Աշխարհ

10.09.2015 11:01


Լ. Ֆաբիուս. «Սիրիայում ռուս զինվորականների ներկայության մասին լուրերը բարդացրել են հակամարտության լուծումը»

Լ. Ֆաբիուս. «Սիրիայում ռուս զինվորականների ներկայության մասին լուրերը բարդացրել են հակամարտության լուծումը»

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնելու նպատակով ՌԴ կողմից այդ երկիր զինծառայողներ ուղարկելու մասին հաղորդագրությունները բարդացրել են հակամարտության քաղաքական լուծման որոնումը։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

«ՄԱԿ գլխավոր ասամբլեան կարող է սեպտեմբերի վերջին դառնալ քննարկումների վայր, բայց դա բարդանում է, քանի որ ՌԴ–ն, հնարավոր է, նոր զորքեր ուղարկած լինի Սիրիա»,–ասել է նախարարը։

Եվրոպացի գործիչը նշել է, որ «Ֆրանսիան կրկնապատկում է իր դիվանագիտական ջանքերը 21–րդ դարասկզբի մեծագույն ողբերգություններից մեկին՝ սիրիական դրամային վերջ դնելու համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն էր ասել, որ մտահոգված է Սիրիայում ՌԴ ռազմական ներկայությամբ։

«Reuters»–ն էլ, լիբանանյան աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ ռուսական զորքերը մասնակցում են Սիրիայի ռազմական գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը