՀՀ-ի հանդեպ կոշտ հակազդեցության, որպեսզի արդարացնեն Արևմուտքի հետ իրենց սիրախաղերը, այն էլ այս վտանգավոր ժամանակներում, երբ Արևմուտք-ՌԴ հակամարտությունն, ընդլայնելով աշխարհագրությունը, արդեն ներթափանցել է մեր տարածաշրջան:

Դե ինչպես չասես՝ բարեկամ Ռուսաստանին թշնամի եք դարձնում, որ ի՞նչ անեք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը