Լրահոս

17.11.2009 15:27


Հայ–թուրքական սահմանի բացումով վտանգվո՞ւմ է Արցախը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո մենք ականատես կլինենք նաև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը։ Նրա խոսքերով, սակայն, այդ սահմանի բացման պայմանները, ցավոք, լինելու են ի վնաս Հայաստանի, և զիջումը լինելու է շատ մեծ, քանի որ այսօր գործում են մադրիդյան սկզբունքները։

Ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ նույնիսկ Լևոն-Տեր Պետրոսյանն այն աստիճան է վստահ, թե ազատագրված տարածքները կհանձնվեն, որ իր վերջին ելույթի ժամանակ խոսել է ոչ թե ազատագրված  տարածքները պահպանելու, այլ ընդամենը Լաչինի միջանցքի չափսերի մասին։ Նա համոզմունք է հայտնել, որ մի բան է, երբ ճանապարհների համար բարձր գին ես վճարում, ինչը կարող է  ժամանակավոր բնույթ կրել, մեկ այլ բան է, երբ այդ ճանապարհի համար զիջում ես քո հայրենի տարածքները, և որ Արցախում հանուն կասկածելի ճանապարհների զիջումներ կատարելը նշանակում է վտանգի տակ դնել ոչ միայն Արցախը, այլև ողջ հայոց պետականությունը։

-Ցավոք, այստեղ մեր իշխանություններն իրենց կամքով չէ, որ շարժվում են, ինչը վերաբերում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցին,-ասել է նա։

Այն հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավոր է դիմակայել դրան, Հայկազուն Ալվրցյանն ասել է, թե վստահ է, որ հնարավոր է, եթե ունենան այդ կամքը։

-Ոչ ոք չի կարող պարտադրել մի բան, եթե դա հակառակ է ժողովրդի կամքին,-նշել է նա։

Ըստ նրա՝ քանի որ թուրքական կողմը սահմանների բացման հարցով նախապայման է դնում՝ արցախյան հարցի լուծումը հօգուտ Ադրբեջանի, սա նշանակում  է, որ այդ պայմանները լի են վտանգներով։ Սակայն նա հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական վտանգները տեսնող ուժեր Հայաստանում դեռ կան և կկարողանան այս ամենի դեմն առնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը