Մեկնաբանություն

10.09.2015 08:05


Փնտրվում է «հայկական Սոլովյով»

Փնտրվում է «հայկական Սոլովյով»

Հանրային հեռուստաընկերությունը երեք տարի չի կարողանում «հայկական Սոլովյով» գտնել, որպեսզի հասարակական-քաղաքական բնույթի հաղորդում եթեր հեռարձակի: Այս մասին իմացանք ԱԺ մշտական հանձնաժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի` Հանրայինի մասին 2014-ի հաղուրդումը ներկայացնելու ժամանակ:

Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին՝ Ջաղինյանն ասաց՝ դեռ տքնում են, որ կարողանան նման հաղորդում պատրաստել, եւ ամենակարեւորը` չեն գտնում «հայկական Սոլովյովին»:

Ջաղինյանը նաեւ հայտարարեց, թե քաղաքական հաղորդումը, հավանաբար, եթերում կլինի նոյեմբերին: Այնինչ, դեռ 3 տարի առաջ էր այդ հարցով իրեն հանդիպած պատգամավորների խմբին խոստացել, որ հաղորդումը 3-4 ամսից կլինի: Բայց դե, խելքը հո հացի հետ չէ՞ր կերել, կամ իրեն ո՞վ թույլ կտար, որ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական «մենամարտ» ցուցադրեր եթերում: Սակայն զարմանալին պատգամավորների առաջարկն է: Կարծես՝ չգիտեն, թե ով է նստած Բաղրամյան 26-ում, եւ ինչպիսին է նրա մոտեցումը մասմեդիային:

Եթե Սերժ Սարգսյանը 6 տարվա մեջ ընդամենը մեկ ասուլիս է հրավիրել` հատուկ ընտրված լրատվամիջոցների մասնակցությամբ եւ նախապես հանձնարարված հարցերով, ավելին` այդ ասուլիսն էլ եթեր է գնացել հաջորդ օրը` մի լավ «չիստկա անելուց» հետո (թեեւ դա էլ չփրկեց ասուլիս հրավիրողին), ապա ի՞նչ քաղաքական բանավիճային հաղորդման մասին կարող է խոսք լինել:

Սերժ Սարգսյանը բնույթով այլակարծությունը մերժող տեսակ է, ով, սակայն, բոլոր ամբիոններից կարող է հայտարարել, թե Հայաստանում խոսքի ազատություն կա: Ճիշտ բոլշեւիկյան մեթոդ ու մոտեցում:

Եթե նույն Հանրայինում տարբեր հաղորդումների հեղինակներն ու վարողները երբեք սուր հարցեր չեն տալիս, իսկ հյուրերն էլ երբեք չեն շեղվում ու մնում են անշառ-անվնաս խոսք ու զրույցի շրջանակներում, ապա ինչպե՞ս է հնարավոր քաղաքական թեժ բանավեճեր ենթադրող հաղորդման գոյությունն այդ եթերում: Ինչ «հայկական Սոլովյով», ինչ բան: Ա՛յ, «հայկական Կիսելյովը»՝ ուրիշ: Գա, խորհրդարանը մի բոլ քծնի նրան, բոլոր ալիքները ցույց տան եւ վերջ:

Հիմա էլ քիչ հավանական է, որ Ջաղինյանը հերթական խոստումը կատարի: Թեպետ, չի բացառվում, որ նման հաղորդում (թույլ դոզայով եւ հատուկ ընտրված` «խելոք ու զուսպ» բանավիճային կողմերի մասնակցությամբ), ի վերջո, եթերում տեսնենք: Բայց դա կլինի սահմանադրական հանրաքվեից հետո: Իսկ ավելի լավ է՝ չտեսնենք: Այն հույսով, որ կկարողանանք հասնել հանրաքվեի տապալմանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը