Հարցազրույց

08.09.2015 19:25


Արամ Հարությունյան. «Այսօր օրակարգում մե՛կ հարց կա»

Արամ Հարությունյան. «Այսօր օրակարգում մե՛կ հարց կա»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական այսօրվա իրավիճակը՝ ի՞նչ եք կարծում՝ իշխանությանը կհաջողվի՞ անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

–Համոզված եմ, որ այն քաղաքական ուժերը, քաղաքական և հասարակական գործիչները, որոնք սկզբունքային էին, եթե կարողանան «ոչ»–ի հստակ խնդիրը դնել և մոբիլիզացնել ժողովրդին, ապա իշխանությանը չի հաջողվի անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Իշխանությունը «մերկացավ», և ակնհայտ երևում է, որ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը Սերժ Սարգսյանի նախաձեռնած իշխանապահության քարտեզն է, և ամեն կերպ պետք է պատռել այդ քարտեզը։ Համոզված եմ, որ քաղաքական ուժերին կհաջողվի դա անել։

–Ի՞նչ է անհրաժեշտ այդ «իշխանապահության քարտեզը» պատռելու համար։

–Նախ՝ աշխատանք ժողովրդի հետ։ Եվ հետո պետք է ամբիցիաները մի կողմ դնել և միավորվել, դեպի կեղծ թիրախներ չշեղվել։ Այսօր օրակարգային միայն մեկ խնդիր կա՝ «ո՛չ» սահմանադրական փոփոխություններին։ Մնացած հարցերը երկրորդական են և շեղելու համար են։

–Ասում եք՝ հասարակական–քաղաքական հատվածը պետք է միավորվի։ Իսկ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի՞։

–Դա նույնպես կախված է քաղաքական ուժերից։ Ուղղակի պետք է բացատրել և մոբիլիզացնելու քայլեր ձեռնարկել։ Պետք է կարողանալ ժողովրդին այնքան հստակ բացատրել, թե ինչ կկատարվի, եթե այդ սահմանադրական փոփոխություններն ընդունվեն։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ պարագայում իր ապագան շատ ավելի սարսափելի կլինի։ Կան նաև քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր «միամիտ ձևով» տարբեր խնդիրներ են առաջ քաշում և փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը։ Ազնիվ քյարփինջներ են, թե պատվեր են կատարում, դա այլ հարց է, բայց պետք է այդ ամենից զերծ մնալ։ Խնդիրը հստակ է. այսօր օրակարգում մե՛կ հարց կա՝ «ո՛չ» սահմանադրական փոփոխություններին, ինչը նշանակում է «ո՛չ» Սերժ Սարգսյանին, ինչն իր հերթին նշանակում է Հայաստանի համար ճանապարհ դեպի անվտանգ ապագա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը