Մեկնաբանություն

09.09.2015 09:45


Ում է ձեռնտու պատերազմը

Ում է ձեռնտու պատերազմը

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, պատկերավոր ասած, մի տնից չեն, բայց գրեթե մի հալի են։

Երկուսն էլ վախենում են պատերազմից, քանզի գիտեն, որ ոչ ցանկալի սցենարի դեպքում կարող են զրկվել իշխանությունից և ոչ միայն իշխանությունից։

Վախենում են, բայց պարադոքսն այն է, որ երկուսին էլ պատերազմը կամ առնվազն պատերազմի մասին ինտենսիվ խոսակցությունները պետք են։

Բանն այն է, որ Սարգսյանը գնում է «սահմանադրական» հեղաշրջման, ու նրան հիմա չէր խանգարի փոքրիկ հաղթողական պատերազմը։ Սարգսյանին չէր խանգարի նաև պատերազմի «բոբոյով» հանրությանը վախեցնելն ու հնարավոր փողոցային զարգացումներից հետ պահելը։

ՀՀԿ ղեկավարը շատ լավ հասկանում է, որ առանց մեծ կեղծիքների՝ հնարավոր չի լինելու անցկացնել նոր Սահմանադրությունը։ Նա նաև հասկանում է, որ ֆոտոսեսիաները ոչ մի նշանակություն չունեն, և դրանք ընդամենը դրսի համար «քաղաքական լայն կոնսոլիդացիա» անունը կրող բեմադրություն են, որտեղ Բաղրամյան 26 այցելած «ընդդիմադիրներին» վերապահված են դեկորատիվ դերեր։

Սարգսյանը մտահոգված է անկառավարելի զարգացումներով ու դրա համար դեմ չի լինի պատերազմին, որպեսզի երկրի ներսում կարողանա «հիմնավորել» կեղծիքները և զսպել ընդվզումը։ Բայց դե, մյուս կողմից էլ, նա հասկանում է, որ փոքրիկ պատերազմը կարող է վերաճել մեծի, իսկ դա էլ իր հերթին անկանխատեսելի զարգացումների աղբյուր կարող է դառնալ։

Ահա այսպիսի երկատված վիճակում է գտնվում Ս. Սարգսյանը։

Նույն օրին է նրա գործընկերը՝ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանում տնտեսական կոլապս է։ Մանաթն արժեզրկվում է սրընթաց տեմպերով, տնտեսությունը փլուզվում է «հակաօլիգարխիկ» պայքարի արդյունքում, Արևմուտքը սպառնում է պատժել Ալիևին, իսկ ռուսներն էլ մուկ ու կատու են խաղում Ադրբեջանի նախագահի հետ։

Ալիևին, ինչպես Սարգսյանին, այդ պայմաններում չէր խանգարի ռազմական, թեկուզև փոքրիկ հաջողությունը Ղարաբաղի կամ Հայաստանի ուղղությամբ, սակայն նա վախենում է թարս բուսնելու հակում ունեցող խիարից։

Սարգսյանի ու Ալիևի այս երկատված վիճակն էլ պատճառ է դարձել Տավուշի մարզում հնչող կրակոցների։ Թե ինչով կավարտվի այս ամենը, կերևա առաջիկա շաբաթների ընթացքում։

Մեկ բան ակնհայտ է՝ Ղարաբաղի շուրջ գործընթացները մտել են կուլիսային ակտիվ բանակցությունների փուլ։ Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան ոչ սիրային եռանկյունու ներսում ամեն մեկը փորձում է իր շահն առաջ տանել։ Ցավալին այն է, որ Սերժ Սարգսյանի անձնական շահը մշտապես հակասության մեջ է մտնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հետ։ Պարզապես բախտներս բերում է, որ Իլհամն է ախմախագույն կերպար, բայց դե, ինչքա՞ն կարելի է հույս դնել թշնամի պետության ղեկավարի էշության վրա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը