Մեկնաբանություն

08.09.2015 09:15


Ի՞նչ պատկեր կլինի ապագա խորհրդարանում

Ի՞նչ պատկեր կլինի ապագա խորհրդարանում

Իշխանական գործիչները իրար հետեւից խոսում են նոր Սահմանադրության առավելությունների մասին՝ հայտարարելով, թե գործող Սահմանադրության համեմատ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծում լիքը պուպուշ բաներ են ամրագրված: Ու զարմանում են, թե ինչու են առանձին ուժեր ու գործիչներ ընդդիմանում դրան:

Թվարկելով «առավելությունները»՝ իշխանությունն ընդգծում է ընդդիմությանը տրվող «լայն իրավունքների եւ լիազորությունների» դրույթը, որն ամրագրվել է նոր Սահմանդրության մեջ։

«Ընդդիմադիրները կերազեին նման իրավունքների մասին»,- հայտարարում են իշխանական գործիչները:

Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը, որը հրաշքով տեղ է գրավելու հաջորդ խորհրդարանում:

Վերջին օրերին տեսանք, թե «ընդդիմադիր» քաղաքական ուժերն ինչպես էին հերթ կանգնել, որպեսզի մտնեն Բաղրամյան 26 եւ իրենց աջակցությունը հայտնեն Սերժ Սարգսյանի հեղինակային նախագծին: Ընդ որում՝ մի մասը վճռականորեն է պաշտպանում այդ խայտառակ «բարեփոխումները», մի մասն էլ կիսավճռականորեն, թե, իբր, «դեռ քննարկում ենք»: Իրականում երկրորդ խումբը ձեւեր է թափում. այդ ուժերն էլ են «այո» ասում Սերժ Սարգսյանի ցմահ իշխելուն:

Առայժմ միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են համառում եւ հայտարարում, որ կտրականապես դեմ են սահմանադրական փոփոխություններին: Պարզ է, եթե մինչեւ վերջ մնան «ոչ»-ի ճակատում, ապա ըստ իշխանությունների նախագծած սցենարի՝ նրանք մանդատների մասին պետք է մոռանան: Այսինքն՝ 2017-ին տեղեր չպետք է ունենան խորհրդարանում:

Ուրեմն, այդ ի՞նչ ընդդիմություն է լինելու հաջորդ խորհրդարանում, որ իշխանությունն էլ այսօր հպարտությամբ թմբկահարում է ընդդիմությանը տրվող իրավունքների ու լիազորությունների մասին:

Ակնհայտ է, որ 2017-ի խորհրդարանում փորձելու են արհեստականորեն ձեւավորել ձեռնասուն «ընդդիմություն» այն ուժերից, որոնք վերջին օրերին աճապարեցին պալատ, մասնակցեցին «ձեռքսեղմումների» բեմադրությանը, նկարվեցին ու երջանիկ հեռացան: Հետեւաբար, «ընդդիմության» իրավունքներն ու լիազորություններն էլ են պատկանում իշխանությանը: Ճիշտ բրեժնեւյան Գերագույն խորհրդի պատկերն է լինելու: Դա՛ է իրենց ծրագիրը։ Այդ ծրագրի դեմ հակածրագիր հանրությանը ներկայացնելն ու իրականացնելը դառնում է քաղաքական օրակարգի թիվ մեկ կետը։

Թե ինչ պատկեր կլինի ապագա խորհրդարանում, կախված է յուրաքանչյուրիցս։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը