Լրահոս

17.11.2009 16:05


Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ Կարապետ Ռուբինյանը կտրված է շարժումից, Վահան Շիրխանյանն էլ ինքնագնահատական է տվել

Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ Կարապետ Ռուբինյանը կտրված է շարժումից, Վահան Շիրխանյանն էլ ինքնագնահատական է տվել

-Չեմ հասկանում՝ Կարապետ Ռուբինյանն ինչպես է նման եզրակացության հանգել,- «7օր»-ին ասել է «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանի այն հայտարարությունը, որ այս պահին ՀԱԿ-ը դադարեցրել է իր պայքարը։

-Կարապետ Ռուբինյանը հիմա ընդհանրապես մի քիչ կտրված է շարժումից, որովհետև կենտրոնական գրասենյակում, բոլոր մեր շտաբներում ակտիվ աշխատանք է գնում՝ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, և քաղաքական աշխատանքն ամենաակտիվ կերպով շարունակվում է։ Մենք նաև ամրապնդում և լայնացնում ենք «Հայ ազգային կոնգրեսի» և՛ կարողությունները, և՛ կառույցները,- շարունակել է Լ. Զուրաբյանը՝ նշելով, որ այդ աշխատանքներն ուղղված են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

ՀԱԿ մեկ այլ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանն էլ նախօրեին «7օր»-ին ասել էր, որ եթե օգոստոսի 31-ից հետո՝ սեպտեմբերի 1-2-ին, ընդդիմությունը կոչ աներ և ժողովրդին հաներ փողոց ու փողոցում պահեր մի քանի օր, նախ՝ այս արձանագրությունները չէին ստորագրվի, և հետո՝ հնարավոր կլիներ հասնել արտահերթ ընտրությունների։

«Բայց դա չարվեց։ Արվեց ուղիղ հակառակը, և այսօր ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն ի վիճակի է հասնել արտահերթ ընտրությունների»,- նշել էր Վ. Շիրխանյանը։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀԱԿ համակարգողն ասել է.

-Վահան Շիրխանյանն այս ընդդիմության մաս կազմո՞ւմ է։ Կազմո՛ւմ է։ Ինքը հնարավորություն ո՞ւնի առաջարկներով,  ծրագրերով ներկայանալու։ Ունի՛։ Ուրեմն եթե որևէ դժգոհություն կա այսօվա ընդդիմության գործունեությունից, առաջին հերթին ինքնագնահատական է Վահան Շիրխանյանի կողմից։

Լ. Զուրաբյանը նաև հավելել է, որ ոչ ոք չի խանգարում «Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող ուժերին գործել ինքնուրույն.

-Եթե Կոնգրեսի մաս կազմող որոշ ուժեր համարում են, որ կա ավելի ճիշտ ռազմավարություն, ոչ ոք չի խանգարում նրանց այդ ռազմավարությունն իրագործել։ Անգամ այդ փորձերը եղան նրանց կողմից, բայց արդեն հենց այդ ակցիաների սակավամարդությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, թեկուզ անգամ ժողովրդի ակտիվ մասնակցության առումով Կոնգրեսի ընտրված համատեղ ակցիաների ռազմավարությունն ավելի ճիշտ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը